Գլխավոր էջ » 2018 » September » 26 » Վարչապետի մարզային այցը, որին պետք է հետևի «կադրային ջարդը». 1in.am
11:25 AM
Վարչապետի մարզային այցը, որին պետք է հետևի «կադրային ջարդը». 1in.am

1in.am-ը գրում է.   

Երևանի քաղաքապետի ընտրություններում վարչապետ Նիկոլ Փաշինյանի թիմը համոզիչ հաղթանակ տարավ,

ինչը ոգևորող է հատկապես այն առումով, որ անգամ հոռետեսներին հասկանալի դարձավ, որ հեղափոխական գործընթացներն այլևս անշրջելի են և կարելի է ավելի հանգիստ սկսել բարեփոխումները տնտեսության բոլոր ճյուղերում:

Դրա համար խթանող ազդակ էր նաև ընտրություններից ընդամենը երկու օր առաջ Նիկոլ Փաշինյանի արտաշատյան հանդիպումը, որտեղ վարչապետը լուրջ պարտություն կրեց՝ ինքն իրենից: Այն, ինչ տեղի ունեցավ Արտաշատում, սթափեցնող ազդակ կհանդիսանա հանրապետության վարչապետի համար՝ հեղափոխական կադրային քաղաքականությունից և ընդհանրապես հեղափոխականությունից ավելի կառուցողական տնտեսական քաղաքականության անցնելու առումով: Արտաշատյան հավաքի կարճ հանդիպման ժամանակ երևացին այս ամիսների ընթացքում վարչապետից ներքև, իր թիմի կողմից իրականացված քաղաքականության բազում խոցելի կողմերը: Նիկոլ Փաշինյանի ընդամենը մեկ պարզագույն հարցից՝ «մարզի տարածքում որքա՞ն կաթիլային ոռոգվող հողատարածք կա», վեր հառնեց պատասխանատուների անտեղյակության ու պրոֆեսիոնալիզմի բացակայության ամբողջ պատկերը:

Արարատի մարզում վարելահողերի ընդհանուր տարածքը հազիվ 25 հազար հա է, մինչդեռ մարզպետը խոսում էր 40 հազար հա կաթիլային ոռոգվող տարածքների մասին: Մարզպետի կողմից հանրապետության ամենահզոր գյուղատնտեսական մարզի թվերին չտիրապետելը հարցի մի կողմն է, գուցեև ինչ-որ տեղ՝ «ներելի»: Բայց անհասկանալի էր, որ վարչապետի հետ մարզային խնդիրների քննարկմանը չէր մասնակցում գյուղվարչության պետը, ով այս ու նմանատիպ հարցերում շատ ավելի պահանջարկված է, քան նույնիսկ մարզպետը: Այստեղ որևէ արդարացում չի կարող լինել, որովհետև գյուղատնտեսական մարզի գյուղատնտեսության խնդիրներին ամենաշատ տեղեկացվածը տրամաբանորեն պետք է գյուղվարչության պետը լինի: Սրանից հետևում է, որ մարզպետը իրավիճակին չի տիրապետում նաև կառավարման հարցերում:

Վարչապետի հաջորդ հարցից պարզ դարձավ, որ մարզի ամբողջ ակտիվում չկա մեկը, որ գոնե մոտավոր պատկերացում ունենա իրավիճակի մասին: Գյուղատնտեսության նախարարը, որ ի տարբերություն մարզպետի՝ ավելի փորձառու է, չիմանալով հանդերձ, վարչապետի հարցին ի պատասխան նշեց 70 հա, որը համենայնդեպս 40 հազար չէ ու տրամաբանության շրջանակներում է: Մի քիչ դժվարությամբ, բայց հաջողվեց Արարատի գյուղվարչությունից ստանալ մարզում կաթիլային ոռոգմանը վերաբերող տվյալները. 490 հա, որից 260-ը՝ ծածկած գրունտում, 230-ը՝ բաց: Ընդ որում, այդտեղ էլ երկար քննարկումներից, միմյանց հետ հարցուպատասխանից, փնտրտուքից հետո միայն «գտան» այդ թիվը: Փաստորեն գյուղատնտեսության նախարարն էլ լիովին անտեղյակ էր գործին, և ֆիզիկոսի ինտուիցիան էլ չօգնեց:

Ինչ պարզվեց վարչապետի արտաշատյան հանդիպումից: Դեռ Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք ստեղծված 150-200 աշխատակից ունեցող մարզպետարանները, որ կոչված են գյուղերի, շրջանների բնակիչների ու կառավարության կապող օղակը հանդիսանալու, իրական որևէ կապ չունեն գյուղերի, դրանց բնակիչների, նրանց խնդիրների հետ: Պարզ դարձավ նաև, որ հատկապես գյուղատնտեսության մասով կառավարության կապը մարզերի հետ պաշտպանող գյուղնախարարություն-մարզպետարան օղակը ևս գրեթե չի գործում:

Մեկ այլ՝ ցեցի հետ կապված վարչապետի հարցից հետո գյուղացիների ու գյուղնախարարի բացատրությունները բոլորովին այլ էին: Վարչապետի ստուգիչ հարցին՝ ո՞րն է ելքը, նախարարը մանևրելով սլաքն ուղղեց Սննդի անվտանգության տեսչություն: Մինչդեռ օրեր առաջ փոխնախարարը բացատրում էր, որ ցեցը տարվա ընթացքում նպաստավոր պայմաններում տալիս է 10-12-15 սերունդ, և պետք է գյուղացուն տեղյակ պահել, խորհրդատվություն ապահովել, որ ժամանակին բուժման, պայքարի միջոցառումներ իրականացվեն: «Տեղյակ պահելը» պետք է լինի գյուղնախարարության, սրա գյուղատնտեսության աջակցության նախկին կենտրոնների, որ Կարեն Կարապետյանի թեթև ձեռքով վերածվեցին հիմնադրամի (որը բացարձակ անգործության է մատնված), և մարզերի գյուղվարչությունների համատեղ ջանքերով: Լոլիկի ցեցը ավերածություններ է գործում ոչ միայն լոլիկի բերքի առումով, ինչից հետևում է, որ խորհրդատվություն ընդհանրապես չի մատուցվել: Նախարարությունը կա, գործում է, բայց սրան գյուղին, հողին կապող խողովակները կա՛մ վաղուց խցանվել են, կա՛մ ի սկզբանե չեն էլ եղել:

Բացարձակապես նույն պատկերն է նախարարություն-մարզպետարան կապի առումով, նույնն է նաև մարզպետարան-գյուղ կապի տեսանկյունից: Մարզպետարան-գյուղ կապը սկսվում և ավարտվում է կառավարությունից ստացված հրահանգները փոխանցելով ու գյուղից ցանքերի ու բերքի վերաբերյալ տվյալներ պահանջելով, նախարարություն-մարզպետարան կապն էլ՝ գրեթե նույն սկզբունքով: Մնացած բոլոր հարցերում սրանք միմյանցից բոլորովին անտեղյակ են:

Հետևաբար կադրային հեղափոխական քաղաքականությունը պրոֆեսիոնալների հարթություն տեղափոխելուց զատ՝ Նիկոլ Փաշինյանը ծանր աշխատանք ունի անելու հատկապես նախարարություններն ու մարզպետարանները վերակառուցելու, սրանց դերակատարությունը վերաիմաստավորելու առումով: Այլապես սրանք իրենց ուռճացվածության, ավելորդ ծանրության արդյունքում բալաստի են վերածվել, որ իրենց իրական կոչմանը ծառայելու ի վիճակի չեն ու Արտաշատի դեպքերի պես միայն սևացնելու են կառավարությանը:

Նյութի աղբյուր՝   1in.am  

Կատեգորիա: Լուրեր | Դիտումներ: 413 | Ավելացրեց: arpinews | - Վարկանիշ -: 0.0/0
x
x