Գլխավոր էջ » 2018 » September » 27 » Ում էր ձեռնտու Հենրիխ Մխիթարյանին դիվանագիտական անձնագրից զրկելու որոշումը. 1in.am
6:19 PM
Ում էր ձեռնտու Հենրիխ Մխիթարյանին դիվանագիտական անձնագրից զրկելու որոշումը. 1in.am

1in.am-ը գրում է.   

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանին դիվանագիտական անձնագրից զրկելու որոշումը քննարկման լայն առարկա է դարձել:

Հատկապես սոցիալական ցանցերում շատ օգտատերեր ողբերգություն են համարում հանրահայտ ֆուտբոլիստի՝ այլևս կարևոր փաստաթուղթ չունենալու փաստը:

Նշենք, որ ընդհանուր առմամբ չեղարկվել են 254 քաղաքացիների դիվանագիտական անձնագրեր: Բացի պետական պաշտոնյաներից՝ դիվանագիտական անձնագրեր են տրվում ՀՀ նախագահի, ԱԺ նախագահի, վարչապետի, Սահմանադրական դատարանի նախագահի ընտանիքի անդամներին, օտարերկրյա պետություն դիվանագիտական ծառայության մեկնած դիվանագետի ամուսնուն, ինչպես նաև մինչև 21 տարեկան չամուսնացած և խնամքի տակ գտնվող երեխաներին՝ դիվանագետի հետ օտարերկրյա պետություն մեկնելիս: Օրենքում նշված է, որ առանձին դեպքերում դիվանագիտական անձնագրեր կարող են տրվել այլ անձանց՝ ՀՀ նախագահի թույլտվությամբ:

Մխիթարյանին դիվանագիտական անձնագրից զրկելու որոշմանը երեկ արձագանքել էր նաև ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը: «Մեծ հիասթափությամբ այսօրվա մամուլից տեղեկացա, որ Հենրիխ Մխիթարյանին զրկել են դիվանագիտական անձնագրից: Հանդես գալով միջազգային գրանդ ակումբում, մասնակցելով միջազգային տարբեր մրցաշարերի, իր ակումբի հետ ուսումնամարզական հավաքների մեկնելով տարբեր երկրներ՝ Հենրիխ Մխիթարյանը ոչ թե ստիպված կլիներ ամեն անգամ իր սովորական անձնագիրը հատուկ փոստով ուղարկել Երևան կամ այլ քաղաքներ և, անցնելով տևական գործընթաց, այդ երկրների վիզա ստանար (ակումբակիցները նման անհրաժեշտություն չունեն, որովհետև ներկայացնում են Մեծ Բրիտանիան, ԵՄ-ն կամ այլ երկրներ, որոնց քաղաքացիներն ազատված են շատ երկրների վիզա ստանալու պահանջից), այլ ամբողջությամբ կենտրոնանալ իր խաղի ու արդյունքի վրա»,- ֆեյսբուքյան իր էջում գրել էր Ֆարմանյանը:

Այսօր եվրոպական ակումբներում ելույթ են ունենում հազարավոր ֆուտբոլիստներ աֆրիկյան, նախկին ԽՍՀՄ երկրներից, որոնք տեսականորեն կարող են խնդիրներ ունենալ այլ երկրներ ուղևորվելիս: Վերջին տարիներին, սակայն, դժվար է հիշել մի դեպք, երբ գրանդ ակումբում հանդես եկող որևէ օտարերկրացի ֆուտբոլիստ վիզա ստանալու հետ կապված խնդիր ունենա: Հայտնվելով եվրոպական ֆուտբոլային ակումբում՝ ֆուտբոլիստներն առաջին հերթին կնքում են աշխատանքային պայմանագիր, որը նաև ներառում է աշխատանքային այցեր այլ երկրներ: Հայկական ֆուտբոլային ակումբներում ևս օտարերկրացի ֆուտբոլիստը երբեք ստիպված չի լինում իր անձնագիրը փոստով ուղարկել հայրենիք կամ այլ երկիր: Այս փաստարկն ուղղակի ծիծաղելի է: Եթե նույնիսկ խնդիրներ են առաջանում, փաստաթղթային հարցերով զբաղվում են ակումբի աշխատակիցները: Այսինքն՝ պրոֆեսիոնալ ակումբներում, առավել ևս Պրեմիեր լիգայի թիմերում ստեղծված են բոլոր պայմանները, որպեսզի ֆուտբոլիստները կենտրոնանան միայն ու միայն մարզումների վրա:

Եվրոպա լիգայի 2018/2019 թթ. խաղարկության որակավորման երկրորդ փուլում Երևանի «Փյունիկը» մրցեց ղազախական «Տոբոլի» հետ: Արտագնա հանդիպումից մեկ օր առաջ հայտնի դարձավ, որ մեր թիմի միանգամից 5 լեգեոներներ՝ Մուհամեդ Կոնատեն, Դրիսա Դիարասուբան, Բակար Բալդեն, Դիդյե Կադիոն և Անդրիյա Դրագոևիչը Ղազախստանի մուտքի վիզա չեն ստացել: Ավելի ուշ «Փյունիկ» ակումբը լուծեց այս խնդիրը: Ավելին, ակումբի ղեկավարությունը չարտերային թռիչք նախաձեռնեց, որպեսզի ֆուտբոլիստները հնարավորինս արագ և հնարավորինս քիչ հոգնածությամբ հասնեն Կուստանա: Պարզից էլ պարզ է, որ այս ամբողջ գործընթացով զբաղվել են ոչ թե վերը նշված ֆուտբոլիստները, այլ երևանյան ակումբը: Այստեղից ակնհայտ է դառնում, որ Մխիթարյանին դիվանագիտական անձնագրից զրկելու որոշումը նախկին իշխանությունները ուղղակիորեն փորձում են շահարկել և վարկաբեկել Նոր Հայաստանի կառավարությանը:

Չցանկանալով մեկնաբանել մեր հավաքականի ավագին դիվանագիտական անձնագրից զրկելու փաստը՝ կարծում ենք, ակնհայտ է, որ որոշումը որևէ միտում չի հետապնդել: Hraparak.am-ին տված հարցազրույցում Հենրիխ Մխիթարյանի մայրը՝ Մարինա Թաշչյանը, նշել էր, որ որդու դիվանագիտական անձնագիրը չեղարկվել է մոտ մեկուկես ամիս առաջ: Այս ընթացքում ֆուտբոլիստը տեղի ունեցածի վերաբերյալ որևէ հայտարարություն կամ մեկնաբանություն չէր արել: Սա խոսում է Մխիթարյանի մարդկային կերպարի մասին, նա ևս մեկ անգամ ապացուցում է, որ տեղի ունեցածի վերաբերյալ աղմուկ բարձրացնելը քաղաքական նպատակներ է հետապնդում:

Այսքանից հետո կարծում ենք՝ պարզ է, թե իրականում ում էր ձեռնտու մեր հավաքականի ավագին դիվանագիտական անձնագրից զրկելու որոշումը: Դիվանագիտական անձնագրերից զրկված 254 քաղաքացիների շարքում կան բազմաթիվ անուններ, որոնց նման փաստաթուղթ ունենալու հանգամանքը, մեղմ ասած, անտրամաբանական է: Ի՞նչ է ստացվում. ՀՀ նախկին իշխանությունները ուղղակի զրոյացրել են դիվանագիտական անձնագրի արժեքը՝ այն օգտագործելով անձնական նպատակներով:

Նյութի աղբյուր՝   1in.am  

Կատեգորիա: Լուրեր | Դիտումներ: 209 | Ավելացրեց: arpinews | - Վարկանիշ -: 0.0/0
x
x