Գլխավոր էջ » 2018 » September » 14 » Քանի դեռ ուշ չէ, ՀՀԿ-ն կարող է լուծարել խորհրդարանը. Lragir.am
11:31 PM
Քանի դեռ ուշ չէ, ՀՀԿ-ն կարող է լուծարել խորհրդարանը. Lragir.am

Lragir.am-ը գրում է.   

ՀՀԿ-ն երեկ ստեղծեց ԱԺ քննիչ հանձնաժողով, որն ուսումնասիրելու է ԱԱԾ ու ՀՔԾ ղեկավարների գաղտնալսված հեռախոսազրույցի բովանդակությունը:

Զուգհեռ, ՀՀԿ-ն ԵԽԽՎ-ում հասել է նրան, որ Հայաստանում մոնիտորինգ անցկացվի «Հայաստանում իրավունքի գերակայության ապահովման, օրենսդիր եւ դատական իշխանությունների անկախության ապահովման, ինչպես նաեւ քաղաքական հետապնդումների կապակցությամբ» թեմայով:

ԶԼՄ-ները գրում են, թե սա ՀՀԿ-ի առաջին հաղթանակն էր, եւ ՀՀԿ-ականները խիստ ոգեւորված են այս ձեռքբերումներով: ՀՀԿ-ականները կարծում են, որ իրենց պրոֆեսիոնալ իրավաբան-պատգամավորները հանձնաժողովում կապացուցեն, որ նոր իշխանությունը ճնշումներ է գործադրում արդարադատության վրա: Հետո այդ ուսումնասիրության արդյունքները թերեւս կտրամադրեն ԵԽԽՎ-ին՝ մոնիտորինգի համար:

Նախկին քաղբանտարկյալ Ազատ Արշակյանը Lragir.am-ին տված հարցազրույցում ասում է, որ Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունն այնքան թավշյա է եղել, որ նախկին վարչակարգը չի հասկացել, որ պարտվել է: Շատ դիպուկ արտահայտություն է, որովհետեւ եթե Հայաստանում հեղափոխությունը լիներ այսպես ասած դասական կանոններով, ՀՀԿ-ականները ոչ միայն չէին կարող հանձնաժողով ստեղծել, այլեւ երեւի տներից դուրս գալ, լավագույն դեպքում:

ՀՀԿ-ականներն այդ առումով ճիշտ են ասում, որ Հայաստանում հեղափոխություն չի կատարվել: Մյուս կողմից, նրանք չէին կարող հասկանալ, թե ինչ է կատարվել Հայաստանում ու առավել եւս գնահատել այդ կատարվածը: Հակառակ պարագայում չէին անի քայլեր, որոնց հետեւանքով, ինչպես Նիկոլ Փաշինյանն է ասում, «ստիպված լինեն մի հեղափոխություն էլ անել»:

Եթե ՀՀԿ-ն հասկանար կատարվածը, կրկին ինչպես Ազատ Արշակյանն է ասում, ներողություն կխնդրեր ժողովրդից ու վայր կդներ մանդատները, ոչ թե իր գործողություններով կհասունացներ նոր, «դասական հեղափոխությունը» եւ իրենց ասած «բռնապետության» հաստատումը:

Ընդ որում, զավեշտն այն է, որ այդ դեպքում թե Ռուսաստանը, թե Եվրոպան, որոնց «կանչում է» ՀՀԿ-ն, թերեւս ավելի ըմբռնումով կմոտենային նոր իշխանության գործողություններին:

ՀՀԿ-ն թավշյա հեղափոխության շնորհիվ ազատվել է զգալի բալաստից՝ քրեական օլիգարխիայից, հացկատակներից ու գրպանահատներից, եւ այնտեղ մնացած համեմատաբար քաղաքական դեմքերն ու պրոֆեսիոնալները բացառիկ շանս էին ստացել նոր որակի քաղաքական ուժ ձեւավորելու համար:

Դա բացառիկ շանս էր հեղափոխության օրակարգն «ստանձնելու»՝ անհրաժեշտ օրենքներն ընդունելու, խորհրդարանը լուծարելու եւ նոր ընտրությունների պայմաններ ստեղծելու համար, այդպիսով թույլ չտալով իրադարձությունների այլ զարգացում, ինչն առաջին հերթին հարվածելու է իրենց:

Եթե նրանք իսկապես լինեին քաղաքական դեմքեր ու պրոֆեսիոնալներ, այդպիսով իրենց ներդրումը կունենային նոր Հայաստանի կերտման գործում եւ ոչ թե կդառնային «սեւերի» խառնակչության գործիք, կուսակցությունը հերթական անգամ ծառայեցնելով այդ խմբերի նեղ շահերի սպասարկմանը:

Ինչ վերաբերում է այդ նորաստեղծ ծաղրանկարային քննիչ հանձնաժողովին, այն կարող է հակառակ էֆեկտ ունենալ, ինչպես ՀՀԿ-ի բոլոր ձեռնարկումները, անգամ հանրայնորեն կարեւոր: Այդպիսին է իրականությունը, եւ այդ իրականությունը կերտել է հենց ՀՀԿ-ն:

Նյութի աղբյուր՝   Lragir.am  

Կատեգորիա: Լուրեր | Դիտումներ: 226 | Ավելացրեց: arpinews | - Վարկանիշ -: 0.0/0
x
x