Գլխավոր էջ » 2018 » September » 17 » Խուզարկել են նաև yerevan.today-ի սեփականատիրոջ բնակարանը 168.am
3:25 PM
Խուզարկել են նաև yerevan.today-ի սեփականատիրոջ բնակարանը 168.am

168.am-ը գրում է.   

 

Առավոտյան 8:30-ից yerevan.today լրատվական կայքէջի խմբագրության գրասենյակումՀՀ ոստիկանության 6-րդ վարչության և Քննչական կոմիտեի աշխատակիցների կողմից սկսված  խուզարկությունը շարունակվում է։

Լուսաբանելու համար դեպքի վայրում են այլ լրատվամիջոցների ներկայացուցիչները։ yerevan.today-ի գրասենյակը գտնվում է «Էրեբունի պլազա» հյուրանոցային համալիրի գրասենյակային հատվածում, որի 6-րդ հարկում է գտնվում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը։ Ի դեպ, yerevan.today-ը կապվում է Ռոբերտ Քոչարյանի անվան հետ, որտեղ էլ ժամանակ առ ժամանակ հարցազրույցներ են տպագրվում նրա հետ:

Խուզարկում են ողջ գրասենյակը, համակարգիչները՝ հույսով, որ կհայտնաբերեն գաղտնալսման ձայնագրության բնօրինակը։ Նաև փորձում են պարզել, թե ինչպե՞ս է կայքէջը ստացել և հրապարակել ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցի գաղտնալսման youtube-յան լինքը, որը տարածվել էր բոլոր լրատվամիջոցներով։

Պարզվում է՝ մինչ այդ խուզարկություն է կատարվել նաև կայքի սեփականատիրոջ բնակարանում, և, նախնական տեղեկություններով, որևէ բան չի հայտնաբերվել։

Կայքի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանի հետ հնարավոր չէ կապ հաստատել. առավոտյան նրան 6-րդ վարչության և Քննչական կոմիտեի աշխատակիցները թույլ չէին տալիս պատասխանել հեռախոսազանգերին, իսկ այս պահին նրա հեռախոսն անջատված է։

Հիշեցնենք, որ օրեր առաջ yerevan.today-ը գաղտնալսման ձայնագրության հրապարակման մասին հայտարարություն էր տարածել, որում ասվում էր.

«Yerevan.Today-ի հարգելի այցելուներ, համացանցում տարածվել է տեղեկություն, թե իբր մեր կայքը 2 օր առաջ տեղադրել էր ԱԱԾ և ՀՔԾ ղեկավարների հեռախոսազրույցը, իբրև թե նախօրոք իմանալով: Ցուցադրվում են ինչ-որ «ապացույցներ»: Համացանցային փորձագետներն արդեն հերքել են դա՝ նշելով, որ Google համակարգում առկա է խնդիր: Բայց միևնույն է՝ լայնորեն տարածվում է կեղծ տեղեկությունը, որը վերածվում է մեր կայքի դեմ լայն հակաքարոզչության:

Հայտնում ենք որ ձայնագրությանը տեղեկացել ենք պատահական, սեպտեմբերի 11-ին ճիշտ նույն ժամերին՝ 14:00-ի կողմերը, ինչ մեր այլ գործընկերները և համացանցից օգտվողները:

Կայքում տեղադրել ենք 15:00-ին մոտ, երբ այն արդեն լայնորեն տարածվել էր: Դրել ենք տեսանյութը սղագրելուց հետո միայն:
Ուստի խնդրում ենք ապատեղեկատվություն չտարածել:
Շնորհակալություն:

Հ.Գ. Եթե իմացել ենք ձայնագրության մասին, բա ասուլիսի մասի՞ն ոնց ենք իմացել
Ուշադիր նայեք լուսապատճենին»։

Ի դեպ,  Նիկոլ Փաշինյանին պատկանող «Հայկական Ժամանակ» օրաթերթը, որի խմբագիրը նրա կինն է՝ Աննա Հակոբյանը,  օրեր առաջ հոդված էր հրապարակել՝ պնդելով, թե  ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի գաղտնալսման ձայնագրությունը Yerevan.Today-ում և «Հրապարակ» օրաթերթում հայտնվել է մի քանի օր շուտ, քան մյուս լրատվականներում։ Այս կապակցությամբ պատասխան հոդվածով    հանդես եկավ «Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը՝ հայտարարելով՝ «եթե գաղտնալսման ձայնագրությունն ավելի վաղ ունենայինք նման տեսանյութ, ավելի վաղ կտեղադրեինք», և  կոլեգաներին խորհուրդ տալով. «Զբաղվեք ձեր գործով և մի համալրեք իշխանության օգտին և ընդդեմ մամուլի աշխատող ֆեյքերի ճամբարը՝ լրատվամիջոցին դա սազական չէ»։ 

 

Նյութի աղբյուր՝   168.am  

Կատեգորիա: Լուրեր | Դիտումներ: 187 | Ավելացրեց: arpinews | - Վարկանիշ -: 0.0/0
x
x