Գլխավոր էջ » 2018 » September » 20 » Երեկ բեկում տեղի ունեցավ Lragir.am
6:19 PM
Երեկ բեկում տեղի ունեցավ Lragir.am

Lragir.am-ը գրում է.   

Այս կիրակի կկայանա Երեւանի ավագանու ընտրությունը, որի արդյունքներին բոլորն անհամբեր սպասում են՝ որպես փորձաքար Հայաստանի ապագա քաղաքական կյանքում: 

Ընտրությունները կարող են յուրահատուկ լինել, որովհետեւ քվեարկությունից մի քանի օր առաջ ոչ ոք չի կանխատեսում ուժերից որեւէ մեկի հաղթանակը: Դա պայմանավորված է հավատով, որ այս անգամ ընտրություններն իրոք ազնիվ ու արդար են լինելու, առանց կաշառքի ու վարչական ռեսուրսի:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի դաշինքը, որի ցուցակը գլխավորում է դերասան Հայկ Մարությանը, հավակնում է մեծամասնությանը՝ 40 %-ից ավելիին: Քչերն են կասկածում, որ հեղափոխական էյֆորիան հաղթանակ կապահովի Նիկոլ Փաշինյանի թեկնածուի համար, եթե ազդեցիկ մրցակից չունենար: Փորձագետները երկու հիմնական մրցակից են առանձնացնում՝ Նաիրա Զոհրաբյանին ԲՀԿ-ից եւ Արտակ Զեյնալյանին Լույս դաշինքից:

Ընտրությունների ինտրիգներից մեկն այն է, որ ՀՀԿ-ն չի մասնակցում, ինչը նշանակում է, որ հայտնի չէ, թե ով կստանա 260 հազար քվեները, որոնք տրվել էին ՀՀԿ-ին նախորդ ընտրություններին: Տեղեկություններ կան, որ ՀՀԿ-ն իր կողմնակիցներին կոչ է անում քվեարկել Արտակ Զեյնալյանի օգտին, ով իրոք կարող է բարձր արդյունք գրանցել:

Սոցիոլոգիական հարցումների ու հրապարակային հետազոտությունների բացակայությունը թույլ չի տալիս եզրակացություն անել, սակայն փորձագետները համակարծիք են, որ եթե ԲՀԿ-ն եւ Լույսը գործի դնեն իրենց ողջ ռեսուրսը, եւ եթե ՀՀԿ ձայներն իրենց գնան, այլ ոչ թե Իմ քայլը դաշինքին, ապա Հայկ Մարությանը կարող է նաեւ չստանալ անհրաժեշտ 40%-ը, եւ այդ դեպքում կոալիցիայի անհրաժեշտություն կծագի:

Եթե համարենք, որ այս ընտրությունները խորհրդարանական ընտրությունների գլխավոր փորձն է, ուրեմն պետք չէ զարմանալ, որ Նիկոլ Փաշինյանը ցանկանում է բացարձակ հաղթանակ տանել քաղաքապետի ընտրություններում: Դա այնքան կարեւոր է, որ Փաշինյանն անձամբ է մասնակցում նախընտրական արշավին՝ մրցակիցների դեմ կոշտ տեխնոլոգիաներ կիրառելով:

Երեկ, սակայն, բեկում է տեղի ունեցել նախընտրական քարոզարշավում, եւ տպավորություն է ստեղծվում, որ տեխնոլոգիաների փոփոխության պայմանավորվածություն կա:

Կոշտ տեխնոլոգիաների նպատակը ոչ միայն աներկբա հաղթանակն է, այլ նաեւ մրցակիցներին երկխոսություն պարտադրելը: Երեկ այդպիսի առաջարկ է արել ՀՀԿ-ն: Էդուարդ Շարմազանովը կոչ է արել Թուրքիայի եւ Ադրբեջանի մերձեցման ֆոնին զբաղվել անվտանգության հարցերով: Այլ խոսքով, ՀՀԿ-ն առաջարկում է իրեն օգտագործել անվտանգության հարցերի լուծման համար՝ ներքաղաքական պայքարից հրաժարվելու դիմաց: Միեւնույն ժամանակ, Սաշիկ Սարգսյանն առաջարկել է իր «օրինական միջոցների» մի մասը ներդնել տարբեր նախագծերում: Այսինքն, ՀՀԿ-ն առաջարկում է փող ու ծառայություններ իրեն հանգիստ թողնելու դիմաց:

Նիկոլ Փաշինյանի հասցեին կոշտ հայտարարություններից հետո ԲՀԿ պատգամավորները խոստացել էին, որ երեկոյան Գագիկ Ծառուկյանն անձամբ կպատասխանի բոլոր հարցերին, սակայն նա այդպես էլ չմասնակցեց նախընտրական հանդիպմանը, իսկ Նիկոլ Փաշինյանը հանրահավաքին հիշողություններին տրվեց եւ կոշտ հայտարարություններ չարեց: Այնպիսի տպավորություն է, որ որոշվել է հրաժարվել առճակատումից:

Ճիշտ է, Նիկոլ Փաշինյանը ներողություն չի խնդրել գործընկերներին վիրավորելու համար, ինչպես Էդմոն Մարուքյանն էր պահանջել:

Ընտրությունների արդյունքները ցույց կտան Երեւանի տրամադրությունը խորհրդարանական ընտրություններից առաջ: 

 

Նյութի աղբյուր՝   Lragir.am  

Կատեգորիա: Լուրեր | Դիտումներ: 235 | Ավելացրեց: arpinews | - Վարկանիշ -: 0.0/0
x
x