Գլխավոր էջ » 2018 » September » 29 » Ղեկավարների 9 արարքներ, որոնց պատճառով հեռանում են լավագույն աշխատակիցները 168.am
7:33 PM
Ղեկավարների 9 արարքներ, որոնց պատճառով հեռանում են լավագույն աշխատակիցները 168.am

168.am-ը գրում է.   

Զարմանալի է, բայց շատ ղեկավարներ հաճախ բողոքում են այն բանից, որ իրենցից հաճախ հեռանում են լավագույն աշխատակիցները։ Եթե դա այդպես է, նրանք տագնապ բարձրացնելու պատճառ ունեն, քանի որ ցանկացած ընկերության համար արժեքավոր աշխատակիցների կորստից թանկ բան չկա։

Այս խնդիրները կարելի է վերագրել ինչի ասես, բայց փաստը մնում է փաստ, որ մարդիկ չեն հեռանում, եթե իրենց աշխատանքը ձեռք չի տալիս, մարդիկ հեռանում են, եթե իրենց դուր չի գալիս ղեկավարը։

Ի դեպ, խնդիրներից կարելի է խուսափել՝ իրավիճակին նոր հայացք ձգելով ու փոքր-ինչ ջանքեր գործադրելով։

Նախ և առաջ անհրաժեշտ է հասկանալ, թե ղեկավարների որ գործողություններն են լավ աշխատակիցներին նյարդայնացնում նախ և առաջ։

1. Չափազանց մեծ ծանրաբեռնվածություն։
Չափազանց մեծ ծանրաբեռնվածությունն էմոցիոնալ մոխրացման հիմնական պատճառն է։ Եթե դուք լավագույն մասնագետների հետ եք աշխատում, նրանցից առավելագույնը կորզելու գայթակղությունը շատ մեծ է, սակայն այդպիսի մղումը մարդկանց շփոթեցնում է, և նրանց թվում է, թե իրենց պատժում են որակյալ աշխատանքի համար։

Բացի դրանից, ծանրաբեռնվածությունը նվազեցնում է աշխատանքի արդյունավետությունը։ Սթենֆորդի համալսարանի հետազոտություններն ապացուցել են, որ շաբաթական 50 և ավելի աշխատանքային ժամի դեպքում արդյունավետությունը կտրուկ ընկնում է, իսկ 55 ժամի դեպքում՝ ձգտում է 0-ի։

Եթե ձեզ անհրաժեշտ է տաղանդավոր աշխատակիցներին հանձնարարել աշխատանքի լրացուցիչ ծավալ, դուք պետք է նրանց կարգավիճակը բարձրացնեք։ Եթե դա չանեք, աշխատանքը շատ շուտ նրանց կհոգնեցնի, և վերջնական արդյունքում նրանք կհեռանան։

Հավելյալ ծանրաբեռնվածությունը կարելի է փոխհատուցել հավելավճարի, կարգավիճակի բարձրացման ու պաշտոնի փոփոխության միջոցով։ Չարժե հույս դնել այն բանի վրա, որ տաղանդավոր մարդիկ կաշխատեն ավելի շատ, քան մնացած բոլորը։ Ավելի շուտ նրանք պարզապես այնպիսի աշխատավայր կգտնեն, ուր նրանց կգնահատեն ըստ արժանվույն։

2. Գնահատանքի և լավ աշխատանքի համար պարգևների բացակայություն։
Առաջին հայացքից կարող է թվալ, որ ի նշան գոհության՝ ուսին մեղմորեն խփելը ոչինչ չի նշանակում, հատկապես՝ հոյակապ ներքին մոտիվացիա ունեցող լավագույն աշխատակցի համար։

Այդ տպավորությունը խաբուսիկ է, քանի որ գովեստը բոլորին է դուր գալիս, ներառյալ՝ նրանց, ովքեր ամբողջությամբ են տրվում աշխատանքին։ Ղեկավարները պետք է հաճախ շփվեն իրենց ենթակաների հետ ու հասկանան, իրենց համար պարզեն, թե ինչ կերպ կարող են նրանց մոտիվացնել ու պարգևատրել հաջողությունների համար։ Հիշեք, որ տաղանդավոր աշխատակիցների պարագայում դա հարկ կլինի բավականին հաճախ անել։

3. Մարդկային հոգատարության բացակայությունը։
Աշխատակիցների կեսից ավելին իրենց աշխատավայրերը թողնում են, քանի որ իրենց չի հաջողվում ղեկավարության հետ վստահելի հարաբերություններ ձևավորել։ Խելացի ղեկավարները կարողանում են պահպանել պրոֆեսիոնալիզմի ու մարդկայնության միջև եղած հավասարակշռությունը։ Նրանք իրենց աշխատակիցների հաջողությունները նշում են նրանց հետ, փորձում են օգնել նրանց, ովքեր լավագույն ժամանակները չեն ապրում, և ստիպում են աշխատել հնարավորությունների սահմանագծին, եթե դա անհրաժեշտ է։

Նրանք, ովքեր այդպես չեն վարվում, շարունակում են բողոքել կադրերի արտահոսքի բարձր տոկոսայնությունից։ Հազիվ թե մարդիկ ցանկանան աշխատել ձեզ հետ՝ չզգալով ձեր էմոցիոնալ ներգրավվածությունը ու անկեղծ հոգատարությունն իրենց բարեկեցության նկատմամբ։

4. Պարտավորությունների չկատարումը։
Աշխատակցին ինչ-որ բան խոստանալով՝ դուք կարող եք երջանկացնել կամ հիասթափեցնել նրան՝ սադրելով նրա հեռանալը։ Խոստումը կատարելով՝ դուք արդարացնում եք վստահությունը ու աճում եք նրա աչքերում, ինչը, անկասկած, շատ կարևոր է։ Հրաժարվելով խոստումը կատարելուց՝ դուք լպրծուն տիպի տպավորություն եք թողնում, ով չի հարգում ուրիշի զգացմունքները։ Եթե ղեկավարն իր խոստումները չի կատարում, վաղ թե ուշ, բոլոր աշխատակիցները կսկսեն հետևել նրա օրինակին։

5. Ոչ համապատասխան մասնագետներ աշխատանքի ընդունելն ու նրանց առաջ քաշելը։
Լավ, աշխատասեր աշխատակիցներն իրենց կողքին ուզում են տեսնել նույնպիսի բարեխիղճ գործընկերների։ Եթե ղեկավարը հոգ չի տանում նոր կադրերի հանգամանալից ընտրության մասին, դա դեմոտիվացնում է նրանց, ովքեր արդեն աշխատում են ընկերությունում։

Անհամապատասխան մասնագետների առաջխաղացումը միշտ ողբալի արդյունքների է հանգեցնում։ Համառորեն աշխատած մարդը, ով մնացել է առանց բարձրացման, հավանաբար կվիրավորվի ու կսկսի իր տաղանդի կիրառման համար այլ տեղ փնտրել։

6. Երազանքին հետևելու փորձերի խոչընդոտներ։
Տաղանդավոր մարդիկ միշտ տարված են իրենց գործով։ Նրանք երազանքներ ու հույսեր ունեն, որոնց անընդհատ ձգտում են։ Այդ ձգտումը նրանց թույլ է տալիս արդյունավետորեն աշխատել ու աշխատանքից հաճույք ստանալ։

Շատ ղեկավարներ սահմանափակում են իրենց ենթականերին։ Նրանք վախենում են, որ այդ մարդիկ ավելի վատ կաշխատեն, եթե թույլ տան, որ իրենց կիրքը կլանի նրանց։ Այդ վախը բոլորովին հիմնազուրկ չէ։

Հետազոտություններն ապացուցում են, որ երազանքի հետևից վազելու էյֆորիան մոտավորապես 5 անգամ բարձրացնում է աշխատանքի արդյունավետությունը։

7. Ուսուցման բացակայությունը։
Պատասխանելով ենթակաների նկատմամբ անուշադրության հարցին՝ շատ ղեկավարներ իրենց համար արդարացումներ են փնտրում՝ թաքնվելով այնպիսի բառերի հետևում, ինչպիսիք են «վստահություն», «ինքնուրույն աշխատանք», «իրավասությունների վերանայում», և այլն։

Դա կատարյալ հիմարություն է։ Ղեկավարները պետք է ղեկավարեն՝ անկախ այն բանից, թե որքան տաղանդավոր են իրենց ենթակաները։ Նրանք պետք է անընդհատ լսեն ու արտահայտեն իրենց կարծիքը։ Կառավարման գործընթացն անվերջ է։ Եթե ձեր ղեկավարության ներքո տաղանդավոր մարդ է աշխատում, ձեզ անհրաժեշտ է նրա համար նախանշել նրա զարգացման ուղին։ Լավագույն մասնագետները միշտ նկատի են ունենում հակադարձ կապը, ու դուք պարտավոր եք այն ներկայացնել։ Եթե դա տեղի չունենա, աշխատակիցն արագ կձանձրանա ու կթուալանա։

8. Ստեղծագործական մոտեցմանը հակազդելը։
Տաղանդավոր աշխատակիցները միշտ ձգտում են բարելավել այն, ինչին իրենք դիպչում են։ Եթե դուք նրանց թույլ չտաք դա անել՝ վախենալով նորարարություններից, նրանք շատ արագ կատեն իրենց աշխատանքը։ Ստեղծագործական մղումները զսպելու փորձերը բոլորին են վնասում՝ ներառյալ հենց իրեն՝ ղեկավարին։

9. Բարդ ու հետաքրքիր խնդիրների բացակայություն։
Լավագույն ղեկավարները երբեմն իրենց աշխատակիցներին այնպիսի խնդիրներ են հանձնարարում, որոնք առաջին հայացքից անիրագործելի են թվում։ Նրանք հրաժարվում են տրիվիալ նախագծերից, ու դրա փոխարեն՝ փորձում են մարդկանց իրենց հարմարավետության գոտուց դուրս մղել, ապա առավելագույն ջանքեր են գործադրում, որ նրանց օգնեն հաջողության հասնել։

Եթե տաղանդավոր ու խելացի մարդիկ ստիպված են զբաղվել պարզ կամ ձանձրալի աշխատանքով, նրանք սկսում են ուրիշը փնտրել, որ փորձարկեն իրենց ունակությունները։

Եզրակացություն։

Եթե դուք ուզում եք պահել արժեքավոր կադրերին, դուք պետք է վերանայեք ձեր վերաբերմունքը նրանց հանդեպ։ Հիշեք, որ տաղանդն ընտրության անսահման հնարավորություններ է տալիս։ Այնպես արեք, որ նրանք հենց ձեզ ընտրեն։

Հրապարակման պատրաստեց Սոֆա Պետրոսյանը

 

 

Նյութի աղբյուր՝   168.am  

Կատեգորիա: Հետաքրքիր | Դիտումներ: 235 | Ավելացրեց: arpinews | - Վարկանիշ -: 0.0/0
x
x