Գլխավոր էջ » 2018 » September » 14 » Սերժի, Ռոբերտի իշխանությունը լիներ՝ ընդդիմությունը ծոծրակը կտեսներ, բայց ԵԽԽՎ մտնելու հնարավորություն չէր ունենա. 1in.am
6:44 PM
Սերժի, Ռոբերտի իշխանությունը լիներ՝ ընդդիմությունը ծոծրակը կտեսներ, բայց ԵԽԽՎ մտնելու հնարավորություն չէր ունենա. 1in.am

1in.am-ը գրում է.   

Հայաստանի ներքաղաքական դաշտում առաջացած խնդիրները հասան Եվրոպա։ Նախկին իշխանությունները՝

Ռոբերտ Քոչարյանի և ՀՀԿ-ի գլխավորությամբ, նախ փորձեցին Ռուսաստանով և հայ-ռուսական հարաբերություններով վախեցնել ներկա իշխանություններին, այժմ էլ ջանք ու եռանդ չեն խնայում ներսում առաջացած տարաձայնությունները, իրենց հիմնավորմամբ՝ խոսքի ազատության սահմանափակումը, նախկին իշխանությունների նկատմամբ իբրև թե հետապնդումները դարձնել ԵԵԽՎ-ի քննարկման առարկա։

ԵԽԽՎ քաղաքական հանձնաժողովում տեղի ունեցած քննարկումներում որոշում է կայացվել դիմել մոնիթորինգային հանձնաժողովին՝ «Հայաստանում իրավունքի գերակայության ապահովման, օրենսդիր և դատական իշխանությունների անկախության ապահովման, ինչպես նաև քաղաքական հետապնդումների կապակցությամբ» մոնիթորինգ անցկացնելու համար։

Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանի կարծիքով՝ Հայաստանի իշխանությունները մտահոգվելու առիթ չունեն. «Միշտ էլ տարբեր պետությունների ներքաղաքական հարցերը քննարկվել են ԵԽԽՎ-ում. սա բացառիկ և առաջին դեպքը չէ։ Իհարկե, ՀՀ իշխանությունները պետք է ներկայացնեն համապատասխան հիմնավորումներ ու մոտեցումներ, որի հիման վրա էլ ԵԽԽՎ-ում այդ կարծիքը կձևավորվի»։

Մեր զրուցակիցը չի կարծում, մեր իշխանության երկու թևերի՝ գործադիր և օրենսդիր իշխանության տարաձայնությունները կարող են ազդեցություն ունենալ մոնիթորինգի վերջնական արդյունքների վրա. «Ընդդիմության և իշխանության կարծիքները միշտ էլ տրամագծորեն տարբերվում են, ու յուրաքանչյուր կողմ կարող է ներկայացնել իր փաստարկները»։

Ինչ վերաբերում է այն տեսակետներին, որ նախկին իշխանության և Ալիևի տեսակետները համընկնում են՝ Հայաստանում իբրև թե բռնապետություն հաստատելու հետ կապված և ԵԽԽՎ-ում այդ հարցը քննարկելը հակառակորդի ջրաղացին ջուր լցնել է, Սուրեն Սարգսյանն արձագանքեց. «Ալիևի դիրքորոշումը բնական է , որ հակահայկական պետք է լինի,. Առաջարկում եմ նրա ասածին լուրջ չվերաբերել ու ներքաղաքական գործընթացներ չբերել. սա, կարծում եմ՝ ամենալավ պատասխանը կլինի այդ հարցին և Ալիևին։

Իշխանությունները մոնիթորինգից վախենալու բան չունեն կամ այդ ինչ մոնիթորինգ պետք է լինի, որ բարդություններ առաջացնի։ Կարծում եմ՝ եվրոպական բոլոր կառույցների հետ ՀՀ իշխանությունները պետք է աշխատեն, իհարկե դա ողջունելի է»։

Քաղաքագետ Լևոն Շիրինյանն այն կարծիքին է, որ Հայաստանի իշխանությունները վախենալու ոչինչ չունեն. «Թող ստուգեն՝ Եվրոպայում այդ ո՞ր երկրի նախագահն է իր նախագահության օրոք միլիոնատեր դարձել, ո՞ր նախագահն է Եվրոպայում կլանային համակարգ ստեղծել ու տիրացել երկրի եղած-չեղածին։ Մեր իշխանության խնդիրն այժմ ուժեղ պաշտպանություն կազմակերպելն է, մտահոգվելու ոչինչ չկա»։

Լևոն Շիրինյանը շեշտում է՝ եթե Եվրոպայում որևէ նախագահ իր երկրի հետ վարվեր այնպես, ինչպես ՀՀ նախկին նախագահներն են վարվել՝ ժողովուրդը նրանցից շատ ավելի շուտ էր ազատվել. «Կամ գոնե արած լինեին այս ամենի 25 տոկոսը։ Նոր իշխանությունը երկու փաստարկ կարող է մեջբերել։ Առաջին, որ նախկինները լութոկրատական էին՝ գողը՝ որպես իշխանություն, և երկրորդ՝ նեպոտիստական. Այսինքն` իշխանությունը բաժանվել է գերդաստանների միջև, կլաններ ու հանցագործ խմբեր ծնել»։

Մեր զրուցակիցը շարունակում է. «Եվրոպացիները այդ երկուսը տանել չեն կարողանում, իսկ դա հերքելն անիմաստ է, որքան էլ, որ ջանք թափեն նախկին իշխանությունները, նրանք գալու են այստեղ մոնիթորինգ անեն ու նախկին իշխանությունները պարզապես խայտառակվելու են, երբ պարզվի՝ ինչպես են իրենց գերդաստանով միլիոնատեր դարձել»։

Եզրափակելով իր խոսքը, Շիրինյանը նշում է․ «Եթե Սերժի, Ռոբերտի իշխանությունը լիներ՝ ընդդիմությունը ծոծրակը կտեսներ, բայց ԵԽԽՎ մտնելու հնարավորություն չէր ունենա, թող շնորհակալ լինեն նոր իշխանությանը։ Կասկածո՞ւմ եք՝ Մարտի 1-ի զոհերի հարազատներին հարցրեք»։

Նյութի աղբյուր՝   1in.am  

Կատեգորիա: Լուրեր | Դիտումներ: 166 | Ավելացրեց: arpinews | - Վարկանիշ -: 0.0/0
x
x