Գլխավոր էջ » 2018 » September » 14 » Սկսվել է Քոչարյան-Սարգսյան նյարդերի պայքարի նոր փուլը. 1in.am
11:40 AM
Սկսվել է Քոչարյան-Սարգսյան նյարդերի պայքարի նոր փուլը. 1in.am

1in.am-ը գրում է.   


Չեմ մտածել այդ մասին, բայց միևնույն ժամանակ, հասկանում եմ, որ նա, անշուշտ, չէր կիսում այն մարդկանց կարծիքը, որոնց ուրախացնում էր իմ կալանավորումը: Այդ միտքը «Մեդիամաքս» գործակալությանը տված հարցազրույցում արտահայտել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի լռության մասին, որ եղել է իր կալանավորումից հետո: Սերժ Սարգսյանն ընդհանրապես առ այսօր որևէ կերպ չի արտահայտվել ներքաղաքական իրավիճակի և այդ թվում՝ Քոչարյանի կալանավորման, նրա հանդեպ քրեական գործի, Մարտի 1-ի և ընդհանրապես քաղաքականություն նրա վերադարձի մասին:

Ռոբերտ Քոչարյանը հայտարարում է, որ ինքը չի մտածել Սարգսյանի լռության մասին, սակայն հարցն ու դրան պատասխանն ինքնին մատնում են, որ Քոչարյանը մտածում է դրա մասին ու գուցե շատ է մտածում, որովհետև այդ հարցազրույցում Ռոբերտ Քոչարյանն, ըստ էության, կրկնել է ՆՏՎ հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նաև ստեղծված իրավիճակի համար Սերժ Սարգսյանին ուղղված մեղադրանքը՝ փորձելով արդեն նաև իրեն տարանջատել Սերժ Սարգսյանից:

Մյուս կողմից՝ ակնհայտ է, որ Ռոբերտ Քոչարյանը փորձում է անել այնպես, որ Սերժ Սարգսյանը խոսի: Բանն այն է, որ Ռոբերտ Քոչարյանն այդպիսով առնվազն ցանկանում է կիսել հրապարակային քաղաքականության այն բեռը, որ վերցրել է իր վրա ստիպված, կամ, ինչը թերևս ավելի ճշգրիտ կլինի՝ այդ բեռը կամա, թե ակամա Սերժ Սարգսյանն է թողել նրա վրա, և Ռոբերտ Քոչարյանը նրան մեղադրում է նաև հենց դրա համար:

Սերժ Սարգսյանն, իր հերթին, առայժմ ասելիք չունի և շատ լավ է հասկանում, որ իր շատ, թե քիչ ռեաբիլիտացիայի, այսպես ասած, գաղտնիքը Ռոբերտ Քոչարյանի խոսելն է, և որքան շատ խոսի Քոչարյանը, նաև իր հասցեին ուղղակի, թե անուղղակի մեղադրանքներով, այնքան ավելի շատ բան է վերցնելու իր վրա և քիչ բեռ է թողնելու Սերժ Սարգսյանին: Պատահական չէ, որ հերթական հարցազրույցում Քոչարյանը, ի վերջո, անդրադառնում է Սերժ Սարգսյանի լռությանը՝ առերևույթ ցույց տալով, թե դա իրեն չի հուզում, սակայն անդրադարձով իրականում դրսևորելով որոշակի նյարդայնությունն այդ լռությունից:

Մյուս կողմից՝ նաև նկատելի է որոշակի շանտաժ կամ զգուշացում Սարգսյանի հասցեին, կապված այն բանի հետ, թե գիտե, որ նա չի ուրախանում իր կալանավորումով: Երկրորդ նախագահը, ըստ էության, ակնարկում է, որ եթե Սերժ Սարգսյանը շարունակի լռությունը, ապա ինքը կարող է արդեն ասել բաներ, որոնք Սերժ Սարգսյանին կստիպեն խոսել:

Այդ իմաստով, «Մեդիամաքսին» Քոչարյանի հարցազրույցը բավականին թափանցիկ կերպով ցույց տվեց, որ նրա և Սերժ Սարգսյանի միջև սկսվել է նյարդերի պայքար կամ՝ դրա, այսպես ասած, երկրորդ փուլը, որովհետև առաջինը նախորդ տասնամյակում էր: Առայժմ ավելի ամուր են Սարգսյանի նյարդերը, ինչպես նախորդ տասնամյակում:

Նյութի աղբյուր՝   1in.am  

Կատեգորիա: Լուրեր | Դիտումներ: 173 | Ավելացրեց: arpinews | - Վարկանիշ -: 0.0/0
x
x