Գլխավոր էջ » 2018 » September » 24 » Կինը տղամարդու երես չի տեսնում, ուր մնաց ծեծվի. «Ընտանեկան բռնության մասին» օրենքի կիրառման հետքերով Armlur.am
10:20 PM
Կինը տղամարդու երես չի տեսնում, ուր մնաց ծեծվի. «Ընտանեկան բռնության մասին» օրենքի կիրառման հետքերով Armlur.am

Armlur.am-ը գրում է.   

 

 

Ինչպես հայտնի է, 2018  թվականի հունվարի 31-ին ԱԺ-ի ընդունած «Ընտանեկան բռնության մասին» օրենքն ուժի մեջ է մտել հուլիսի 1-ից, ոստիկանությունը սկսել է կիրառել այն: Այն ոստիկաններին լրացուցիչ հնարավորություններ է տվել. բռնության դեպքում իրավապահները կարողանում են անհետաձգելի միջամտության որոշում կայացնել:

Տեղեկացնենք, որ 3 պաշտպանական միջոց կա` նախազգուշացում, անհետաձգելի միջամտություն եւ պաշտպանական որոշում, ինչը դատարանի միջոցով է իրականացվում, առաջին երկուսը` ոստիկանի: Ի դեպ, այս տարվա 5 ամիսների ընթացքում արձանագրվել է կանանց նկատմամբ բռնության 864 դեպք, որից 40-ը` սեռական անձեռնմխելիության եւ սեռական ազատության դեմ ուղղված, 223-ը ընտանեկան բռնության դեպքերն են: Իսկ ահա անցած տարվա նույն ժամանակահատվածում գրանցվել է 842 բռնության դեպք, որից 41-ը` սեռական անձեռնմխելիության, 241-ը` ընտանեկան բռնության դեպք: Ամուսնու կողմից կնոջ նկատմամբ բռնության 164 դեպք է եղել, կնոջ կողմից ամուսնու նկատմամբ`1 դեպք: Ծնողի կողմից զավակի նկատմամբ` 10 դեպք, զավակի կողմից ծնողի նկատմամբ` 16 դեպք, ընտանիքի այլ անդամների կողմից 32 դեպք է արձանագրվել: Այս թեմայի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության երրորդ վարչության պետի տեղակալ, անչափահասների գծով բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանի հետ, ով ասաց. «Հուլիս, օգոստոս եւ սեպտեմերի 16-ը ներառյալ մենք ունեցել ենք 450 ամփոփագիր` ընտանեկան բռնության ահազանգերով, որից 375-ը ամուսնու կողմից կնոջ նկատմամբ են, իսկ 25-ը կնոջ կողմից  տղամարդու նկատմամբ: Չնայած մենք հունիսի 30-ին դեպք ենք ունեցել եւ առաջին բռնարարը, որին տանից հեռացրել ենք, դա եղել է կին»: 

Մյուս կողմից` «Կանանց աջակցման կենտրոն»-ի ներկայացուցիչ Հասմիկ Գեւորգյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում պնդեց, որ իրենց կենտրոնը այս տարեսկզբից մինչ օրս տղամարդու կողմից կնոջ նկատմամբ բռնության 502 դեպք է արձանագրել: «Ճիշտ է, սկսվել է կիրառվել պաշտպանական միջոցները`նախազգուշացում, անհետաձգելի միջամտություն, բայց մնացած առումներով փոփոխություններ չկան, որովհետեւ ճգնաժամային կենտրոններ, ապաստարաններ չեն բացվել: Այսինքն` շատ խնդիրներ կան, որոնք դեռ լուծման կարիք ունեն: Նաեւ դեռ վերապատրաստված մարդիկ չկան, որոնք կաշխատեն այս ոլորտում: Խնդիրը կա, եւ կանայք շատ են բարձրաձայնում, բայց դրանք այդպես էլ չեն լուծվում»,- մեծ ափսոսանքով նկատեց Հասմիկ Գեւորգյանը: Նրա խոսքերով` 502 դեպքից մոտ 200-ը արձանագրվել է հուլիսից սկսած: Ապա նկատեց, որ հանրության գերակշիռ մասը իրազեկ չէ օրենքից: «Այնպես չէ, որ իրենք մեզ դիմել են օրենքը իմանալով: Մենք ենք իրենց իրազեկել, որ կա նման օրենք: Անգամ կանանց մի մասը չգիտի`ոստիկանությունում տղամարդու նկատմամբ նախազգուշացում կիրառելը ինչ է նշանակում: Այնպես չէ, որ օրենքը ազդել է կանանց վրա, եւ իրենք գիտակցաբար դիմել են ոստիկանություն»,- լրացրեց նա: Մեր զրուցակիցը նկատեց նաեւ, որ օրենքում բազմաթիվ բացեր կան, որոնց լուծումը օդում կախված է մնում. «Օրինակ` բռնարարին պետք է ուղղորդեն վերականգման կենտրոն: Բայց վերականգման կենտրոն չկա, որ բռնարարին գնահատում արվի եւ դրան համապատասխան հոգեկան առողջության կենտրոն ուղեկցի կամ դասընթացի ուղարկի: Չկա կենտրոն, չկա դասընթաց: Իրազեկվածությունը շատ ցածր է, միայն իրավապաշտպանները, ՀԿ-ները եւ մնացած այլ կառույցներն են բարձրաձայնում»: «Ժողովուրդ» օրաթերթը երեկ զրուցել է համայնքապետերի հետ պարզելու՝ իրենց համայնքներում օրենքն ուժի մեջ մտնելուց հետո որեւէ բան փոխվել է, թե ոչ: ՀՀ Շիրակի մարզի Ոսկեհասկի գյուղապետ Արտաշես Սահակյանի խոսքերով` գյուղի բնակիչները տեղյակ են «Ընտանեկան բռնության կանխարգելման» մասին ՀՀ օրենքի մասին, բայց այն խախտող չկա: «Ցավդ տանեմ, ինչեր կխոսաս, ինչեր կխոսաս… ըդպես բան կյանքում մեր մտքով չի անցնում: Մեր ժողովուրդը էնքան լավ, բարեհամբույր են, որ նույնիսկ էն կենդանուն` շանը, կատվին, կովին բան չեն անի: Էդպես բան գոյություն չունի: Մենք մեզ թույլ չենք տա կանանց վրա ձեռք բարձրացնել: Մեր գյուղում տղամարդիկ հանդուրժող են: Կանայք էլ ոգեւորվողը չեն: Մեր կանայք տարվա մեջ երկու-երեք ամիս են տղամարդու երես տեսնում, բոլորը արտագնա աշխատանքի են մեկնում Ռուսաստան: Գյուղում տղամարդ քիչ է, բոլորը երեխա են, ուր մնաց բռնություն գործադրեն»,- վստահ ձայնով ասաց գյուղապետը: Իսկ ՀՀ Սյունիքի մարզի Գորայք համայնքում տղամարդիկ կանանց սիրում են, ոչ թե բռնանում նրանց նկատմամբ: Համենայնդեպս այդպես է պնդում Գորայքի գյուղապետ Առուստամ Առուստամյանը: «Մեզ մոտ բռնության դեպքեր չեն գրանցվում, թե տեղյակ չենք լինում, բայց առայժմ չկա նման բան. ոստիկանին բողոքի կինը, որ ամուսինը ծեծել է իրեն, հետո երեք օր բացատրություն տա նույն ոստիկանին, որ սխալվել է (ծիծաղում է-Ս.Հ.)… չէ, նման բան չկա: Բայց մի երկու-երեք տարի առաջ գյուղում նոր եկած ընտանիք կար, անընդհատ մարդ ու կին կռվում էին, լապատկայով ծեծել էր կնոջը, իսկ կինը ոստիկանություն չէր զանգում, ստիպված ես ինքս դիմեցի ոստիկանությանը, դրանից հետո այդ ընտանիքում վերացավ ծեծուջարդը: Մի խոսք կա է` քաղաքակրթությունը Զանգերից սկսում է ու աստիճանաբար դեպի ներքեւ մարում է, հիմա մեր գյուղը սկզբում է»,- հպարտացավ Առուստամյանը: Սյունէ Համբարձումյան 

 
 

 

Նյութի աղբյուր՝   Armlur.am  

Կատեգորիա: Շոու-Բիզնես | Դիտումներ: 166 | Ավելացրեց: arpinews | - Վարկանիշ -: 0.0/0
x
x