Գլխավոր էջ » 2018 » September » 14 » Ռոբերտ Քոչարյանը մատնեց վախը. Ուշագրավ դրվագներ. Lragir.am
2:52 PM
Ռոբերտ Քոչարյանը մատնեց վախը. Ուշագրավ դրվագներ. Lragir.am

Lragir.am-ը գրում է.   

Մեդիամաքս գործակալությանը տված հարցազրույցում երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն անում է 2008 թվականի Մարտի 1-ի վերաբերյալ ուշագրավ հայտարարություններ, ինչ որ իմաստով բացահայտելով այդ օրերի իրադարձությունների քաղաքական համատեքստի որոշ մանրամասներ: Այդ հնարավոր մանրամասների մասին գրելու առիթ ունեցել եմ մի շարք հոդվածներում, փորձելով դիտարկել Ռոբերտ Քոչարյանի հնարավոր քաղաքական մոտիվները, ընդհուպ մինչեւ Մարտի 1-ի արյունահեղություն:

Խոշոր հաշվով, այստեղ առանցքը իհարկե իշխանության եւ սեփականության պահպանումն է, բայց այդ ամենը ամենեւին էլ միագիծ ու միաշերտ երեւույթ չէ, որեւէ մեկի դեպքում:

Այդ իմաստով, Ռոբերտ Քոչարյանը Մեդիամաքսի հետ զրույցում անում է ուշագրավ հայտարարություններ, որոնք շոշափում են այդ օրերի առանցքային դերակատար սուբյեկտների բավական բարդ փոխհարաբերությունը, այդ թվում լռելյայն ռեժիմում:

«Ես կարծում եմ, որ Սերժ Սարգսյանը հաղթել է առաջին փուլում: Այլ կերպ մտածելու հիմքեր չունեմ: Ես խոսում եմ այն մասին, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի մաքսիմալիստական հայտը իրավիճակը փակուղի տարավ: Եվ, քանի որ դուք քիչ առաջ հարցնում էիք, թե ինչ կարող էի ձեռնարկել իրավիճակը կարգավորելու համար, ապա ես ասում եմ, որ եթե Տեր-Պետրոսյանը պատրաստ լիներ փոխզիջումների, տեսականորեն ես կարող էի Սերժ Սարգսյանին խնդրել քննարկել երկրորդ փուլի անցկացման հնարավորությունը`լարվածությունը թուլացնելու համար», ասում է Քոչարյանը, որպես Տեր-Պետրոսյանի փոխզիջում նկատի ունենալով երկրորդ փուլի համաձայնելը:

Արդյոք Քոչարյանն առաջարկել է երկրորդ փուլ: Երբ, եւ ինչպես: Եթե նա երկրորդ փուլ առաջարկել է անմիջապես, դա այլ բան է, բայց եթե առաջարկել է այն անից հետո, երբ տեսել է հետընտրական շարժման թափը, ապա միանգամայն հասկանալի է, որ Տեր-Պետրոսյանը չէր համաձայնի երկրորդ փուլի առաջարկին, հատկապես իր աչքի առաջ ունենալով հայր եւ որդի Դեմիրճյանների համաձայնության պատմությունները: Միեւնույն ժամանակ, Տեր-Պետրոսյանն արդեն իրեն համարում էր ուժեղ եւ ըստ այդմ ինքը կթելադրեր պայմանները: Թերեւս նաեւ լավ պատկերացնելով, որ իրավիճակի վերաբերյալ իշխանության ներսում կա նկատելի տարաձայնություն՝ հեռացող Ռոբերտ Քոչարյանի եւ մնացող Սերժ Սարգսյանի միջեւ, կապված իրավիճակի հանգուցալուծման տարբերակների եւ հետագա սցենարների հետ:

Դա բավական նկատելի է նաեւ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցում, որտեղ նա խոսելով Տեր-Պետրոսյանի մաքսիմալիստական մոտեցման մասին, ակնարկում է նաեւ, որ մաքսիմալիստական էր Սերժ Սարգսյանի մոտեցումն էլ:

2008 թվականի նախագահի ընտրությունից առաջ առիթ եմ ունեցել գրելու, որ Սերժ Սարգսյանը ընտրությանը կգնա մեկ փուլի տրամաբանությամբ, որովհետեւ երկրորդ փուլը լինելու է նրա խորքային պարտությունը, եթե անգամ հաջողվի այդ միջոցով դարձյալ որեւէ կերպ դառնալ նախագահ: Դրա պատճառը թե այն էր, որ Տեր-Պետրոսյանը բավական ուժեղ մրցակցություն էր հաղորդել, թե ընդհանրապես իշխանության համակարգում փոխհարաբերությունների բարդ բնույթը, որ ծագել էր դեռեւս մինչեւ Տեր-Պետրոսյանի քաղաքական վերադարձը՝ 2007 թվականի խորհրդարանի ընտրությանն ընդառաջ: Ամբողջ խնդիրն այն էր, որ Հայաստանի իշխող համակարգը առաջին անգամ կանգնած էր իշխանությունը, Առաջին դեմքի կարգավիճակը այսպես ասած սահմանադրորեն փոխանցելու իրողության առաջ՝ մի անձից մյուսին: Իսկ դա խնդիր է, որովհետեւ իշխանությունը միատարր չի լինում երբեք, հատկապես ամբողջատիրական բնույթի իշխանությունը:

Իրավիճակը բարդ էր հատկապես նրանով, որ գործնականում դիմակայության երկու կողմերը այդ իրավիճակում 1998 թվականի թավշյա հեղաշրջմանը ընդհանուր առմամբ միեւնույն կողմում գտնվող առանցքային մասնակիցներն էին՝ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը, ինչը գործնականում բացառում էր 1998-ի տարբերակի կրկնությունը:

Մնում էր հոկտեմբերի 27-ի տարբերակը, եւ գործնականում ամեն ինչ ընթացավ հենց այդ տարբերակով, իհարկե ոչ նույնական, բայց խոշոր հաշվով իշխանության անցման փուլը դարձյալ ներկվեց արյունով: Պարզապես այս անգամ ոչ թե բարձրաստիճան պաշտոնյաների, այլ քաղաքացիների:

Գործնականում իրադարձությունները պտտվում էին նույն 1998-ի դերակատարների առանցքով, բացառությամբ թերեւս Վազգեն Սարգսյանի ու Վանո Սիրադեղյանի, որոնցից մեկը սպանվել էր հոկտեմբերի 27-ին, մյուսը ստիպված էր եղել հեռանալ Հայաստանից:

Ռոբերտ Քոչարյանը Տեր-Պետրոսյանի մաքսիմալիստական դիրքորոշման մասին խոսելով եւ հայելային արտապատկերում ակնարկելով Սերժ Սարգսյանի մաքսիմալիզմի մասին, փորձում է ներկայանալ նրանց մաքսիմալիզմի բարոյա-քաղաքական զոհ, փաստացի մատնելով, որ ուժային լուծման գնացել է վախից, որ երկուստեք մաքսիմալիզմը ծուղակ է իր համար եւ կարող է տանուլ տալ քաղաքական լուծումը, եւ 1998-ից տասը տարի անց մասնակիցների արդեն սեղմված շրջանակում կարող է ձեւավորվել նոր ստատուս-քվո, որտեղ ինքը կմնա վերջում՝ դրանից բխող հետեւանքով:

Քոչարյանի մոտ այդ վախը կարող էր խորացնել նաեւ փետրվարի 29-ին Սերժ Սարգսյանի եւ երրորդ արդյունքը արձանագրած ու այսպես ասած առանցքային կշռաքարի դերում հայտնված Արթուր Բաղդասարյանի միջեւ կոալիցիայի հայտարարումը, որին հաջորդեց Մարտի 1-ը, երբ Ռոբերտ Քոչարյանն ըստ էության մտածեց, որ հապաղելը իր համար կարող է լինել ճակատագրական:

Իհարկե չհապաղելն էլ եղավ ճակատագրական, տասը քաղաքացիների եւ հանրության համար էլ լինելով ողբերգական: Ռոբերտ Քոչարյանը Մարտի 1-ի ուժային գործողությամբ փորձեց փրկել իրեն, բայց ստացվեց լիովին հակառակը: Դրա խորքային պատճառը թերեւս այն էր, որ Քոչարյանի քայլը թելադրված էր ոչ թե հաշվարկից, այլ վախից: Կամ, ինչ որ մեկը օգտագործեց նրա վախը՝ ինչ որ քայլերի մղելու համար:

Արդյոք ապրիլի 22-ին Սերժ Սարգսյանը Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը առաջին հերթին տողատակում հենց Քոչարյանին չէր ասում, որ դաս չի քաղել Մարտի 1-ից: Մեդիամաքսին հարցազրույցում Քոչարյանը ասում է, թե թավշյա հեղափոխության հաջողության պատճառը իշխանության պասիվ հակազդեցությունն էր: Այլ կերպ ասած, նա ասում է, որ պետք էր ակտիվ՝ ուժային հակազդեցություն: Հաշվի առնելով այն, որ ապրիլի 25-ից հետո երկրորդ նախագահը սկսեց բաց խաղալ, պետք է ենթադրել, որ մինչեւ ապրիլի 22-ը նա արդեն մտել էր խաղի մեջ՝ իշխանության ներսում, եւ թերեւս փորձում էր հասնել «ակտիվ հակազդեցության»՝ ուժային լուծման որոշման: Թերեւս հենց այդ ներիշխանական իրավիճակին էր Սերժ Սարգսյանի պատասխանը՝ Մարտի 1-ից դաս չքաղելու մասին, որի շարունակությունն էլ եղավ ապրիլի 23-ի հրաժարականի ուշագրավ տեքստը:

Պատասխան, որով նա ակնարկում էր թերեւս, որ քաղաքականության մեջ չի կարելի քայլեր անել վախից, որովհետեւ դրանով արված քայլերը սովորաբար հարվածում են բումերանգի էֆեկտով:

Իսկ Ռոբերտ Քոչարյանն էլ ներկայում խոսում է Սերժ Սարգսյանին ուղղված ակնարկներով, մատնելով շարունակվող վախը:

Քոչարյանն օրինակ հայ-ռուսական հարաբերության մասով Նիկոլ Փաշինյանի առնչությամբ ասում էր, թե, եթե խնդիր չկա, ինչու են անընդհատ հավաստիացնում, որ ամեն ինչ լավ է: Բանն այն է, որ Ռոբերտ Քոչարյանն իր հարցազրույցներում անընդհատ հավաստիացնում է, որ չի վախենում: Ինչու՞, եթե այդպիսի խնդիր չկա:

Նյութի աղբյուր՝   Lragir.am  

Կատեգորիա: Լուրեր | Դիտումներ: 306 | Ավելացրեց: arpinews | - Վարկանիշ -: 0.0/0
x
x