Գլխավոր էջ » 2018 » September » 14 » Ու այդքանից հետո նախկինները դեռ հոխորտում են. 1in.am
8:35 PM
Ու այդքանից հետո նախկինները դեռ հոխորտում են. 1in.am

1in.am-ը գրում է.   

Համաձայն վարչապետի տնտեսական հարցերով խորհրդական Մեսրոպ Առաքելյանի՝ սեպտեմբերի 12-ի ֆեյսբուքյան գրառման՝ 2019թ. հունվարի 1-ից հանրապետությունում նվազագույն կենսաթոշակը կբարձրանա 60%-ով՝ կազմելով 25.500 դրամ, որը գերազանցում է պարենային աղքատության շեմը:

«Կառավարությունը անում է առավելագույնն ապահովելու թոշակառուների արժանապատիվ և բարեկեցիկ ծերությունը: Ի դեպ, նախորդ իշխանությունների կողմից թոշակի բարձրացման որոշումներին կարող եք ծանոթանալ Հայաստանի ազգային արխիվում»,- ասված է վարչապետի խորհրդականի գրառման մեջ:

Նույն հարցի կապակցությամբ նա մեկ այլ հարթակում նոր պարզաբանումներ էլ է տվել. «Հաշվարկները դրված են հաջորդ տարվա պետական բյուջեի քննարկումներում, հետևաբար, օրենքի սահմանված գործընթացով օրենքի փոփոխությունն այն ժամանակահատվածում տեղի կունենա, որ արդեն հաջորդ տարվա հունվարի 1-ից նվազագույն կենսաթոշակի բարձրացման մասին փոփոխությունը ուժի մեջ մտնի։ Կառավարությունն այնպես է անում, որ Հայաստանում այլևս ծայրահեղ աղքատ թոշակառու չլինի»: Վարչապետի խորհրդականի հիշեցմամբ՝ նվազագույն պարենային զամբյուղից ցածր թոշակ ստացողների թիվը հասնում է շուրջ 80 հազարի, որոնց մեջ են աշխատանքային, զինվորական ու հաշմանդամության թոշակ ստացողները։ Խորհրդականի ներկայացմամբ՝ չնայած, որ այս օրենքը տարածվելու է

կենսաթոշակ ստացողների ոչ մեծ հատվածի վրա, սակայն կառավարությունն անում է առավելագույնը, որ, ընդհանուր առմամբ, կենսաթոշակները բարձրանան։

Հիշեցնենք, որ օրեր առաջ նույն հարցին անդրադարձել էր նաև սոցիալական ապահովության նախարար Մանե Թանդիլյանը, նշելով, որ «սա ռեսուրսի խնդիր է, բայց մի օր պետք է հասկանանք, որ մեր երկիրը պարտավոր է նվազագույն կենսամակարդակ ապահովել: Նախընտրելի է զգալի բարձրացնել նման ցածր կենսաթոշակ ստացող անձանց կենսաթոշակը, քան, ասենք, հազար դրամով բարձրացնել բոլորի կենսաթոշակը»,- ասել էր նա:

Հայաստանում աղքատությունը որոշվում է սպառման (ծախսի) և ոչ թե եկամտի մակարդակով: Աղքատության մակարդակը ներկայացվում է երեք շեմով՝ վերին, ստորին և պարենային կամ ծայրահեղ աղքատության: Հայաստանում աղքատ է համարվում նա, ում ամսական սպառումը (ծախսած գումարը) չի գերազանցում 40․867 դրամը: Շատ աղքատ է նա, ում սպառումը չի գերազանցում 33․418 դրամը, իսկ ծայրահեղ աղքատ է նա, ով սպառում է մինչև 23․313 դրամ:

ԱՎԾ տվյալներով՝ 2016 թ․-ին ծայրահեղ աղքատության գիծը կազմում էր 23․300 դրամ։ Վարչապետի խորհրդականը բացատրել է, որ ելնելով այն հանգամանքից, որ նոր տվյալներ չկան, վերցրել են 2016թ․-ի 23.300-ը, դրան գումարել այս տարիների գնաճն ու ստացել 25․500 դրամ։

Հասկանալի է, որ դա քիչ է, քանի որ պաշտոնական տվյալներով՝ Հայաստանում նվազագույն պարենային զամբյուղը 2017թ.-ին ընթացիկ գներով կազմել է ամսական կտրվածքով ավելի քան 33.000 դրամ: Իսկ սպառողական զամբյուղի արժեքը (սա 1.77 անգամ գերազանցում է պարենային զամբյուղին) արդեն անցել է 60.000-ի շեմը: Այս թիվը հաշվարկված է որպես մարդու առողջության պահպանման և կենսագործունեության ապահովման համար անհրաժեշտ սննդամթերքի, ոչ պարենային ապրանքների ու ծառայությունների նվազագույն շեմ: Հետևաբար, բնակչության այն զանգվածը, որն աղքատության վերին շեմից փոքր-ինչ ավելի սպառելու հնարավորություն ունի, չնայած, որ աղքատ չի համարվում, այդուհանդերձ, չի կարողանում ապահովել մարդու նորմալ կենսագործունեության համար անհրաժեշտ նվազագույն պահանջմունքները:

Կհետևի, որ 25.5 հազար թոշակ ստացողն այլևս չհամարվելով ծայրահեղ աղքատ, բայց և բավականին հեռու կլինի սպառողական զամբյուղից, որում ներառված են առաջին անհրաժեշտության սննդամթերքները:

Սա երկրի, պետության համար խիստ մտահոգիչ իրավիճակ է, բայց քայլը, որ արվել է կառավարության կողմից, խիստ ոգևորող է: Հարցն այն է, որ 2016թ. սեպտեմբերին վարչապետի պաշտոնը ստանձնելուց որոշ ժամանակ անց Կարեն Կարապետյանը հրապարակած խոստացավ 2018թ. հունվարի 1-ից բարձրացնել բազիսային աշխատավարձը և կենսաթոշակները:

Ավելի քան 14-15 ամիս անց այդպես էլ որևէ բարձրացում չեղավ: Ավելին, նույնիսկ 2019թ.-ի համար կառավարության միջնաժամկետ ծախսերի ծրագրում որևէ բարձրացում չնախատեսվեց: Խոստացողն էլ, որ հավակնություն ուներ երկրի թիվ մեկ գործիչը դառնալու, իրեն ոչ բնորոշ համեմատություն էր դրսևորում անկատար խոստումի վերաբերյալ որևէ պարզաբանումով հանդես գալու: Շեֆին «փրկելու» գործը ստանձնել էր ֆինանսների նախարար Վարդան Արամյանը, ով «մասնագիտորեն բացատրում էր», որ «ընթացիկ պարտավորությունը այնպես չի, որ դու հիմա բարձրացնում ես և հետո տնտեսական իրավիճակդ ցույց է տալիս, որ դա թույլ չի տալիս, հետո պետք է հետ գնաս, ճշտես, որ դրա հնարավորությունը չկա: Ամենավտանգավոր բանն այն է, որ դու կանխակալ բարձրացնես կամ ընթացիկ պարտավորություններ ստանձնես, դրանից հետո տեսնես, որ չես կարող իրականացնել»: Փաստորեն դրանով իսկ նրանք խոստովանում էին, որ չեն կարող տնտեսության մեջ իրավիճակ փոխել:

Փաշինյանի կառավարության ընդամենը երեք ամսվա գործունեությունից պարզվում է, որ, այնուամենայնիվ, դա հնարավոր է իրականացնել. թեկուզ քայլ առ քայլ, թեկուզ փոքր չափաբաժիններով, բայց հնարավոր է: Ընդամենը մեկ շաբաթ առաջ Փաշինյան-Պուտին հանդիպման ժամանակ պարզ դարձավ հերթական հնարավորը, որ նախկինների օրոք ամենա-ամենա անհնարին համարվողներից էր: Խոսքը գազի գնին է վերաբերում: Փաստորեն այն, ինչ անհնարին էր նախկինների օրոք, հնարավոր է դառնում այս կառավարության օրոք: Ընդ որում` հասարակությանն ամենաշատը հուզող հարցերի դեպքում: Ու այդքանից հետո այդ նախկինները դեռ հոխորտում են:

Նյութի աղբյուր՝   1in.am  

Կատեգորիա: Լուրեր | Դիտումներ: 326 | Ավելացրեց: arpinews | - Վարկանիշ -: 0.0/0
x
x