Գլխավոր էջ » 2018 » September » 30 » Նոր Հայաստանի առաջին պաշտոնյան, ում սուլեցին․ խնդիրը՝ համակարգի բացակայությունն է. 1in.am
11:00 AM
Նոր Հայաստանի առաջին պաշտոնյան, ում սուլեցին․ խնդիրը՝ համակարգի բացակայությունն է. 1in.am

1in.am-ը գրում է.   

Սկզբունքորեն պետք է տարանջատել առողջ, պատասխանատու քննադատությունը չարախնդությունից, չարակամությունից։

Եթե նոր իշխանությունը չկարողանա հաղթահարել այս բարդույթը, պրոբլեմներ կունենաք բոլորս, առաջին հերթին՝ պետությունը։

Երբ նախորդ հրապարակումներից մեկում արձանագրել էինք, թե Նիկոլ Փաշինյանի ամենամեծ բացթողումն այն է, որ անցած ամիսներին չի ստեղծվել արդյունավետ, որակյալ կառավարում իրականացնող նոր համակարգ, շատերը չընկալեցին ասվածի խորքային իմաստը։ Սակայն գլոբալ խնդիրը հենց նոր համակարգի կայացումն է, որովհետև Հայաստանի զարգացմանը չի կարող խանգարել ոչ մի իրական կամ քարոզչական նպատակներով ստեղծվող ռևանշիզմ, եթե գոյություն ունենա զարգացման ռեսուրս ունեցող համակարգ։

Դրա բացակայությունը զգացվում է ամենուր, եթե չկա Նիկոլ Փաշինյանի ներկայությունը, գործուն միջամտությունը։ Նախարարությունները, մարզպետարանները, պետական պաշտոնյաններն ու կառույցներն, ըստ էության, անգործունակ են առանց վարչապետի, նրա ուղղակի մասնակցության։ Երկար ժամանակ իշխանության ու պետության կայունությունը չի կարող ապահովել մեկ մարդու խարիզմայի, բարձր վարկանիշի, կրեատիվ ռեսուրսի հենքով։ Դա իսկապես վտանգավոր իրավիճակ է, որովհետև երբ չեն գործում ինստիտուտները, նրանք գոյատևում են հենց վարչապետի հանրային, քաղաքական ռեսուրսի հաշվին, էլ չենք ասում մյուս վտանգի մասին, որ անձնակենտրոն համակարգերում միշտ մեծ է ավտորիտարիզմի վտանգը, եթե նույնիսկ առաջնորդը ժողովրդավարության համովզած ջատագովն ու կողմնակիցն է։

Նոր Հայաստանում առաջին անգամ սուլեցին պաշտոնյային՝ պահանջելով նրա հրաժարականը։ Տեղի ունեցածն, իհարկե, լոկալ դրսևորում ունի, սակայն նշանային իրադարձություն է ու խոսում է հենց այն մասին, որ հեղափոխության հաղթանակից հինգ ամիս անց Հայաստանում չի ձևավորվել նոր համակարգ։

Դեռ մեկ շաբաթ առաջ, երբ Նիկոլ Փաշինյանն Արարատի մարզում էր, ակնհայտ դարձավ, որ մարզպետ Գարիկ Սարգսյանը, մեղմ ասած, չի տիրապետում իրավիճակին։ Սա այնքան ակնառու էր, որ կարծիքներ հնչեցին անգամ, որ Երևան վերադառնալուն պես վարչապետը պետք է իրավիճակին կադրային լուծումներ տա։

Կադրային լուծումներ, իհարկե, չեղան։ Պատճառներն, անշուշտ, տարբեր կարող են լինել․ ի վերջո՝ Գարիկ Սարգսյանն ոչ միայն հեղափոխական թիմի անմիջական անդամ է, այլ մեկը, ով կարողացել է իր հարազատ գյուղում՝ Նոր կյանքում, գյուղապետական ընտրություններում հաղթանակ տանել դեռ 2016-ի աշնանը՝ Սերժ Սարգսյանի իշխանության տարիներին։ Այլ խոսքով՝ Գարիկ Սարգսյանը այն փոքր հաղթանակի խորհրդանիշներից մեկն է, որոնք ստեղծեցին մեծ հաղթանակը։

Մեծ հաշվով՝ խնդիրը նույնիսկ Գարիկ Սարգսյանի անձի մեջ չէ, որովհետև երբ չկա արդյունավետ քաղաքականություն, չափելի չէ նաև կադրային քաղաքականության էֆեկտիվությունը։

Վարչապետի այցից հետո Արարատի մարզպետը ճգնեց ապացուցել, որ վերահսկում է իրավիճակը՝ փոձելով հասնել մարզի միակ խոշորացված համայքի՝ Ուրցաձորի երկարամյա կոռումպացված համայնքապետի հրաժարականին, սակայն պարզվեց, որ հեղափոխության ուժը չի աշխատում բոլոր այն դեպքերում, երբ չկա Նիկոլ Փաշինյանի ուղղակի միջամտությունը։ Արդյունքում՝ գյուղապետի հրաժարականը պահանջող մի խումբ գյուղացիներ փակեցին Հայաստանը Իրանին միացնող միջպետական ճանապարհը, սակայն իր կոռուպցիոն գործունեությամբ նույնիսկ ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում հայտնված գյուղապետը՝ մինի համակարգի կրող լինելով, կարողացավ կոնտրշարժում գեներացնել, որի մեծաթիվ մասնակիցները երեկ գյուղում տեղի ունեցած հավաքի ժամանակ ոչ միայն աջակցեցին գյուղապետին, այլ նաև մարզպետի ներկայությամբ սուլոցներով պահանջեցին նրա հրաժարականը։

Ամեն ինչ չէ, որ կարգավորվում է բացառապես օրենքով կամ միայն օրենքով․ հատկապես հեղափոխական իրավիճակներում շատ մեծ դեր ունի խոսքի, քաղաքական ուղերձի ուժը։ Նիկոլ Փաշինյանը հենց խոսքի ուժով կոնսոլիդացրեց հասարակությանը, կարողացավ վարչապետ ընտրվել մի խորհրդարանում, որտեղ, իր իսկ խոստովանությամբ, ուներ ընդամենը չորս պատգամավորի կայուն աջակցություն։ Գրեթե կասկածից վեր է, որ Փաշինյանը խոսքի ուժով կարող է կոնսոլիդացնել հասարակությանը և հասնել խորհրդարնական արտահերթ ընտրությունների անցկացմանը ու սա միանգամայն լեգիտիմ գործելաոճ է։

Մարզպետը կոռումպացված գյուղապետից ազատվելու սահմանադրական լծակ չունի, սակայն դրան կարող է հասնել խոսքի ուժով։ Բայց այդ ինստիտուտն ակնհայտորեն չի գործում, երբ չկա Նիկոլ Փաշինյանի ուղղակի մասնակցությունը ու երեկ տարակուսել կարելի էր, երբ 80%-ոց քաղաքական ուժի առանցքային ներկայացուցիչ համարվող մարզպետը չկարողացավ հաղթահարել գյուղական մասշտաբի մի քրեաօլիգարխի դիմադրություն՝ արժանանալով անգամ սուլոցների։

Սա հենց համակարգի բացակայության դրսևորում է, այլապես 80%-ոց հանրային աջակցության միակ կրողը չէր լինի Նիկոլ Փաշինյանն, ով օբյեկտիվորեն չի կարող լինել բոլոր տեղերում և զբաղվել բոլոր հարցերով։

Ավելի գլոբալ խնդիրներում նույն տխուր իրավիճակն է։ Օբյեկտիվորեն բազմազբաղ Նիկոլ Փաշինյանը չի կարողանում հասցնել զբաղվել Ամուլսարի խնրով և արդեն երեք ամիս է խնդրի շուրջ աննորմալ իրավիճակ է։ Փոխվարաչապետ Տիգրան Ավինայնը վերը թվարկած պատճառներով չի կարող իր գրասենյակի կամ պետական մյուս մարմինների ռեսուրսներով ինքուրույն լուծում տալ խնդրին, ինչի հետևանքով Հայսատանից երես են թեքելու ոչ միայն ներդրողները, այլ նաև փոխվարչապետին կամ կառավարությանը սուլելու են բնապահպանները։ Կառավարությունը չի կարող որոշումներ կայացնել, որը արժանանա բոլորի ծափահարություններին։ Պետք է որդեգրվի համակարգային մոտեցում, ինչի արդյունքում կծվի գործադիրի միասնական որոշում, որը՝ եթե նույնիսկ չի բավարարի բոլոր կողմերին, մոտիվացված ու արդարացված կլինի։ Առայժմ նման իրավիճակ չկա։

Ու այս համատեքստում բնավ պատահական չէ, որ ծնվում է Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատի(ՀԱԱՊ/AmCham)  հայտարարությունը, որտեղ մասնավորապես ասված է․ «ՀԱԱՊ-ը նաև մտահոգություն է հայտնում, որ Ամուլսար տանող ճանապարհները փակ են արդեն ավելի քան երեք ամիս և «Լիդիան Արմենիա»-ն զրկված է գործելու օրինական իրավունքից: Հանքարդյունաբերության ոլորտի շուրջ անհանգստությունը լիովին հասկանալի է, սակայն ՀԱԱՊ-ն ակնկալում է, որ այդ մտահոգություններին լուծումներ կտրվեն օրինական ճանապարհով և արդար ու պրոֆեսիոնալ միջոցներով: Մենք նաև ակնկալում ենք, որ նույն չափանիշներն արդար և հավասար կերպով կկիրառվեն ոլորտի բոլոր կազմակերպությունների հանդեպ: Որպես բիզնես միավորում, ՀԱԱՊ-ը ցանկանում է Հայաստանում տեսնել պատասխանատու և կայունության սկզբունքներին հավատարիմ հանքարդյունաբերության ոլորտ: Այս առումով հավասար դաշտը և օրենքի թափանցիկ, կանխատեսելի և անկողմնակալ կիրարկումը կարևորագույն նշանակություն ունի»։

Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատը առաջատար բիզնես միավորում է, որի անդամ են հանդիսանում տնտեսության տարբեր ոլորտների ավելի քան 120 կազմակերպություն: Կարիք չկա բացատրելու, թե լոբբիստական գործունեություն իրականացնող այս կազմակերպության կարծիքն ինչպիսի նշանակություն ունի Հայաստանում ներդրումներ կատարելու ցանկություն ունեցող ներդրողների համար։

Ժամանակն է, որպեսզի գիտակցվի՝ հեղափոխությունը կարող է հաջողել միայն որոշակի համակարգի, կոնկրետ գործողությոնների, պրոդուկտ, արդյունք դառնալու պարագայում։

Նյութի աղբյուր՝   1in.am  

Կատեգորիա: Լուրեր | Դիտումներ: 284 | Ավելացրեց: arpinews | - Վարկանիշ -: 0.0/0
x
x