Գլխավոր էջ » 2018 » September » 16 » «Կույսերի» մոտ էլ իրավիճակ փոխվեց. ահա թե ով էր հիմնել «Կույս կանանց միավորում»-ը Operativ.am
10:40 PM
«Կույսերի» մոտ էլ իրավիճակ փոխվեց. ահա թե ով էր հիմնել «Կույս կանանց միավորում»-ը Operativ.am

Operativ.am-ը գրում է.   

Ռաֆայել Թեյմուրազյանը Facebook-ի իր էջում գրել է. 

 

«Մենք իսկապես պատմական ժամանակներում ենք ապրում։ Հայաստանը նոր մեկնարկի հիանալի հնարավորություն ունի։ Մթնոլորտն այնպիսին է, որ ուզում ես անպայման մի ձևով օգտակար լինել, մի քար էլ դու դնես երկրի վերակառուցման գործում։

10 տարուց ավել է՝ Հայաստանում չեմ բնակվում։ Վերջին տարիներին երբեմն մտածում էի վերադառնալու մասին, իսկ ապրիլ-մայիսից հետո այդ միտքն է՛լ ավելի հաճախ սկսեց պտտվել գլխումս։ Օգտակար լինելու ձևերը կգտնեմ, հիմա սրա մասին չէ, որ ուզում եմ գրել։ Մինչև այս տարվա ապրիլ իրավիճակն այլ էր։ Համատարած հուսահատության ու հուսալքության տիրապետության պայմաններում գլխումս ուրիշ հարց էր. ես, անձամբ ես, ի՞նչ կարող եմ անել։

2015-ի սկզբին, երբ աշխատանքի բերումով Բրազիլիայից տեղափոխվել էի Պորտուգալիա, սկսեցի պորտուգալական հեռուստահաղորդումներ դիտել, որ ականջս տեղական ակցենտին սովորի։ Հաղորդումներից մեկի հյուրերն ինչ-որ հումորիստներ էին, իրենց աշխատանքից էին պատմում, ասում էին, որ իրենց արածը պարզապես մարդկանց զվարճացնելը չէ, այլ՝ կոնկրետ ասելիք, երբեմն՝ բողոք են արտահայտում, իսկ սարկազմը և հումորը դա տեղ հասցնելու միջոց են։

Սարկազմ։ Որոշեցի որ նեղվելու, բողոքելու փոխարեն այսուհետ այդպես պետք է արձագանքեմ տիրապետող գաղջին ու խրախուսվող բարքերին։ Բայց ո՞նց, ինչպե՞ս, ե՞րբ... Որոշեցի ֆեյսբուքում էջ բացել։ Ու սկսվե՜ց... Պահանջվեց 1-2 տարի և դոզայի հետևողական ավելացում, մինչև որ լայն զանգվածները վերջապես հասկացան, որ գրառումները սարկաստիկ բնույթ ունեն։

Ինձ համար բացահայտեցի հիմարության անսահմանությունը։ Էջն ուներ իր ոճը, և գրառումները հատուկ ոճի մեջ էին լինում։ Եթե ես գրելու լինեի, շատ բաներ այլ կերպ կասեի, բայց էջի ոճը թելադրում էր իր բառերն ու ասելիքը։ Գրառումն անում էի ու վազում ինչ-որ սեմինարի կամ թռիչքի, և երբեմն օրերով մոռանում էի, որ ինչ-որ բան եմ գրել։ Երբ հիշում էի ու կարդում արձագանքները, հատկապես սկզբնական շրջանում, հաճախ հռհռում էի ուղղակի, ու շուրջս գտնվողները չէին հասկանում՝ ինչ է կատարվում։ Էջն արդեն 11 հազարից ավելի հետևորդ ունի։ Նյութերը տարածվել են մոտ 25 հազար անգամ, կարդացել է 1 միլիոնից ավել մարդ, էջի անունը բրենդ է դարձել:

Իսկ ԶԼՄ-ները... Այս ոլորտի թշվառ վիճակն ավելի ակնառու դարձավ. նյութերը տարածել են գրեթե բոլոր քիչ թե շատ հայտնի լրատվական կայքերը, անդրադարձել են հեռուստաընկերություններ, «հարցազրույցներ» են հրապարակել թերթեր, «հավաստի աղբյուրներից» լուրեր են տարածել բազում ոչ հավաստի կայքեր։ Եվ դեռ քանի-քանի հեռուստահարցազրույցի հրավերներ էլ ստիպված եմ եղել մերժել: Հայաստանը հիմա լուրջ փուլում է, և տեղեկատվական տիրությում լուրջ պայքար է ընթանում։

Մտածում էի էջի անունը փոխել, որպեսզի հնարավոր լինի լուրջ գրառումներ անել, այլապես այսպես ստիպված եմ մնալ էջի ոճի մեջ, և անգամ լուրջ բնույթի գրառումները կրում են էջի ոճի ազդեցությունը. ինքս այդպես չէի գրի, եթե իմ անունից գրեի։ Պարզվեց՝ ֆեյսբուքը թույլ չի տալիս փոխել անունը, կարող եմ միայն ինչ-որ բառեր կրճատել կամ ավելացնել։ Այսպես, օրերս էջը վերանվանվեց «Միավորում». միավորում՝ հանուն ավելի լավ Հայաստանի։ Պետք է մեկտեղել ջանքերը՝ երկրի վերակառուցման այս հնարավորությունն առավելագույնս օգտագործելու համար։

Կփորձեմ պահել էջի հումորային, սարկաստիկ ոճը, բայց թերևս լուրջ բնույթի գրառումներ էլ կլինեն, որոնք հուսով եմ, որ նոր անվամբ էջի անունից արդեն լուրջ կընկալվեն և կունենան իրե՛նց ոճը, ոչ թե կմնան նախորդ անվան ազդեցության տակ։ Հա, ի դեպ, էջի նախորդ անունը «Կույս կանանց միավորում» էր։) Այսքանը։ Շնորհակալ եմ, որ տարածել եք գրառումները, նպաստել եք Սերժի ռեժիմի կողմից խրախուսվող բարքերի դեմ սարկաստիկ պայքարին։ Կեցցե՛ Հայաստանը»։ 

 

Նյութի աղբյուր՝   Operativ.am  

Կատեգորիա: Լուրեր | Դիտումներ: 207 | Ավելացրեց: arpinews | - Վարկանիշ -: 0.0/0
x
x