Գլխավոր էջ » 2018 » September » 27 » Եվրամիությունը հասկացավ, թե ինչ էր ասել Նիկոլ Փաշինյանը. 1in.am
10:49 AM
Եվրամիությունը հասկացավ, թե ինչ էր ասել Նիկոլ Փաշինյանը. 1in.am

1in.am-ը գրում է.   

Հայաստանում Եվրամիության դեսպան Պյոտր Սվիտալսկին հայտարարել է, թե հավատացած է, որ եվրոպական ընկերություններն ուշադիր վերլուծում են Հայաստանում փոփոխություններն ու հետաքրքրված են այստեղ գործունեության հեռանկարով:

Դեսպան Սվիտալսկին դրանից առաջ էլ հայտարարել էր, որ Հայաստանում տեղի ունեցողը հզոր առաջընթաց է, որը հնարավորություն է տալիս Հայաստանին գտնել նոր գործընկերներ Եվրոպայում և աշխարհում:

Հայաստանում թավշյա հեղափոխությունից հետո ինչպես բոլոր ուղղություններով, այնպես էլ Եվրամիության ուղղությամբ առկա էր ակնհայտ շփոթություն: Մի կողմից Հայաստանի նոր իշխանությունը և դրա կազմավորման ու այլ բարդությունները, ներառյալ կադրային, մյուս կողմից՝ Եվրոպայից Հայաստանում տեղի ունեցածի հանդեպ վերաբերմունքի խնդիրը, տեղի ունեցածը հասկանալու, ըմբռնելու խնդիրը:

Հունիսի 26-ին Բրյուսել այցից հետո Նիկոլ Փաշինյանի հայտնի հայտարարությունը, որ Երևանին չի բավարարում Եվրամիության հետ հարաբերության այն ծավաը, որ կար նախկին իշխանության ժամանակ, և նոր իշխանությունը փոփոխությունների շնորհիվ ակնկալում է ավելին, դիտարկվեց իբրև ճգնաժամ ԵՄ-ի հետ հարաբերություններում, իբրև անհարկի կոշտություն: Իրականում, սակայն, ժամանակի ընթացքում պարզ դարձավ, որ Նիկոլ Փաշինյանը բարձրաձայնում էր ոչ միայն այն, ինչ պետք է նոր իշխանությանը կամ Հայաստանին, այլև այն, ինչ պետք է նոր Հայաստանում Եվրամիությանը, Եվրոպային:

Եվ եթե Եվրամիությանը պետք է հուսալի ներկայացվածություն հայաստանյան նոր իրականության մեջ, մասնակցություն նոր Հայաստանի հեռանկարներին, դեր այդ հեռանկարներում, ապա Եվրոպան պետք է ձգտի լինել հայաստանյան նոր իրականությանը համարժեք: Իսկ այդ իրականության առանձնահատկությունն այն է, որ Երևանը փորձում է աշխարհի տարբեր կենտրոնների հետ անցնել խոսակցության ոչ թե «ձեռք պարզողի», այլ ինքնիշխան սուբյեկտի դիրքերից:

Հետևաբար դա նշանակում է, որ տեսանելի հեռանկարում Հայաստանի հարցում բարձրանալու է մրցակցության աստիճանը, և ըստ այդմ՝ օբյեկտիվորեն Եվրոպայից պահանջվելու է ավելին: Ընդ որում՝ սա վերաբերում է ոչ միայն Եվրոպային, սա վերաբերում է բոլորին, այդ թվում՝ Վաշինգտոնին, այդ թվում՝ Մոսկվային, և բոլոր նրանց, ովքեր ունեն Հայաստանի հետ փոխադարձ շահեր և հետաքրքրություններ:

Եվ սա պայման չէ, այլ ընդամենը հարաբերության առողջացման փորձ, մրցակցության առողջացման փորձ, ինչը միմիայն բխում է այդ փոխադարձ շահերի տրամաբանությունից և ըստ այդմ՝ նաև այդ բաց ռեժիմի շնորհիվ տարաբնույթ շահերը մեկ կետում, առնվազն մեկ կետում՝ անվտանգության ու կայունության հարցում համադրելու հրամայականից:

Ահա այդ առումով, Եվրամիության դեսպան Պյոտր Սվիտալսկու վերջին հայտարարությունները հուշում են, որ ի տարբերություն Փաշինյանի հայտնի հայտարարությանը հաջորդած առաջին արձագանքների՝ Եվրամիությունը ներկայումս սկսել է ավելի ու ավելի խորությամբ ընկալել Հայաստանում տեղի ունեցողի թե՛ ներքին, թե՛ արտաքին համատեքստն ու նշանակությունը, ինչը օբյեկտիվորեն հուշում է չուշանալ, բաց չթողնել հնարավորությունը, ինչը պարզ տեքստով ասել էր Նիկոլ Փաշինյանը: Ներկայումս այդ իմաստով նկատելի է, որ Երևանն ու Եվրամիությունը սկսում են խոսել նույն տրամաբանությամբ, և անհրաժեշտ է ինտենսիվացնել այդ երկխոսությունը:

Նյութի աղբյուր՝   1in.am  

Կատեգորիա: Լուրեր | Դիտումներ: 217 | Ավելացրեց: arpinews | - Վարկանիշ -: 0.0/0
x
x