Գլխավոր էջ » 2018 » September » 15 » Ռոբերտ Քոչարյանի ձախողված պլանը Lragir.am
11:53 PM
Ռոբերտ Քոչարյանի ձախողված պլանը Lragir.am

Lragir.am-ը գրում է.   

 

Մեդիամաքս գործակալությանը Ռոբերտ Քոչարյանի տված հարցազրույցը նրա «քաղաքական գործունեության» շրջանակում հնարավոր է գնահատել քրեստոմատիական, նկատի ունենալով այն, որ Քոչարյանն այդ հարցազրույցում «բացում էր հոգին», անելով մի շարք ակնարկ-խոստովանություններ, որոնք մատնում էին նրա ներկայիս բարդ դրությունը: 

 

Ռոբերտ Քոչարյանը փաստացի փորձելով ներկայանալ որպես մշտական հաղթող, գործնականում այդ հարցազրույցում թվարկում էր իր պերմանենտ պարտությունները կամ վրիպումները, ինչ որ առումով փորձելով այդ ամենը ներկայացնել «անարդարության» տեսքով, որ ինքն այդքան էլ վատ չէ, կամ ավելի շուտ՝ ինքն ավելի վատ չէ, քան օրինակ Տեր-Պետրոսյանն ու Սերժ Սարգսյանը, բայց ժամանակը «անարդարացիորեն» իրեն է դրել նրանցից ավելի վատ դրության եւ հանրային պարսավանքի կենտրոնում:

Մյուս կողմից, Ռոբերտ Քոչարյանը պարտվել է, իսկ հաղթողներին չեն դատում: Նրա առանցքային պարտությունն իհարկե եղել է Սերժ Սարգսյանին պարտվելը:

Հարցին, թե ինչու՞ հենց Սերժ Սարգսյանին ընտրեց «ժառանգորդ» եւ արդյոք համարում է, որ սխալվեց, Ռոբերտ Քոչարյանը պատասխանում է, որ առաջնորդվել է պետության անվտանգության հրամայականով եւ Սերժ Սարգսյանին է նախընտրել, որովհետեւ դա է համարել անվտանգության հարցում լավագույն լուծումը:

Ռոբերտ Քոչարյանն իրականում պարտվեց Սերժ Սարգսյանին, ոչ թե ընտրեց նրան «ժառանգորդ»: Ռոբերտ Քոչարյանի ընտրությունը արտգործնախարար Վարդան Օսկանյանն էր, որը 2006 թվականին սկսեց ունենալ ծրագրային ելույթներ ներքին բարեփոխումների թեմայով, շրջանառության մեջ բերելով երկրորդ սերնդի բարեփոխումների միտքը եւ անելով մի կողմից առանցքային, մյուս կողմից գուցե ճակատագրական հայտարարություն: Նա ասում էր, որ երկրորդ սերնդի բարեփոխումները անհրաժեշտություն են եւ դրանք պետք է ցավոտ լինեն արդեն էլիտայի, ոչ թե հասարակության համար:

Հանրային շահի տեսանկյունից դա հիմնարար, կարեւոր արձանագրում էր, թեեւ իհարկե գուցե մնար ընդամենն իբրեւ հռետորաբանություն, բայց մյուս կողմից Սերժ Սարգսյանը թերեւս հենց դա օգտագործեց ՀՀԿ շուրջ «էլիտային» կոնսոլիդացնելու համար, մատնացույց անելով այն, որ Ռոբերտ Քոչարյանը ԲՀԿ միջոցով փորձում է փոխել էլիտան եւ այդպիսով իր իշխանությունը երկարաձգել այսպես ասած հին էլիտային հեռացնելու միջոցով:

Իսկ Ռոբերտ Քոչարյանն ակնառու կերպով փորձում էր նոր, հանրային իմիջի տեսանկյունից զգալիորեն ընդունելի էլիտա ձեւավորել ԲՀԿ ֆորմատի ներքո: Խորհրդարանի ընտրությանն այդ կուսակցության հաղթանակը կապահովեր Ռոբերտ Քոչարյանի գերակայությունը 2008 թվականի նախագահի թեկնածուի ընտրության հարցում, որը կլիներ թերեւս Վարդան Օսկանյանը, ինչին գուցե կհաջորդեր արդեն վարչապետի պաշտոնում նախագահի կարգավիճակը թողած Ռոբերտ Քոչարյանի նշանակումը: Հետո հնարավոր է այն, ինչ գրեթե զուգահեռ հաջողությամբ իրականացրին Պուտինն ու Մեդվեդեւը:

Սերժ Սարգսյանը սակայն կարողացավ հաջողությամբ օգտագործել երկու առանցքային հանգամանք, այն, ինչ ասել էր Վարդան Օսկանյանը՝ էլիտայի համար ցավոտ բարեփոխումների անհրաժեշտության մասին, եւ այն, որ դա ասել էր Վարդան Օսկանյանը՝ անձ, որը ասոցացվում էր արեւմտամետության հետ:

Դա հիմք դարձավ, որպեսզի Սերժ Սարգսյանն իբրեւ երաշխիք իր անձի շուրջ կոնսոլիդացնի թե այսպես ասած «հին» էլիտային, թե Ռուսաստանին: Արդյունքը եղավ այն, որ իսկապես լայն ժողովրդականություն վայելող ԲՀԿ-ն, որն ուներ գրեթե կես միլիոնի հասնող անդամ, խորհրդարանի ընտրությանը հավաքեց ընդամենը 200 հազար ձայն, իսկ Սերժ Սարգսյանը ձեւավորեց ՀՀԿ բացարձակ մեծամասնություն: Ռոբերտ Քոչարյանը ստիպված էր այցելել Մելիք Ադամյան կուսակցական գրասենյակ ու շնորհավորել Սերժ Սարգսյանին հաղթանակի կապակցությամբ:

Գործնականում, եթե Քոչարյանին հաջողվեր իրականացնել իր նախագիծը, ապա մեծ հավանականությամբ 2008 թվականի ընտրությանը չէր մասնակցի Լեւոն Տեր-Պետրոսյանը: Բանն այն է, որ ԲՀԿ միջոցով Ռոբերտ Քոչարյանը ծրագրում էր իրականացնել իր իշխանության վերարտադրության հանրայնորեն լեգիտիմ նախագիծ, որը ստացվելու, նաեւ Վարդան Օսկանյանի նախագահի թեկնածու լինելու դեպքում հասարակության մեջ դժգոհության աստիճանը կլիներ շատ ցածր, նկատի ունենալով նաեւ տնտեսական ցուցանիշները, թեկուզ արտաքին տնտեսական նպաստավոր կոնյուկտուրայի շնորհիվ:

Հաջորդ տասնամյակում Ռոբերտ Քոչարյանն էր փորձում Սարգսյանին հաղթել, օգտագործելով նույն խաղաքարտերը, այս անգամ նրա դեմ՝ էլիտային համոզել, որ Սերժ Սարգսյանը հանձնելու է, «մեկ օլիգարխի» տնտեսություն է կառուցելու, իսկ Ռուսաստանին էլ համոզելով, որ Հայաստանը տանելու է Արեւմուտք: Բայց Ռուսաստանն ի վերջո այդ փորձերը որակեց «կլոունադա», իսկ ներքին «էլիտան» էլ չհավատաց Ռոբերտ Քոչարյանին:

Թավշյա հեղափոխությունից հետո երկրորդ նախագահը դարձյալ փորձեց վերականգնել այդ խաղաքարտերը: Ռուսաստանը նկատելիորեն դարձյալ մերժեց, իսկ նախկին «էլիտան» գուցե ափսոսաց, որ չհավատաց նրան եւ վստահեց Սերժ Սարգսյանին, բայց համարում է, որ հիմա արդեն Քոչարյանին հավատալու համար շատ ուշ է, այնքան ուշ, որ ավելի լավ է երբեք: 

Նյութի աղբյուր՝   Lragir.am  

Կատեգորիա: Լուրեր | Դիտումներ: 495 | Ավելացրեց: arpinews | - Վարկանիշ -: 0.0/0
x
x