Գլխավոր էջ » 2018 » September » 26 » Նիկոլ Փաշինյանը չփոխեց վեկտորը, բայց փոխեց կոնցեպտը. 1in.am
7:00 PM
Նիկոլ Փաշինյանը չփոխեց վեկտորը, բայց փոխեց կոնցեպտը. 1in.am

1in.am-ը գրում է.   

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Նիկոլ Փաշինյանի ելույթը ըստ էության Հայաստանի նոր իշխանության յուրօրինակ արտաքին քաղաքական կոնցեպտ էր,

որի բացակայության մասին անցնող ամիսներին շատ էր խոսում հատկապես իշխանությունից հեռացված ՀՀԿ-ն, նաև քաղաքականություն վերադարձած Ռոբերտ Քոչարյանը: Իրականում կոնցեպտի բացակայություն թերևս չկար, առավել ևս, որ բավական բարդ է ներկայումս նույնիսկ խոսել որևէ կոնցեպտի մասին, երբ գտնվում ենք արագ փոխվող և գրեթե ամեն ժամ նոր իրողություններով համալրվող աշխարհաքաղաքական մի շրջանում, որը առանց չափազանցության հնարավոր է գնահատել որպես նոր աշխարհակարգի ձևավորման գործընթաց:

Այս պարագայում կոնցեպտուալ առումով Հայաստանն ունի թերևս մի խնդիր՝ հնարավորինս հարթեցնել որևէ սուր անկյուն կամ դրա ռիսկ և ազդակ հղել աշխարհին, որ շարունակելու է հարաբերություն կառուցել ոչ թե աշխարհաքաղաքական կենտրոնների միջև դիմակայության, այլ նրանց շահերի համադրման վրա: Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի ԳԱ ամբիոնից վերահաստատել է այդ իրողությունը, որ գալիս էր դեռևս նախորդ իշխանությունից: Այդ իմաստով ՄԱԿ-ում նրա ելույթը գործնականում մեսիջ էր աշխարհաքաղաքական բոլոր կենտրոններին, և հատկանշական է, որ այդ մեսիջը հնչում է հենց ՄԱԿ-ի ամբիոնից: Դա խորհրդանշում է թերևս այն, որ Հայաստանը ներկայանում է որպես ինքնիշխան պետություն, միջազգային իրավունքի սուվերեն սուբյեկտ, և դրա վրա է կառուցվելու սուր անկյունների բացառման քաղաքականությունը: Այդ իմաստով ՄԱԿ-ի ամբիոնը խորհրդանշում էր նաև այն, որ Երևանը չի պատրաստվում փակվել, այլ պատրաստ է նախաձեռնող լինել բոլոր ուղղություններով:

Այս տեսանկյունից սկզբունքորեն թվում է, որ չկա որևէ տարբերություն նախորդ իշխանության համեմատ, և առկա է կարևոր շարունակություն: Շարունակությունն իսկապես կարևոր է, սակայն դա ամենևին չի նշանակում տարբերության բացակայություն: Տարբերությունն ակնառու է, պարզապես ոչ թե դրսում, այլ ներսում: Հայաստանը սկսում է տարբերվել ներսում, և այստեղ կա առանցքային հանգամանք: Արտաքին քաղաքականությունը ներքինի շարունակությունն է: Հայաստանում կան շրջանակներ, որոնք համարում են, թե Հայաստանի դեպքում ներքինն է արտաքինի շարունակությունը: Այստեղ, սակայն, բարդույթ է, ոչ թե իրավիճակի ախտորոշում: Այստեղ փոքրության բարդույթ է, որի շրջանակում էլ կառուցվել է արտաքին քաղաքականությունը տարիներ շարունակ: Այլ կերպ ասած՝ հիմքում եղել է ոչ թե այն, թե ինչ է իրենից ներկայացնում Հայաստանը, այլ այն, թե ինչ են մտածում Հայաստանի մասին: Հետևանքը եղել է այն, որ Հայաստանը տարեցտարի արտաքին քաղաքականության սուբյեկտից վերածվել է օբյեկտի, ինչի հասունացող հետևանքի գագաթնակետն էլ եղել է ապրիլյան քառօրյա պատերազմը: Դրանից հետո Հայաստանի իշխանությունը գիտակցեց, որ, երբ ներքին քաղաքականությունն է դիտարկվում արտաքինի շարունակություն, ապա դա հանգեցնում է արտաքին կատակլիզմների, որին դիմակայելու ներքին ռեսուրսը լինում է անբավարար՝ բերելով ցավալի կորուստների: Սակայն ժամանակի ընթացքում դրա գիտակցումը ստորադասվեց իշխանության պահպանման բնազդին, և Հայաստանի իշխանությունը սկսեց վերստին դառնալ ներքինն արտաքինի շարունակություն դիտարկող «կոնցեպտին»:

Հայաստանում թավշյա հեղափոխությունը դրանից դուրս գալու հնարավորություն է, և Նիկոլ Փաշինյանի՝ ՄԱԿ-ի ամբիոնից հնչեցրած ելույթը կառուցված էր հենց դրա վրա՝ Հայաստանն այլևս իրենից ներկայացնում է նոր և հետաքրքիր մի մոդել ու այդ մոդելի վրա էլ կառուցում է իր արտաքին քաղաքականությունը, որը չի ենթադրելու ուղղությունների և վեկտորների փոփոխություն, այլ ենթադրելու է բովանդակային փոփոխություն՝ աշխարհին տալով ավելին և ավելին ակնկալելով աշխարհից:

Նյութի աղբյուր՝   1in.am  

Կատեգորիա: Լուրեր | Դիտումներ: 186 | Ավելացրեց: arpinews | - Վարկանիշ -: 0.0/0
x
x