Գլխավոր էջ » 2018 » September » 14 » Նիկոլ Փաշինյանի երրորդ գծի հրամայականները. 1in.am
3:04 PM
Նիկոլ Փաշինյանի երրորդ գծի հրամայականները. 1in.am

1in.am-ը գրում է.   

Մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը Ֆրանսիա, որտեղ նա հանդիպելու է այդ երկրի նախագահ Էմանուել Մակրոնին: Մինչ նրան հանդիպելը Նիկոլ Փաշինյանը հանդիպել է ֆրանսիացի գործարարների հետ՝ նրանց կոչ անելով ներդրում կատարել Հայաստանում:

Հայաստանում տեղի ունեցող թեժ ներքաղաքական և դրան զուգահեռ ընթացող արտաքին քաղաքական բավականին դինամիկ գործընթացում ներդրումային խնդիրը թերևս որոշակիորեն քիչ ուշադրության արժանացող, սակայն առանցքային նշանակության հարց է, որը «մուլտիպլիկատիվ» էֆեկտով իր ազդեցությունն է թողնելու թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքականության, թե՛ անվտանգության վրա: Ակնառու է, որ Հայաստանի կառավարությունը ներդրումների ինտենսիվ որոնման մեջ է: Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 8-ին Ռուսաստան կատարած այցի ընթացքում էլ հանդիպել էր ռուսաստանահայ ներդրողների հետ: Մեծ հավանականությամբ այդպիսի հանդիպում կարող է պատրաստվել ԱՄՆ կատարելիք աշխատանքային այցի շրջանակում, որը կլինի սեպտեմբերի վերջին՝ Նյու Յորքում ՄԱԿ ԳԱ-ին մասնակցելու նպատակով:

Միևնույն ժամանակ ակնառու է, որ ներդրողները չեն շտապում Հայաստան: Սակայն սա, իհարկե, ամենևին արտառոց երևույթ չէ: Որևէ երկրում հեղափոխական, թեկուզ թավշյա հեղափոխության ճանապարհով իշխանափոխությունից հետո երեք ամիս անց ներդրողները ճամպրուկները չեն հավաքում և գնում ներդրում անելու: Եվ այստեղ բերվող փաստարկները, թե նրանց ահաբեկում են կոռուպցիայի դեմ թեժ պայքարն ու դրա քաղաքական համատեքստը, իրականում ավելի շուտ իլյուստրացիոն բնույթի են, որովհետև եթե անգամ չլինեին դրանք, ներդրողները հերթ չէին կանգնելու նոր Հայաստանի դռանը: Նրանց իհարկե հետաքրքիր են զարգացումները իրենց օրինաչափություններով, իսկ դրանք ձևավորման փուլում են և օբյեկտիվորեն պահանջում են ժամանակ:

Հայկական թավշյա հեղափոխությունն առայժմ չի ձևավորել իր օրինաչափությունները, անգամ կոռուպցիայի դեմ պայքարի մասով, որովհետև այն կանգնած է ինստիտուցիոնալ խնդիրների առաջ: Իրավիճակը, որ ստեղծվել է, օրինակ, դատարանների առումով, դրա վկայությունն է: Ներդրողների համար իհարկե գրավիչ է, որ իշխանությունը որևէ ցուցում չի տալիս դատարանին, հայտարարում է այդ մասին, բայց խնդիրը այն է, որ նրանք կասկածներ ունեն, որ ինչ-որ մեկն այդուհանդերձ կարող է տալ: Այսինքն՝ իշխանության ցուցումի բացակայությունը դեռ անկախ արդարադատության առկայություն չէ: Սա իշխանությունն էլ ընդունում է, բայց սա բաց է և փաստ, ինչի հանդեպ ներդրողը բավական զգայուն է: Եվ այդօրինակ ինստիտուցիոնալ կանխատեսելիության հետ կապված խնդիրները դեռ շատ են, որոնք ավելանում են արդեն ավելի գլոբալ խնդիրների, որ առկա են Հայաստանի ներդրումային գրավչության մասով ընդհանրապես:

Այդ իրավիճակում պետք է արձանագրել, որ դեռևս տևական ժամանակ Հայաստանն օբյեկտիվորեն զուրկ է լինելու ներդրումային բումի գործնական հեռանկարից: Հայաստանի համար հրամայականը սեփական ռեսուրսների գերօպտիմալացումն է, ներքին ռեսուրսների գեներացիայի բարձր գործակցի ապահովումը և համահայկական ռեսուրսի ներգրավման շուրջ աշխույժ աշխատանքը, ինչն էլ իր հերթին պահանջում է իրավիճակի, այսպես ասած, գաղափարական փաթեթավորման և հագեցման շուրջ ինտենսիվ աշխատանք:

Եվ ակնհայտ է մի բան՝ Նիկոլ Փաշինյանը գերմարդ չէ այդ ամենն իր ուսերին կրելու համար, անհրաժեշտ է կենսունակ և պատասխանատու թիմի ձևավորում կամ փոքր շրջանակի ընդլայնում, միևնույն ժամանակ նաև իրավիճակը պահանջում է «ցանցային» համակարգի ձևավորում՝ փորձելով ընդհանուր հայտարար և օրակարգ ձևավորել թեկուզ թիմային անմիջական չափանիշներից դուրս շրջանակների հետ, որոնք, սակայն, կարող են ընդհանուր հայտարարի գալ իշխանության շուրջ հիմնարար մի քանի հարցերում և աշխատել համատեղ՝ ապահովելով ինստիտուցիոնալ կանխատեսելիության առնվազն բազային միջավայրի ամրություն:

Նյութի աղբյուր՝   1in.am  

Կատեգորիա: Լուրեր | Դիտումներ: 197 | Ավելացրեց: arpinews | - Վարկանիշ -: 0.0/0
x
x