Գլխավոր էջ » 2018 » September » 15 » Նիկոլ Փաշինյանը զգուշացրեց Ռոբերտ Քոչարյանին. Lragir.am
4:27 PM
Նիկոլ Փաշինյանը զգուշացրեց Ռոբերտ Քոչարյանին. Lragir.am

Lragir.am-ը գրում է.   

Դա ցույց է տալիս քաղաքականության մեջ Ռոբերտ Քոչարյանի ընկալումների մակարդակը, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով Մեդիամաքս գործակալությանը երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցի այն դրվագին, որտեղ նա ասում է, թե «Նիկոլ Փաշինյանը կփոշմանի, որ գլուխ է դրել իր հետ»:

«Սա իրենց թաղի, քուչի կռիվ չէ, որտեղ պարտվողները հեռանալիս ասում են՝ դե դու կփոշմանես հլը, կտենաս՝ ինչ կլինի», հայտարարել է Նիկոլ Փաշինյանը: Նա հայտարարել է, որ Ռոբերտ Քոչարյան քաղաքական գործոն Հայաստանում չկա, եւ ինքն այդ մասին հայտնել է նաեւ ռուսական Կոմերսանտի հետ հարցազրույցում: Իսկ Կոմերսանտի հետ զրույցը Նիկոլ Փաշինյանն ունեցել էր Պուտինի հետ սեպտեմբերի 8-ի հանդիպումից հետո:

Ուշագրավ է,  որ Հայաստանում Ռոբերտ Քոչարյան քաղաքական գործոն չլինելու մասին իր գնահատականը Նիկոլ Փաշինյանը վերհաստատում է նաեւ Ֆրանսիայի նախագահ Մակրոնի հետ հանդիպումից հետո, որը նախօրեին տեղի էր ունեցել Փարիզում:

Քննարկե՞լ է Փաշինյանը Ռոբերտ Քոչարյանի հարց Մակրոնի հետ՝ որից հետո էլ վերհաստատում է Պուտինի հետ հանդիպումից հետո Կոմերսանտին ասածը, թե ոչ: Դա բարդ է ասել: Նիկոլ Փաշինյանը հանդիպումից հետո հայ համայնքի հետ զրույցում հայտարարել էր, որ չի նախընտրում ներքաղաքական հարցեր քննարկել արտաքին դերակատարների հետ: Մյուս կողմից, այստեղ հենց էական է ընկալումների մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, այն, որ սա «քուչի կռիվ» չէ:

Վարչապետն ակնարկում է տեղի ունեցողի մասշտաբների ընկալման խնդրի մասին, որ կա Ռոբերտ Քոչարյանի մոտ, ու ոչ միայն նրա, այլ նախկին իշխանության տարբեր խմբերի գերակշռող մասի, նաեւ հանրային, քաղաքական այլ միավորների ու անհատների մոտ:

Այդ իմաստով հատկանշական է, որ Փաշինյանը Քոչարյանի գործոն չլինելու մասին հայտարարում է թե Պուտինի, թե Մակրոնի հետ հանդիպումներից հետո: Քոչարյանը տվյալ պարագայում միայն երկրորդ նախագահը չէ, այլ նախորդ համակարգի, կամ պարզապես հին Հայաստանի խորհրդանիշը: Ընդ որում, հին Հայաստանի ոչ միայն զուտ ներքին հարցերի, կառավարման եւ իշխանության բնույթի տեսանկյունից, այլ նաեւ արտաքին հարաբերությունների ու դերակատարության արեալի:

Վերափոխումները Հայաստանում տեղի են ունենում այդ մասշտաբի ընդգրկումով, եւ Փաշինյանի ակնարկը այդ մասին է, ու դրա համատեքստում է ուշագրավ, որ նա շոշափում է մասշտաբների խնդիրը Պուտինի ու Մակրոնի հետ հանդիպումից հետո՝ ուժային երկու կենտրոններ, որոնք առանցքային նշանակություն են ունեցել Հայաստանում իշխանության ձեւավորման գործընթացներում:

Այդ իմաստով Նիկոլ Փաշինյանն ակնարկում է, որ դուրս գալ Հայաստանում նոր իշխանության, նոր իրականության դեմ, երբ այն ձեւավորման փուլում է ու բավականին կարեւոր փուլում, նշանակում է դուրս գալ նաեւ այդ աշխարհքաղաքական համատեքստի դեմ, որ պարունակում է Հայաստանում տեղի ունեցողը:

Փաշինյանը հայտարարել է, որ թավշյա հեղափոխությունը չունի աշխարհքաղաքական համատեքստ, բայց այդ հայտարարությունն անշուշտ առնչվում է վեկտորներին, առաջնահերթությունների փոփոխությանը, կուրսի փոփոխությանը, բայց ամենեւին ոչ Հայաստանի դերին ու նշանակությանը:

Ավելին, դերի ու նշանակության առումով է նաեւ առաջացել Հայաստանում ներկայիս վերափոխումների գործընթացի, թավշյա հեղափոխության նաեւ աշխարհքաղաքական անհրաժեշտությունը: Եվ չնայած դրա շուրջ պարզունակ մանիպուլյատիվ փորձերին, որ արվում են Հայաստանում նոր իշխանությանը Ռուսաստանից Արեւմուտք խորամանկ շրջադարձի մտադրության համար մեղադրելով, իրականում հեղափոխության այդ աշխարհքաղաքական համատեքստը Հայաստանից այսպես ասած լռելյայն փոխհամաձայնությամբ ակնկալել է ոչ թե այդ շրջադարձը, այլ որակական վերափոխումը՝ առկա առաջնահերթությունների ստատուս-քվոյի պայմաններում:

Բանն այն է, որ Հայաստանի դերն ու խնդիրը այդ իմաստով չեն պահանջում տեղաշարժ Ռուսաստանից Արեւմուտք, հարավ կամ արեւելք: Հայաստանը Կովկասում անվտանգության կենտրոնն է, առանցքային կետը, որի շուրջ էլ կարող է ձեւավորվել նոր առանցք՝ ռազմավարական հեռանկարում, ներառելով Վրաստանը: Այդ կետում աշխարհքաղաքական վեկտորի փոփոխությունը կունենա ճակատագրական նշանակություն ամբողջ Կովկասի համար, փլուզելով արդեն մոտ մեկուկես տասնամյակ բավականին նուրբ եւ բարդ աշխատանքով, կարճատեւ պատերազմների եւ դժբախտաբար մարդկային զոհերի գնով հավաքվող նոր համակարգը: Այստեղ առաջարկվում է նաեւ փոխզիջում Ռուսաստանի համար՝ մասնակցել այդ համակարգին Հայաստանի հետ, կամ հեռանալ: Ընդ որում, խնդրահարույցը Հայաստանի համար այն է, որ այդ հեռանալու գնի զգալի մասը ստիպված կլինի նաեւ վճարել Հայաստանը, որը կլինի շատ թանկ գին:

Այդ պարագայում Հայաստանն էլ նոր իրավիճակում իր հերթին է առաջարկում Ռուսաստանին փոխզիջում՝ օգնել մնալ, բայց Մոսկվան էլ դրա դիմաց չի խանգարում Հայաստանին ներքին վերափոխումների եւ վերակազմակերպման հարցում, քանի որ միայն այդ դեպքում Հայաստանը կարող է լիարժեք կատարել իր առանցքային դերն ու հեռանկարում դառնալ առանցք:

Նիկոլ Փաշինյանի Մոսկվա, իսկ հետո Փարիզ այցերը թույլ են տալիս եզրակացնել, որ չնայած իհարկե տրանսֆորմացիոն, անցումային փուլի օբյեկտիվ խնդիրներին, գործընթացը ինքին շարունակվում է ադապտացման արդյունավետ եւ բնականոն ընթացքով:

Այդ դեպքում Ռոբերտ Քոչարյանը, կամ որեւէ մեկը կարող է փոշմանել, որ «գլուխ է դնում» այդ մասշտաբի հետ, եթե իրավիճակը գնահատվի այդ բառապաշարով: Այդ իմաստով Փաշինյանը զգուշացնում է Քոչարյանին, եւ թերեւս ակնարկում, որ այն, ինչ տեղի է ունենում, տեղի է ունենում ոչ ԱԱԾ եւ ՀՔԾ պետերի հեռախոսազրույցներում:

Նյութի աղբյուր՝   Lragir.am  

Կատեգորիա: Լուրեր | Դիտումներ: 215 | Ավելացրեց: arpinews | - Վարկանիշ -: 0.0/0
x
x