Գլխավոր էջ » 2018 » September » 20 » Սենսացիա չստացվեց... Lurer.com
2:18 PM
Սենսացիա չստացվեց... Lurer.com

Lurer.com-ը գրում է.   

Թվում էր, թե Հայաստանում տեղի ունեցած Թավշյա հեղափոխությունից հետո իրավիճակ կփոխվի նաև մարզերում, չէ՞ որ Երևանից զատ՝ մարզերը ոչ պակաս ակտիվորեն էին մերժում Սերժին: Հեղափոխությունից հետո փոխվեցին նաև մարզերի ղեկավարները, նոր իշխանությունները ջանք ու եռանդ չէին խնայում համոզելու հանրությանը, որ երիտասարդ կադրերը ոտքի կկանգնեցնեն նախորդների կողմից ծնկի բերված համայնքները: Այս օրերին մարզպետներն ամփոփում են իրենց պաշտոնավարման 100 օրը: Նրանց թվում էին նաև Արարատի և Շիրակի մարզպետեր Գարիկ Սարգսյանը և Կարեն Սարուխանյանը: 

 

Առաջինը պատրաստվում է մարզի Դաշտավան համայնքում կոկորդիլոսաբուծարան ստեղծել:

Եթե այս տեղեկությունը տարածվեր Հայաստանում մարիխուանայի օրինականացումից հետո՝ գուցե հարցեր չառաջանային…

Սակայն այսօր ստիպված ենք այդ տեղեկությանը լուրջ վերաբերվել: Ընկերությունը, որը կոկորդիլոսներ է բազմացնելու, արդեն 15 հեկտար հող է վարձակալել։ Կազմակերպվել է հանդիպում գյուղի բնակիչների հետ։ Առաջին տարում կիրականացվի 1.5 մլն դոլարի ներդրում, իսկ հաջորդ 5 տարիներին ներդրումների ծավալը կհասնի 10 մլն դոլարի: Թե ում է պետք Արարատի մարզում կոկորդիլոսաբուծարանը՝ գիտի թերևս միայն մարզպետը: 100 օրվա մեջ իհարկե հնարավոր չէր լուծել մարզում առկա ոռոգման ջրի խնդիրը, որն ամենասուրն է վերջին տարիների ընթացքում, հնարավոր չէր նաև գտնել այն կոռուպցիոներներին, որոնց մասին Սարգսյանը խոսում էր պաշտոնը ստանձնելուց անմիջապես հետո: Տպավորություն էր, որ նրան Սիցիալիա է բաժին հասել, բայց արի ու տես՝ 100 օրվա մեջ անգամ մեկ «մաֆիոզ» չկարողացան գտնել, հետևաբար, ի՞նչ էր երիտասարդի սկզբնական էյֆորիան, եթե ոչ հասարակ պոպուլիզմ: Ինչևէ, ինչպես կասեր «դասականը»՝ մենք Թանզանիայի վերածելու Հայրենիք չունենք…

Դա էլ դեռ քիչ էր, երիտասարդը նոր բարեփոխումներ է սկսել. տեղեկություն է տարածվել այն մասին, որ Սարգսյանը Արարատի մարզպետարան է կանչել դպրոցի տնօրենների, որոնց հրահանգ է տրվել ցանկացած ճանապարհով ազատվել թոշակառու ուսուցիչներից: Թե ով է թույլ տվել մարզպետին նման քայլի գնալ՝ մնում է կռահել, բայց այն, որ Սարգսյանը, մեղմ ասած, չի արդարացնում վերադասի և մարզի բնակչության սպասումները՝ ակնհայտ է:

Շիրակի մարզպետի դեպքում իրավիճակը թեև այդքան սյուռեալիստական չէ, այնուամենայնիվ, վերջինիս 100 օրվա աշխատանքի հաշվետվությունից մեկ տպավորություն է ստեղծվում՝ մարդը շատ է աշխատել, հյուրեր է ընդունել ճանապարհել, պատվիրակություններ, պարբերաբար շաբաթօրյակներ է կազմակերպել՝ թերևս անչափ տպավորված լինելով Կարեն Կարապետյանի «Մաքուր Հայաստան» ծրագրով: Միևնույն ժամանակ՝ հասկանալի չէ մարզպետի տիտանական ակտիվության պրակտիկ օգուտը մարզի համար՝ կարկուտը ծեծած տեղն է ծեծում, ներդրումներ չկան, մարզի՝ հիմնանորոգման սպասող գյուղական ճանապարհներն անժամկետ հերթի մեջ են: Շիրակի մարզի 461 կիլոմետր մարզային նշանակության ճանապարհներից 195 կիլոմետրը հիմնանորոգման կարիք ունի: Ինչ վերաբերում է կոռուպցիոն բացահայտումներին, ապա մարզպետը որոշել է սկսել ոչ թե մարզպետարանից, որտեղ կոռուպցիոներներին գտնելը շատ ավելի հավանական էր, այլ բուժհաստատություններից: Սա էլ Արսեն Թորոսյանի մոդան…

Մասնավորապես՝ մարզպետը «Գյումրու «Մոր և մանկան ավստրիական հիվանդանոց» ՓԲԸ-ում մարզպետարանի կողմից իրականացված աուդիտի հաշվետվությունն ուղարկել է Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանին։ Թե ինչ ենթադրյալ չարաշահումների մասին է խոսքը, առայժմ չեն մանրամասնում։ Հիշեցնենք, որ Գյումրու «Ավստրիական մոր և մանկան հիվանդանոցը» ղեկավարում է ՀՅԴ-ական Աշոտ Կուրղինյանը, որը Գյումրու՝ 2016 թվականին հոկտեմբերի 2-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններում գլխավորում էր ՀՅԴ-ի ցուցակը, նրանց քաղաքապետի թեկնածուն էր, իսկ 2017-ին ՀՅԴ ռեյտինգային ցուցակով մասնակցում էր ԱԺ ընտրություններին։ Այստեղ էլ, ինչպես ասում են՝ կոալիցիոն գործընկերները ինչ-որ բաներ չեն կիսում…

Ս.Խաչատրյան 


 

Նյութի աղբյուր՝   Lurer.com  

Կատեգորիա: Լուրեր | Դիտումներ: 424 | Ավելացրեց: arpinews | - Վարկանիշ -: 0.0/0
x
x