Գլխավոր էջ » 2018 » September » 14 » Նալբանդյանը յուղ է լցնում կրակին. վտանգավոր փորձ, պետք է կանգ առնել. Լragir.am
1:01 AM
Նալբանդյանը յուղ է լցնում կրակին. վտանգավոր փորձ, պետք է կանգ առնել. Լragir.am

Lragir.am-ը գրում է.   

Հայաստանի արտաքին գործերի նախկին նախարար Էդվարդ Նալբանդյանը անդրադարձել է նախօրեին խորհրդարանում վարչապետ Փաշինյանի եւ պատգամավոր Արմեն Աշոտյանի միջեւ բանավեճին, Արցախի հարցի շուրջ բանակցային գործընթացի մասին Նիկոլ Փաշինյանի օգոստոսի 17-ի հայտարարության առնչությամբ, թե նախկին իշխանությունը բանակցել է «հող հանձնելու» շուրջ, սակայն իրեն է փորձում մեղադրել դրա համար եւ հանրության շրջանում տարածել, թե դա է իր նպատակը:

 

Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ լինելով վարչապետ եւ տեղեկանալով գործընթացի պատմությանը, կարող է անել այդպիսի հայտարարություն: Արմեն Աշոտյանը պահանջում է ներկայացնել ապացույց: Նիկոլ Փաշինյանը ասել էր, թե պետական շահից ելնելով չի կարող գաղտնազերծել այդ փաստաթուղթը, սակայն վերջինը, որ փոխանցել են իրեն բանակցային գործընթացի վերաբերյալ, չի պարունակում որեւէ խոսք կարգավիճակի մասին:

«Մենք բազմիցս ենք ասել և կարող եմ միայն վերահաստատել, որ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման վերջին տարիների աշխատանքային բոլոր փաստաթղթերում կարմիր թելով անցնում է, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը պետք է որոշվի նրա բնակչության կողմից՝ միջազգային իրավական ուժ ունեցող կամարտահայտության միջոցով: Ցավում եմ, որ վարչապետին մոլորության մեջ են դրել՝ ինչ-որ փաստաթուղթ ներկայացնելով», հայտարարում է արտաքին գործերի նախկին նախարար Էդվարդ Նալբանդյանը:

Նա անում է չափազանց պատասխանատու հայտարարություն, ասելով, թե վարչապետ Փաշինյանին մոլորեցրել են: Սակայն ըստ երեւույթին հանրությանը մոլորեցնում է ինքը՝ Նալբանդյանը:

Բանն այն է, որ Փաշինյանը հայտարարել է շատ հստակ, որ «բանակցել են հող հանձնելու շուրջ», եւ դրա շուրջ բանակցած մարդիկ իրենց իրավունք են վերապահում «հող հանձնելու» մեղադրանք ներկայացնել իրեն: Վարչապետ Փաշինյանը կրկնել է, որ խոսքը «հանձնելու» մասին չէ, այլ դրա շուրջ բանակցելու:

Իսկ դա ամենեւին չի պահանջում գաղտնազերծում, որովհետեւ բանակցության այդ թեման հանրահայտ է եւ կարգավորման գործընթացի սկզբից եւեթ սեղանին եղած բոլոր տարբերակները ենթադրել են տարածքների վերադարձ, եւ Հայաստանի բոլոր երեք նախագահները բանակցել են դրա շուրջ: Այլ հարց է, թե նրանցիցով ով ինչ պայման է դրել դրա համար, բայց բանակցել են բոլորը:

Ավելին, Սերժ Սարգսյանը Բլումբերգ գործակալությանը տված հարցազրույցում նույնիսկ բաց հայտարարել է, որ Կազանում քննարկել ու ստորագրության էին պատրաստել մի տարբերակ, որտեղ չկար կարգավիճակի հստակեցման մասին խոսք, բայց միջանկյալ կարգավիճակի դիմաց պատրաստվում էր 5 շրջանների վերադարձ: Սարգսյանը ներկայացրել էր, թե ինքը պատրաստ էր ստորագրման, բայց չեղավ, որովհետեւ հրաժարվեց Ալիեւը:

Լրիվ այլ հարց է, թե Սարգսյանը տակտիկական ինչ սխեմաներ է կիրառել, ինչ հաշվարկներ արել: Այլ հարց է ընդհանրապես, թե երեք նախագահները ինչ մտայնություններով ու հաշվարկներով են բանակցել:

Տվյալ պարագայում խնդիրն այն է, թե որտեղ էր Կազանի ժամանակ Նալբանդյանը եւ ընդհանրապես որ կողմից ու ինչ էր բանակցում նա, երբ հիմա խոսում է, թե Նիկոլ Փաշինյանին մոլորեցրել են, թեեւ իրականում հանրությանը մոլորեցնելու փորձ անում է ինքը:

Փաշինյանը այդ թեմայով ստիպված է արել հայտարարություն եւ պաշտպանվել, հերքել իր հասցեին մեղադրանքը, թե «հող է հանձնելու», որովհետեւ այդ օրերին Ռոբերտ Քոչարյանին աջակցող շրջանակները, նաեւ ՀՀԿ-ն նրան սատարող իր հայտարարությամբ, իսկ հետագայում էլ տեղեկատվական սատելիտներով տարածել էին մթնոլորտ ու մտայնություն, որ Քոչարյանին ձերբակալել են, եւ Արցախի հարցում «հստակ դիրքորոշում ունեցողներին» հետապնդում են, որ տարածք հանձնեն: Այդ ամենը ցավոտ ու զգայուն արձագանք էր գտնում նաեւ Արցախում, նաեւ գեներացվում արցախյան որոշ մերձիշխանական շրջանակում:

Այդ մթնոլորտը սրողները օգտագործեցին նաեւ ՀԱԿ անդամ Զոյա Թադեւոսյանի հայտնի աղմկոտ հայտարարությունը, փորձելով այն տողատակում կապել Փաշինյանի հետ:

Այդ իրավիճակում Նիկոլ Փաշինյանն ուղղակի հարկադրված էր պատասխանել իր հասցեին ուղղված մեղադրանքին, Հայաստանի, Արցախի եւ համայն հայության համար չափազանց զգայուն հարցի վերաբերյալ մեղադրանքին, որին չպատասխանելը ուղղակի կլիներ անհնարին: Նրա պատասխանը հստակ էր եւ համոզիչ:

Սակայն հատկանշական է, որ նախկին իշխանության տարբեր շրջանակներ շարունակում են գեներացնել թեման, եւ առավել տարօրինակ է, որ Հայաստանի նախկին արտգործնախարարը այդ գեներացումը դադարեցնելու եւ զգայուն, նուրբ, պետական շահի համար առանցքային նշանակություն ունեցող խնդիրը փակելու կոչի փոխարեն, փորձում է յուղ լցնել կրակի վրա, հայտարարելով, թե վարչապետին մոլորեցրել են: Այո, Նիկոլ Փաշինյանը փաստորեն հնչեցրել է պատասխան մեղադրանք, բայց դա եղել է պատասխան, կողմերն ասել են միմյանց ասելիքը, պետք է փակել թեման, չշարունակել դրա շահարկումը:

Բայց դրա փոխարեն  նոր յուղ է լցվում կրակին, այս անգամ նախկին արտգործնախարարի ձեռքով կամ բերանով: Մինչդեռ թվում էր, թե տասնամյա նախարարության փորձից ելնելով Նալբանդյանը պետք է կարողանար վեր կանգնել ամեն ինչից եւ դնել վերջակետ, չշարունակելով թեման:

Ո՞վ եւ ինչ նպատակով է բորբոքել ու պահում այդ կրակը տաք, որի վրա հիմա էլ Նալբանդյանն է յուղ լցնում:

 

 

Նյութի աղբյուր՝   Lragir.am  

Կատեգորիա: Լուրեր | Դիտումներ: 304 | Ավելացրեց: arpinews | - Վարկանիշ -: 0.0/0
x
x