Գլխավոր էջ » 2018 » September » 17 » Քոչարյանի «դժբախտ մենությունը». Տեր-Պետրոսյանի դիպուկ «էպիկրիզը». 1in.am
8:37 PM
Քոչարյանի «դժբախտ մենությունը». Տեր-Պետրոսյանի դիպուկ «էպիկրիզը». 1in.am

1in.am-ը գրում է.   

Հին համակարգի ռեստավրացիայի կողմնակիցները հույս ունեն, թե պատմության անիվը կկրկնվի, ինչպես կրկնվում է տասը տարվա կտրվածքով.

Կարեն Դեմիրճյանը 1988-ին հեռացավ, 1998-ին քաղաքական ռեաբիլիտացիա ապրեց, Լևոն Տեր-Պետրոսյանը 1998-ին հրաժարական տվեց, 2008-ին եկավ, Ռոբերտ Քոչարյանը 2008-ին գնաց, 2018-ին եկել է: Տասը տարվա ցիկլ, որը, սակայն, Ռոբերտ Քոչարյանի պարագայում չի աշխատելու՝ չնայած այն հանգամանքին, որ երկրորդ նախագահի, այսպես կոչված, ստարտային պայմաններն ավելի բարենպաստ են. Քոչարյանը, ի տարբերություն Դեմիրճյանի ու Տեր-Պետրոսյանի, տասը տարի առաջ ոչ թե հեռացվել է, այլ հեռացել է՝ պաշտոնավարման սահմանադրական ժամկետի ավարտի հետևանքով։

Մյուս կողմից՝ Քոչարյանը հիմա չի վերադարձել, նրան վերադարձրել են՝ որպես շարքային մի հանցագործի, որը պատասխան պետք է տա 2008-ին սահմանադրական կարգը տապալելու, Հայաստանի տասը քաղաքացիներին սպանելու հրաման տալու ու նաև՝ տնտեսական բազմաթիվ հանցագործությունների, կոռուպցիայի, թալանի, փողերի լվացման, ուրիշի բիզնեսները խլելու համար։ «Կոնգրեսի» գործը ու վեց միլիոն դոլարի կաշառքի դրվագը միայն «ծիծեռնակներն» են. հայտնի ասուլիսում ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը շարունակ թերթում էր Ռոբերտ Քոչարյանի տնտեսական հանցագործությունների դոսյեն, ու հաստափոր գրքի էջերը համառորեն չէին վերջանում։

Բացի այդ՝ ի տարբերություն Դեմիրճյանի ու Տեր-Պետրոսյանի, Քոչարյանը վերադարձել է, սակայն չի ռեաբիլիտացվել։ Երկրորդ նախագահը շատ մանր կերպար է՝ արժեքային կոնկրետ կոդերի, գաղափարների, պատմական իրադարձությունների հետ ասոցացվելու համար, ուստի նրա քաղաքական ռեաբիլիտացիայի շանսերը զրոյական են։ Մյուս կողմից՝ հասարակությունները երբեք չեն ռեաբիլիտացնում առաջնորդների, որոնց անունն ասոցացվում է արյան, ոճրագործությունների հետ։ Սա միայն հայաստանյան օրինաչափություն չէ ու տարածվում է նաև այն դեսպոտ կառավարիչների վրա, որոնք նույնիսկ որոշակի ժողովրդականություն են ունեցել։

Նա միայնակ և դժբախտ մարդ է. Ռոբերտ Քոչարյանի մասին ասել է առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը 2011թ.-ի հոկտեմբերի 1-ին Ազատության հրապարակում հրավիրված հանրահավաքում՝ ավելացնելով, որ ժողովուրդը որքան հիմար կամ մազոխիստ պետք է լինի, որ հասարակական պահանջարկ ներկայացնի մի մարդու, որը գնդակոծել է իրեն:

«Որևէ բանական մարդու համար՝ ներսում, թե դրսում, Քոչարյանն արդեն մարած քարտ է: Ռոբերտ Քոչարյանը քաղաքական գործիչ չէ և երբեք չի էլ եղել»,- հայտարարել է առաջին նախագահը: Տեր-Պետրոսյանն ասել է, որ Քոչարյանը պարզապես ամեն անգամ հարմարվել է իշխանական տվյալ ժամանակի սիստեմին. խորհրդային ժամանակ՝ խորհրդային սիստեմին, ՀՀՇ-ի ժամանակ՝ ՀՀՇ-ի սիստեմին, իսկ հետո էլ եկավ իշխանության, ինչում Լևոն Տեր-Պետրոսյանը նաև իր սխալն է նկատում: Հմուտ պատմաբանի հայացքով դեռ յոթ տարի առաջ Տեր-Պետրոսյանը կանխատեսել է, որ Քոչարյանին չեն աջակցի նաև ՀՅԴ-ն ու ԲՀԿ-ն, քանի որ ով իր անունը կապեց Քոչարյանի հետ, իր վրա կվերցնի ժողովրդի արյունը:

Սրանից դիպուկ «էպիկրիզ» դժվար է գտնել Ռոբերտ Քոչարյանի համար, նույնիսկ այսօր, երբ նա քաղաքական ռեաբիլիտացիայի անկանոն շարժումներ է անում։ Ռոբերտ Քոչարյանը հեղափոխական ռևանշի խորհրդանիշ դառնալ չի կարող, որովհետև նույնիսկ ռեստավրացիայի շարժումը ենթադրում է գաղափարաքաղաքական մոտիվներ, օրակարգի որոշակի ռացիոնալություն, քաղաքական կոնսոլիդացիայի որոշակի ռեսուրս։ Սրանցից ոչ ոք Քոչարյանը չունի, ավելին՝ ժամանակին նրա հետ համագործակցած ուժերը փորձում են ձերբազատվել իրենց անցյալից՝ նոր Հայաստանում գործունեության ինդուլգենցիա ստանալու համար։

Հայաստանի գործող իշխանությունը կամ նրա մրցակիցները «քաղաքական դիակներին» ռեաբիլիտացնում են քարոզչական նպատակներով՝ թերևս ծրագրերի կամ ապագայի տեսլականի բացակայության կամ նոր համակարգ ստեղծելու անկարողության հետևանքով։

Նյութի աղբյուր՝   1in.am  

Կատեգորիա: Լուրեր | Դիտումներ: 233 | Ավելացրեց: arpinews | - Վարկանիշ -: 0.0/0
x
x