Գլխավոր էջ » 2018 » September » 20 » Եվրոպայի կոշտ պատասխանը Ռոբերտ Քոչարյանին ու Արփինե Հովհաննիսյանին Lragir.am
5:17 PM
Եվրոպայի կոշտ պատասխանը Ռոբերտ Քոչարյանին ու Արփինե Հովհաննիսյանին Lragir.am

Lragir.am-ը գրում է.   

Մարդու Իրավունքի Եվրոպական դատարանը վճիռ է հրապարակել Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի հանրապետության գործով, որն այլ կերպ ասած վճիռ է Մարտի 1-ի գործով: Փաստաբան Վահե Գրիգորյանն այդ կապակցությամբ գրառում է արել համացանցի իր էջում. «Արձանագրենք, որ ՄԻԵԴ-ն այս վճռով ուղղակի ոչնչացրել է 2008թ․-ի մարտիմեկյան դեպքերի կապակցությամբ մինչ այսօր գործադիր, օրենսդիր եւ դատական իշխանությունների կողմից հայաստանյան եւ միջազգային հանրությանը հրամցված վարկածը։

Դատարանը ճանաչել է դիմողի բոլոր իրավունքների խախտումները, որոնք ներկայացված են եղել Դատարանին։ Կառավարության բոլոր փաստարկները մերժվել են։ Այս վճռով քաղաքական զգայունության եւ կարեւորության գործերով Հայաստանում արդարադատության համակարգի գոյության վերաբերյալ պատրանքն էլ է ցրվել»:

ՄԻԵԴ որոշումը հատկապես ուշագրավ է Հայաստանում վերջին օրերին տեղի ունեցող ներքաղաքական զարգացումների, մասնավորապես նախկին իշխանության որոշ խմբերի նախաձեռնությունների ֆոնին, որոնք Հայաստանում նոր իրավիճակը բնութագրում են որպես ժողովրդավարության, մարդու իրավունքի խախտման եւ ընդհուպ բռնապետության դրսեւորում: Օրինակ, այդ գնահատականներն է հնչեցրել նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը, իսկ ԱԺ ներկայիս փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանն էլ հայտարարել էր Հայաստանի իրավիճակի այդ հարցը ԵԽԽՎ մոնիտորինգի խմբի քննության առարկա դարձնելու մասին: ԵԽԽՎ մասին խոսել էր նաեւ Ռոբերտ Քոչարյանը:

Փաստացի, ՄԻԵԴ որոշումը դառնում է պատասխան այդ գնահատականներին ու նախաձեռնություններին: Իհարկե ԵԽԽՎ-ն եւ ՄԻԵԴ-ը միմյանց շատ մոտ են աշխարհագրորեն՝ մի քանի րոպե քայլ կատարելու հեռավորության վրա, բայց ֆորմալ առումով դրանք տարբեր ինստիտուցիոնալ հարթություններ են, այդուհանդերձ ՄԻԵԴ վճիռը քաղաքական խորհրդանշականության տեսանկյունից ընդհուպ հարված է Ռոբերտ Քոչարյանին, Արփինե Հովհաննիսյանին եւ ընդհանրապես նախորդ համակարգի բոլոր այն սուբյեկտներին, որոնք ծրագրում են Հայաստանում «բռնապետության» հարց բարձրացնել ԵԽԽՎ առաջ:

Առայժմ այդ նախաձեռնության միակ դրական արձագանքը փաստորեն շարունակում է մնալ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի արձագանքը:

Խորքային առումով Եվրոպան թերեւս գիտակցում է, թե ինչ հարվածի տակ է դրվել Հայաստանի նախորդ համակարգից եկած այդ նախաձեռնությամբ: Բանն այն է, որ նախաձեռնությունը Եվրոպայի Խորհրդին դրել է Հայաստանում իր հանրային լեգիտիմությունը կասկածի տակ դնելու լրջագույն ռիսկի առաջ:

Այդ իմաստով ՄԻԵԴ որոշումը պատասխան կամ հարված լինելով Եվրոպան այդ ռիսկի առաջ դնող Հայաստանի նախկին համակարգի ներկայացուցիչներին, ահազանգ է նաեւ հենց ԵԽ ներկայացուցիչների համար, որոնք պետք է քննարկեն այդ բողոքները: 

 

Նյութի աղբյուր՝   Lragir.am  

Կատեգորիա: Լուրեր | Դիտումներ: 1048 | Ավելացրեց: arpinews | - Վարկանիշ -: 0.0/0
x
x