Գլխավոր էջ » 2018 » September » 29 » Փաշինյանը բռնացրեց Ալիեւին ու իրար խառնեց բոլորին Lragir.am
6:49 PM
Փաշինյանը բռնացրեց Ալիեւին ու իրար խառնեց բոլորին Lragir.am

Lragir.am-ը գրում է.   

Դուշանբեից վերադարձից հետո ֆեյսբուքյան ուղիղ կապի ընթացքում ներկայացնելով ԱՊՀ Վեհաժողովի շրջանակում Ալիեւի հետ զրույցը, Նիկոլ Փաշինյանն ասել է, որ խոսել են սահմանին լարվածությունը նվազեցնելու անհրաժեշտության, ինչպես նաեւ հարկ եղած դեպքում օպերատիվ կապի հնարավորություն ստեղծելու մասին, ձեռք բերելով որոշ պայմանավորվածություններ:

Նիկոլ Փաշինյանի այդ հայտարարությունը Հայաստանում որոշակի իրարանցում է առաջացրել նախորդ համակարգի ներկայացուցիչների, դրա տարբեր սեգմենտների շրջանում, ընդհուպ այն, որ հայտարարվում է, թե փաստորեն Վիեննայի եւ Սանկտ-Պետերբուրգի պայմանավորվածությունները ջրվեցին:

Ընդհանրապես նախորդ համակարգից դեռեւս մնացող «տեղեկատվա-գաղափարական» շրջանակները Արցախի խնդրում շատ են շահարկում այդ հանգամանքը: Շահարկման վկայություն է այն, որ այդ շրջանակներն օրինակ քար լռություն էին պահպանում 2017-ի հոկտեմբերին Ժնեւում տեղի ունեցած հանդիպումից հետո, որտեղ Սարգսյանն ու Ալիեւն էին բանակցում համանախագահների միջնորդությամբ: Սանկտ-Պետերբուրգից հանդիպումից մոտ մեկուկես տարի անց, տեւական այդ դադարից հետո կազմակերպված հանդիպմանը եւ դրան հաջորդած հայտարարություններում որեւէ կերպ չի շոշափվել Վիեննայի եւ Սանկտ-Պետերբուրգի թեման: Դա չի եղել համանախագահների հայտարարության մեջ, որը հաջորդել էր հանդիպմանը, այդ մասին որեւէ բառ չի խոսել Սերժ Սարգսյանը շվեյցարահայ համայնքի հետ հանդիպմանը, որտեղ ներկայացրել էր Ալիեւի հետ զրույցի որոշ մանրամասներ:

Սակայն նրանք, ովքեր այսօր խոսում են Վիեննայի եւ Սանկտ-Պետերբուրգի օրակարգը կորցնելու մասին, քննադատելով դրա համար Հայաստանի իշխանությանը, քննադատական կես բառ անգամ չէին ասում Սերժ Սարգսյանին՝ Ժնեւից հետո: Նույնիսկ չէին հարցնում, թե ինչու՞ խոսք չկա Վիեննայի ու Սանկտ-Պետերբուրգի մասին:

Հենց այդ հանգամանքը վկայում է, որ ներկայում դրա մասին խոսելը տարրական շահարկում է, պարզունակ խաղ:

Իսկ Ժնեւում Սերժ Սարգսյանը հայկական համայնքի հետ հանդիպմանը գործնականում ասել էր գրեթե այն, ինչ Նիկոլ Փաշինյանը Դուշանբեից վերադարձից հետո: «Մի քանի րոպե առաջ Ադրբեջանի նախագահի հետ հանդիպումն ավարտվեց. որևէ կոնկրետ պայմանավորվածություն, այսպես ասած, չունենք, խնդրի լուծման տարբերակների մասին: Բայց պայմանավորվել ենք, որպեսզի միջոցներ ձեռնարկենք լարվածությունն էլ ավելի թուլացնելու, որպեսզի առաջնագծում չունենանք զոհեր: Պետք է ասեմ` և՛ Ադրբեջանի նախագահը, և՛ ես դրանում խորապես շահագրգռված ենք: Տա Աստված, որ միշտ այդպես կարծի», հայտարարել էր Սերժ Սարգսյանը:

Նրա «դյուրահավատության», Վիեննայի եւ Սանկտ-Պետերբուրգի օրակարգից շեղվելու մասին որեւէ ակնարկ իսկ չարեցին թե ՀՀԿ տարբեր կուսակցական գործիչներ, թե տարբեր փորձագետներ, որոնք այսօր քննադատում կամ ընդդիմախոսում են նոր իշխանությանը:

Սերժ Սարգսյանի այդ հայտարարությունից երեք օր անց հայկական կողմը սահմանին ունեցավ զոհ, ադրբեջանական զինուժը սպանեց հայ զինծառայողի:

Գուցե տարօրինակ հնչի, բայց Ժնեւում Սերժ Սարգսյանի հանդեպ կշտամբանքների բացակայությունը հիմնականում համարժեք արձագանք էր: Ավելին, հայկական կողմին թերեւս հաջողվել էր մեկուկես տարի անց Ալիեւին բերել բանակցության սեղան, ինչն ինքնին պարտավորություն է ռազմական դիվանագիտությանն ու պատերազմի հռետորաբանությանն ապավինող Բաքվի համար:

Որեւէ մեկը անշուշտ միամիտ չէ հավատալու համար, թե Ալիեւը հավատարիմ է մնալու չկրակելու եւ չսպանելու պայմանավորվածությանը: Նրա համար անգամ այդ մակարդակի հրադադարի խախտումից հրաժարվելը կարող է հավասար լինել ինքնասպանության: Հետեւաբար աներկբա է, որ պայմանավորվածություններով Ալիեւին չկրակել պարտադրելը իրատեսական չէ: Նրան պետք է ռազմա-տեխնիկական եւ քաղաքական առումով բերել այնպիսի վիճակի, երբ կրակելը եւ մարդ սպանելը սահմանին նրա համար լինի ավելի վտանգավոր:

Մյուս կողմից, սակայն, եթե Ալիեւի հետ քննարկվում է որեւէ պայմանավորվածություն եւ հայտարարվում այդ մասին, դա կարող է կազմել այդ խնդրի՝ նրան չկրակել պարտադրելու ռազմա-քաղաքական գործընթացի քաղաքական բաղադրիչի մաս, որովհետեւ այդպիսի յուրաքանչյուր փուլ բեռ է Բաքվի համար:

Այդ պատճառով էր Ալիեւը Սանկտ-Պետերբուրգից հետո մեկուկես տարի խուսափում Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից, իսկ Ժնեւից հետո էլ սպասում, որ Սարգսյանը կգնա երրորդ ժամկետի, որպեսզի նոր միայն հանդիպի նրա հետ, լավ պատկերացնելով, որ Սարգսյանը բավական մեծ զիջումների գնով է ստանալու երրորդ ժամկետի քաղաքական իրավունքը թե ներսում, թե արտաքին գործընկերների մոտ: Այդ պատճառով էլ նա «ինտենսիվ բանակցություն» էր ակնկալում ապրիլից հետո, այդ պատճառով նա իր ընտրությունը հոկտեմբերից տեղափոխեց ապրիլ, Սարգսյանի հանդեպ առավելությունն ավելի մեծացնելու համար:

Բայց Հայաստանում իրադարձությունները ընթացան Ալիեւի համար անսպասելի սցենարով, եւ «ինտենսիվ բանակցություն» ակնկալող Ալիեւը հասկացավ, որ իր ընտրությունն ապրիլ տեղափոխելով չի ստացվել պոկվել Սարգսյանից առաջ, որովհետեւ ապրիլին Հայաստանը փաստորեն կատարեց հսկայական քաղաքական թռիչք, որն այսօր ՄԱԿ ամբիոնից գնահատվում է իբրեւ ֆանտաստիկ օրինակելի մոդել:

Այդ իրավիճակում Ալիեւի համար Վիեննան ու Սանկտ-Պետերբուրգը ըստ էության դառնում են նույնիսկ փրկօղակ, որովհետեւ դրանք նրան տալիս են գոնե համանախագահների հետ առեւտրի հնարավորություն: Ըստ այդմ, Վիեննայի եւ Սանկտ-Պետերբուրգի օրակարգերը նոր իրավիճակում Հայաստանի համար ամենեւին ելակետ չեն, դրանք ձեռքբերում էին նախորդ համակարգի պայմաններում, սակայն Նոր Հայաստանի համար դրանք այլեւս ցածր նշաձող են: Հայաստանը պետք է բարձրացնի խնդրի քաղաքական նշաձողը, ինչն արվում է քայլ առ քայլ, դրանով Ադրբեջանին ստիպելով գալ քաղաքական դաշտ: Իսկ զուգահեռ Ադրբեջանին ցույց է տրվում նաեւ պատժիչ գործիքը, որ Հայաստանը կիրառում է եւ արդեն բաց հռետորաբանությամբ, իրեն վերապահելով այդ իրավունքը եւ հայտարարելով, որ դրանով Հայաստանը պատժում է ոչ միայն իր անվտանգության, այլ նաեւ համաշխարհային ժողովրդավարության դեմ կատարվող ոտնձգությունը:

Հայաստանը փորձում է քայլ առ քայլ փոխել իրավիճակի քաղաքական ռեժիմի տրամաբանությունը, եւ Ադրբեջանն այստեղ հայտնվում է իսկապես բարդ վիճակում: Չկա պատերազմի իրավունք, իսկ Հայաստանի վերափոխումն էլ ավելի ու ավելի մշուշոտ է դարձնում այդ իրավունքի «վերականգնման» հնարավորությունը:

Մնում է «փախչել» որեւէ հանդիպումից: Նա դա արեց հունիսին Մոսկվայում՝ Պուտինի ծանոթացնելուց հետո հրաժարվելով ավելի բան խոսել Փաշինյանի հետ, չմեկնեց ՄԱԿ ԳԱ, բայց Դուշանբեում Նիկոլ Փաշինյանը փաստորեն «բռնացրել» է Ալիեւին: Դա չի նշանակում, որ նա այլեւս չի կրակելու, եւ Ալիեւի հետ պայմանավորվածության մասին էլ Նիկոլ Փաշինյանն անշուշտ չի բարձրաձայնում, հավատալով նրա խոսքին: Նիկոլ Փաշինյանը պարզապես քաղաքական խոսք է ասում, եւս մի աստիճանով ավելացնելով Ադրբեջանի նախագահի քաղաքական բեռը եւ շարունակելով նեղացնել նրա ռազմական դիվանագիտության շրջանակը:

 

 

Նյութի աղբյուր՝   Lragir.am  

Կատեգորիա: Լուրեր | Դիտումներ: 312 | Ավելացրեց: arpinews | - Վարկանիշ -: 0.0/0
x
x