Գլխավոր էջ » 2018 » September » 26 » Տարօրինակ կլիներ, եթե հանրությունը մերժեր այդ առաջարկը. 1in.am
2:15 PM
Տարօրինակ կլիներ, եթե հանրությունը մերժեր այդ առաջարկը. 1in.am

1in.am-ը գրում է.   

Երևանի ավագանու ընտրության արդյունքից հետո, երբ իշխող «Իմ քայլը» դաշինքի թեկնածուն հավաքեց մոտ 82 տոկոս քվե,

տարբեր հարթակներից հնչում են մտահոգություններ, թե այդքան բարձր քվեն կապ չունի ժողովրդավարության հետ, մտահոգիչ է հեռանկարի առումով, որովհետև կարող է բերել ոչ ժողովրդավարական տրամադրությունների՝ առաջին հերթին հենց իշխանության շրջանում: Այդ առիթով կա հայտնի խոսքը, որ իշխանությունն այլասերում է, իսկ բացարձակ իշխանությունը այլասերում է բացարձակ: Միևնույն ժամանակ պակաս հայտնի չէ նաև, որ այդօրինակ արտահայտություններն ու թևավոր խոսքերը չեն կարող լինել ոչ միայն բացարձակ, այլ նույնիսկ գերակա ճշմարտություն, հատկապես աշխարհում, որը փոխվում է գրեթե ամեն օր:

Այդուհանդերձ, մտահոգությունը հասկանալի է, որովհետև ցանկացած պետության և հանրության առաջընթացի համար կարևոր է քաղաքական ընդդիմության ու մրցակցության գոյությունը: Սակայն այստեղ իրավիճակը պահանջում է ոչ թե ընդհանրական, վերացարկային, այլ շատ կոնկրետ գնահատական ու դիտարկումներ: Հասկանալի է, որ նախկին իշխող համակարգի տարբեր շրջանակներ շահագրգռված են տարածել «մտահոգությունները» 82 տոկոսի կապակցությամբ: Բայց այդ մտահոգություններն արտահայտում են նաև շրջանակներ, որոնք նախկին համակարգի անմիջական ներկայացուցիչ չեն, թեև կարող են լինել նաև ոչ ցցուն շահառուներ: Բայց չարժե ընկնել դավադրության տեսության կամ դավադրապաշտության ծուղակը, և դիտարկենք խնդիրը իրականությանը հնարավորինս մոտ, հնարավորինս ռացիոնալ եզրահանգման ու, ըստ այդմ, հանրային կարծիքի ձևավորմանը նպաստելու ակնկալիքով:

Դասական քաղաքական իրավիճակներում 82 տոկոս քվեն, որևէ ուժի դեպքում, անշուշտ, անոմալ երևույթ է: Դասական ժողովրդավարությունը, իհարկե, ենթադրում է որոշակի բալանսավորվածություն և ընտրական այլ պատկեր, հատկապես խորհրդարանական կառավարմամբ երկրում: Բայց Հայաստանում գործ չունենք դասական ժողովրդավարական համակարգի և քաղաքական մրցակցության հետ, և այս մասին ստիպված ենք հիշեցնել պարբերաբար: Ըստ այդ՝ իրավիճակի գնահատումը դասական տրամաբանության շրջանակում կամ ելակետերով բերում է սխալանքի և շեղման մեծ աստիճանի, ըստ այդմ՝ թույլ չի տալիս ձևավորել հանրային համարժեք դիսկուրս: Ավելին, դա էլ իր հերթին խեղելով, նենգափոխելով այդ դիսկուրսը, թույլ չի տալիս հանրությանը ռացիոնալ վերահսկողության տիրույթում պահել գործընթացի շարունակությունը, նոր զարգացումներն ու հեռանկարները: Հանրությունը դրանցից արդեն շեղված է լինում, իսկ դրանք ընթանում են իրենց տրամաբանության հունով: Հետևանքը լինում է այն, որ հանրությունը կտրվում է իրականությունից, առաջանում է խզվածք, ինչն էլ բերում է վերահսկողական գործառույթների իրականացման անարդյունավետության:

Ըստ այդմ՝ հույժ կարևոր է, որ ներկայիս ոչ դասական, հեղափոխական անցման շրջանում ձևավորվի հանրային այնպիսի դիսկուրս, որը առավելագույնս համարժեք է առկա իրավիճակին, ոչ թե ակադեմիական տեսաբանության այս կամ այն դպրոցի կանոնակարգին կամ ոճաբանությանը: Դա է գրավականը հնարավորինս արագ դասական ժողովրդավարական մոդելի գալու, կամ դրան տանող ընթացքը արագացնելու, միաժամանակ նաև հանրայնորեն կառավարելի, վերահսկելի պահելու: Ահա այդ տեսանկյունից, խնդիրն այն չէ, որ ինչ-որ ուժ կարող է հավաքել 82 տոկոս, այլ այն, թե ինչպես է ձևավորվել այդ 82 տոկոսը, ինչ միջավայրում, ինչ ժամանակային տարածությունում, ինչպիսի գործոնների ազդեցությամբ և այլն: Ըստ այդմ` պարզ է, որ, քանի դեռ Հայաստանը գտնվում է չամբողջացած հեղափոխության ճանապարհին, կեսին, կամ եզրափակիչ փուլին մոտ, այդօրինակ բևեռացած արդյունքի հավանականությունը խիստ մեծ է, և միանգամայն տրամաբանական է նաև այդպիսի արդյունքի հասնելու հեղափոխական իշխանության կրող քաղաքական ուժի ձգտումը, ու, ըստ այդմ, այդ ձգտմանն էլ հանրության տված համարժեք արձագանքը: Տարօրինակ կլիներ, եթե հասարակությունը ընդունելով թավշյա հեղափոխության առաջարկը ապրիլին, ներկայումս չընդառաջեր հեղափոխության թավշյա գործընթացը տրամաբանական ավարտին հասցնելու առաջարկին: Ըստ այդմ, իռացիոնալ պետք է դիտվեր դա, ոչ թե այն, որ հանրությունն ընդունել է առաջարկն ու վերահաստատել, թարմացրել համաձայնությունը: Դա նշանակում է, որ հասարակությունը գիտակցում է քաղաքական պահն ու խնդիրները: Իսկ դա էլ իր հերթին տալիս է հիմք եզրակացնելու, որ գիտակցվում է նաև հետագայի համար պատասխանատվության հարցը:

Եվ այստեղ է բուն խնդիրը՝ որևէ իշխանության ժողովրդավարական ճանապարհից շեղման հարցը հասարակության հարցն է: Եթե հանրությունն ի վիճակի է թույլ տալ այդպիսի շեղում, կամ ի վիճակի չէ թույլ չտալ, ապա որևէ կապ չունի, թե քանի տոկոս հավաքած իշխանության հետ գործ ունենք: Եվ Հայաստանի՝ նախորդ մոտ երեք տասնամյակի պատմությունը հենց դրա վկայությունն է: Ըստ այդմ` խնդիրն ամենևին 82 տոկոսը չէ: Ավելին, դա եղած խնդիրների լուծման միջոց է: Խնդիրն այն է, որ հասարակությունը այլևս թույլ չտա որևէ ոչ ժողովրդավարական գործընթաց և շեղում, իսկ դրա համար պետք են հանրային ոլորտային էլիտաներ, նախաձեռնություններ, նոր ձևավորվող միջավայրեր, որոնք կստեղծեն նոր իրականություն և իշխանությանը, մի կողմից, աջակցելով դրանով, մյուս կողմից՝ կդնեն դրա առաջ պատասխանատվության տակ:

Նյութի աղբյուր՝   1in.am  

Կատեգորիա: Լուրեր | Դիտումներ: 227 | Ավելացրեց: arpinews | - Վարկանիշ -: 0.0/0
x
x