Գլխավոր էջ » 2018 » September » 15 » Պատերազմի մեծացող վտանգը․ առաջնագծում լարված է. 1in.am
5:35 PM
Պատերազմի մեծացող վտանգը․ առաջնագծում լարված է. 1in.am

1in.am-ը գրում է.   

Բերդի տարածաշրջանի Չինարի գյուղը երեկ գնդակոծվել է:

Առավոտյան ժամը 8:30-ից ադրբեջանական զինուժը ԴՇԿ գնդացիրներից, նաև դիպուկահարի միջոցով կրակ է բացել հայկական պաշտպանական դիրքերի, շուրջ մեկ ժամ՝ գյուղի վրա: Գյուղում վնասվել է տներից մեկի պատը, մեկ այլ առանձնատան ջրի խողովակը, ջրի բաքը և տանիքը: Գնդակները դիպել են նաև գյուղի մանկապարտեզի շենքի պատերին: Հայկական զյնուժը համարժեք պատասխան է տվել։

Սահմանային լարվածությանը Երևանը արձագանքել է նաև դիվանագիտական հարթության վրա։ Ադրբեջանական զինված ուժերի կողմից Հայաստանի սահմանամերձ գյուղերի գնդակոծումը Բաքվի ոչ կառուցողական գործողությունների անմիջական հետևանքն է․ հայտարարել է ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը։ «Սա Վիեննայում, Սանկտ-Պետերբուրգում և Ժնեւում կայացած հանդիպումներում ձեռք բերված պայմանավորվածություններից Ադրբեջանի հրաժարվելու անմիջական հետևանքն է և կրկին ցույց է տալիս Ադրբեջանի ապակառուցողական մոտեցումը բանակցային գործընթացին և խաղաղություն պահպանման համար ստանձնած պարտավորություններին», – ընդգծել է Տիգրան Բալայանը:

Ադրբեջանում երկուշաբթի մեկնարկում են մասշտաբային զորավարժություններ, ինչը ևս խոսում է այն մասին, որ Բաքուն հետևողականորեն պատրաստվում է պատերազմի։

Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ հնգօրյա զորավարժություններին կներգրավվի 20 հազարից ավելի զինծառայող, ավելի քան 200 միավոր տանկ և այլ զրահատեխնիկա, 120-ից ավելի տարբեր տրամաչափի հրթիռահրետանային կայանքներ, համազարկային կրակի և նռնականետերի ռեակտիվ համակարգեր, մինչեւ 10 միավոր կործանիչներ ու ռմբակոծիչներ, մինչև 20 միավոր տարբեր նշանակության բանակային ավիացիա:

Հատկանշական է, որ այս անգամ վարժանքների մասին պաշտոնական հաղորդագրության մեջ հստակ նշվում է՝ ադրբեջանական բանակի թշնամին Հայաստանն է: Մինչ այժմ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն օգտագործում էր «պայմանական թշնամի» եզրույթը, նաև նշվում էր, որ զորավարժություններն անցկացվում են պատերազմականին առավելագույնս մոտեցված պայմաններում: Մինչդեռ, պաշտոնական Բաքվի երեկվա հաղորդագրության մեջ նշված է․ «Զորավարժությունների ընթացքում կմշակվեն մի քանի ուղղություններով հակառակորդի պաշտպանությունը տանկերով ճեղքելու, Ղարաբաղի տարածքում Հայաստանի ռազմական խմբավորումներն ու առաջնագծի ստորաբաժանումները ջախջախելու, ինչպես նաև օկուպացված տարածքների ազատագրման սցենարներ՝ հրթիռահրետանային և ավիացիոն հարվածների օգնությամբ»:

Փորձագետների մի մասը կարծում է, որ, ամենայն հավանականությամբ, սցենարում Հայաստանի և Ղարաբաղի հստակ հիշատակումը որպես հակառակորդ՝ կապված է Հայաստանում անցկացվող «Շանթ-2018» զորավարժությունների հետ, որոնց սցենարով Հայաստանի Ազգային ժողովը Ադրբեջանին պատերազմ հայտարարելու մասին որոշում էր ընդունել, հաղորդագրությունն էլ տեղադրվել էր խորհրդարանի պաշտոնական կայքում:

Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակ Հիքմեթ Հաջիևն, ըստ էության, պաշտապանել է փորձագիտական այս վարկածը․ «Հայաստանի խորհրդարանի կողմից «Շանթ-2018» զորավարժությունների ընթացքում Ադրբեջանին պատերազմ հայտարարելու որոշումը և դրա տեղադրումը խորհրդարանի պաշտոնական կայքում ևս մեկ, ակնհայտ ցուցիչ է, որ Հայաստանը ղարաբաղյան հակամարտության կողմ է»:

Սակայն մենք ավելի շատ հակված ենք այն վարկածին, որ «Շանթ-2018» զորավարժություններն ընդամենը պատրվակ էին Բաքվի համար, որը պատերազմի հետևողականորեն պատրաստվում է վաղուց, իսկ Իլհամ Ալիևի օտարեկրյա հանդիպումների առանցքային թեմաներից մեկը տարբեր երկրների հետ ռամա-տեխնիկական համագործակցության զարգացումն է։ Սեպտմբերի 1-ին Ալիևը Սոչիում հյուրընկալվել էր Պուտին ու ամփոփիչ ասուլիսում շեշտը դնում էր հատկապես սպառազինությունների ձեռբերման ոլորտում նոր երկկողմ պայմանագրերի կնքման ահնհրաժեշտության վրա։

Իսրայելի պաշտպանության նախարար Ավիգդոր Լիբերմանն երեկ Ադրբեջան է ժամանել երկրի նախագահ Իլհամ Ալիևի և ուժային գերատեսչությունների ղեկավարների հետ հանդիպելու համար: Փորձագետները կարծում են, որ այս այցը ևս կապված է ռազմա-ռետխնիկական համագործակցության հերթական փուլի հետ: Ադրբեջանը չի թաքցնում, որ իսրայելական արտադրանքն արդարացրել է իրեն նախկինում՝ ինչպես, օրինակ, 2016-ին Ադրբեջանը կիրառել է ժամանակակից իսրայելական անօդաչուներ, որոնք հայկական կողմին դժվարությունների առաջ էին կանգնեցրել: Փորձագետները նշում են, որ իրենց արդարացրել են հատկապես Spike հակատանկային հրթիռները:

Ի դեպ, Ադրբեջանի նախագահն արդեն իսկ հիմքեր է ստեղծում նոր պատերազմի սանձազերծման համար՝ պատասխանատվությունը փորձելով հասցեագրել Հայաստանի ղեկավարության ուղղությամբ։ Ավարտվող շաբաթվա սկզբին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պնդել էր, թե Փաշինյանի հայտարարություները Ղարաբաղի հետ բանակցելու անհրաժեշտության մասին, անընդունելի են Ադրբեջանի համար: «Տպավորություն է՝ ասես Փաշինյանն ամեն կերպ փորձում է ձախողել բանակցային գործընթացը»,- ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերի հետ հանդիպմանն ասել էր Ադրբեջանի առաջնորդը:

Երեկ, Ֆրանսիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ Փարիզում տեղի ունեցած հանդիպման ընթացքում Նիկոլ Փաշինյանն, ըստ էության, պատասխանել է հենց Ալիևի ասածներին՝ հանդես գակով բավականին կոշտ հայտարարություններով։ Նիկոլ Փաշինյանն աել է, որ նախագահ Մակրոնը հետաքրքրվում էր կարգավորման հարցում հայկական կողմի պատկերացումներով: «Նա մտածում էր՝ արդյոք կա հնարավորություն լրջորեն քննարկել Ղարաբաղյան հարցի կարգավորումը, մենք այս կապակցությամբ մտքեր փոխանակեցինք, և ես ասացի, որ իմ կարծիքով՝ Ադրբեջանի ղեկավարությունն այդքան էլ անկեղծ չէ ԼՂ հարցի կարգավորման մասին խոսելիս: Հակամարտության կարգավորում հնարավոր է տարածաշրջանում կարգավորման մթնոլորտում, բայց լսում ենք հոխորտանքներ, և կարգավորման մասին հարցը նման պայմաններում իրատեսական չէ»,- ասել է նա: Ըստ ՀՀ վարչապետի՝ ինքը ասել է, որ եթե միջնորդներն ուզում են՝ կողմերն իսկապես զբաղվեն կարգավորմամբ, առաջին հերթին պետք է կարողանան կարգի հրավիրել Ադրբեջանին: «Եթե ոչ, եթե Ադրբեջանը մտածում է, որ ՀՀ-ին սպառնալիքներով կարող է հարցի լուծման մղել, սխալվում է: Ադրբեջանն էլ լավ չի արձանագրել, որ ՀՀ-ն հիմա ուրիշ է, մի Հայաստան է, որի շուրջ համախմբված է ողջ հայությունը՝ իր նոր ներուժով, և Ադրբեջանի ագրեսիվ գործողությունը չի լինելու ՀՀ-ի և Արցախի դեմ, այլ լինելու է ընդդեմ հայությանը և լինելու է հակահարված համախմբված և «դուխով» հայ ժողովրդից»,- ասել է նա:

Եթե վերանանանք երկուստեք հնչող մեղադրանքների տոնայնությունից, ապա պետք է արձանագրենք, որ կարգավորման գործընթացը վերսկսելու հեռանկարը դառնում է խիստ մշուշոտ՝ մեծացնելով պատերազմի սանձազերծման ռիսկերը։ Հիմա հակամարտության կողմերն, ըստ էության, զբաղված են ոչ թե կարգավորման գործընթացի համար նախադրյալներ ստեղծելով, այլ միջազգային հանրության մոտ իրենց արգումենտները լեգիտիմացնելով։

Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունից հետո պետությունների ղեկավարների մակարդակով հայ-ադրբեջանական բանակցությունենր չեն կայացել։ Առայժմ հանդիպել են միայն արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանն ու Էլմար Մամեդյարովը, որոնք սեպտեմբերի վերջին կրկին կնստեն բանակցային սեղանի շուրջ Նյու-Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի շրջանակներում: Իհարկե, արտգործնախարարների հանդիպումն անհրաժեշտություն է և կարող է մասամբ լիցքաթափել լարվածությունը, մյուս կողմից՝ Մնացականյան-Մամեդյարով բանակցությունները չեն կարող խթան հանդիսանալ բանակցային գործընթացի վերսկսման համար, մանավանդ, որ առայժմ չկան նախադրյալներ՝ Նիկոլ Փաշինյանի ու Իլհամ Ալիևի հանդիման նախապատրաստման համար։

Նյութի աղբյուր՝   1in.am  

Կատեգորիա: Լուրեր | Դիտումներ: 542 | Ավելացրեց: arpinews | - Վարկանիշ -: 0.0/0
x
x