Գլխավոր էջ » 2018 » September » 17 » Փաշինյանի կառավարման օրոք առաջին իսկ խոշոր ընտրությունները ազատ չեն. Աշոտյան. Lragir.am
2:08 PM
Փաշինյանի կառավարման օրոք առաջին իսկ խոշոր ընտրությունները ազատ չեն. Աշոտյան. Lragir.am

Lragir.am-ը գրում է.   

Facebook-ի իր էջում ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրել է.

«Le Monde ֆրանսիական պարբերականին տրված հարցազրույցում Նիկոլ Փաշինյանը կարծիք է հայտնել, որ Երեւանի քաղաքապետի ընտրությունները Հայաստանի պատմության մեջ լինելու են աննախադեպ ազատ:

Հայաստանյան իրականությանը քիչ թե շատ մարդկանց համար սա, մեղմ ասած, վիճելի կարծիք է:

Ընտրություններին դեռ մեկ շաբաթ կա, բայց ներկայացնեմ այս պահի դրությամբ եղած փաստերի այն շարանը, որն ապացուցում է վարչապետի հայտարարության զրո կապը իրականության հետ:

1. Վարչապետի 100 օրվա պաշտոնավարման միտինգին, որը կազմակերպվել էր պետական բյուջեի միջոցներով, Նիկոլ Փաշինյանը չխորշեց իր թեկնածուի քարոզչությունը անելուց:

2. Քարոզչության մեկնարկի օրը ոստիկանություն բերման ենթարկվեցին ընտրությունների մասնակից ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ կուսակցության երկու անդամներ:

3. ԲՀԿ ցուցակի թեկնածուներից մեկին ոստիկանությունը Նիկոլ Փաշինյանի ցուցումով ներգրավեց «փռեմ ասֆալտին» օպերացիայում եւ հետագայում այդ դրվագը օգտագործվեց հակաքարոզչության նպատակով:

4. Իշխանական դաշինքի թեկնածուն քարոզարշավի մեկնարկին սկիզբ դրեց անհանդուրժողականության եւ ատելության արշավին՝ հասարակությունը բաժանելով սեւ-սպիտակների:

5. Նիկոլ Փաշինյանը ոչ միայն չդատապարտեց այդ դրվագը, այլ առավել խորացրեց այն՝ զարկ տալով հակաքարոզչության եւ սպառնալիքների նոր տարափին:

6. Վարչապետը, օգտագործելով պաշտոնեական հնարավորությունները, անձամբ ներգրավված է իր թեկնածուի քարոզչության մեջ: Նա փորձեց զուգահեռներ տանել մեր տարիների հետ, դիտավորյալ չբարձրաձայնելով, որ ՏԻՄ ընտրություններին այդպիսի փաստեր չեն եղել մեր կողմից:

7. Եվրոպական կառույցներից դիտորդներ չեն լինելու այս ընտրություններին, ի տարբերություն նախորդների:

8. Գոյություն ունի ակնհայտ անհավասար մեդիա-ծածկույթ իշխանական եւ այլ ուժերի միջեւ, որն առավել արտահայտված է ինտերնետ տիրույթում: Իդեպ, առ այսօր չկա անկախ մեդիա-մոնիտորինգի որեւէ տվյալ:

9. Հակաքարոզչության եւ սեւ քարոզչության մակարդակն աննախադեպ է, հատկապես սոցիալական ցանցերում, այն ուղղորդվում եւ խրախուսվում է իշխանական քարոզչական ապարատի կողմից:

10. Այս պահին չկան հանրային բանավեճեր հիմնական թեկնածուների միջեւ: Այս խնդրում ժամանակին մեղադրում էին մեզ, սակայն իրենք շարունակում են համառորեն նույն գործելաոճը դրսեւորել:

11. ԿԸՀ ղեկավարի վրա տեղի է ունեցել փողոցային հարձակում եւ քաշքշոց, ինչի մասին իշխանական մամուլը լռեց:

12. Արդեն հայտնի է, որ ընտրություններին տեղամասերում նախկինում տեղադրված տեսախցիկները չեն լինելու, ինչը ակնհայտ նահանջ է 2017 թվականի ընտրությունների համեմատ:

Իմի բերելով այս փաստերը, արդեն կարող են արձանագրել, որ Նիկոլ Փաշինյանի կառավարման օրոք առաջին իսկ խոշոր ընտրությունները ազատ չեն»:

Նյութի աղբյուր՝   Lragir.am  

Կատեգորիա: Լուրեր | Դիտումներ: 320 | Ավելացրեց: arpinews | - Վարկանիշ -: 0.0/0
x
x