Գլխավոր էջ » 2018 » September » 14 » Երևանի հերթական զիջումը Մոսկվային․ Հայաստանի փոխվարչապետն առաջարկում է հրաժարվել դոլարից. 1in.am
11:46 PM
Երևանի հերթական զիջումը Մոսկվային․ Հայաստանի փոխվարչապետն առաջարկում է հրաժարվել դոլարից. 1in.am

1in.am-ը գրում է.   

Քիչ առաջ Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը МИР 24 հեռուստատեսության եթերից առաջարկել է հրաժարվել ամերիկյան դոլարից և անցնել ԵՏՄ-ի միասնական արժույթին, որը, բնականաբար, լինելու է ռուբլին կամ դրա հիմքով ստեղծվող արժույթը:

 

Գրիգորյանի կարծիքով՝ առանց միասնական արժույթի տնտեսական ինտեգրացիոն նախագծերը մեծ հեռանկար չունեն։ Նա, ըստ էության, կրկնել է այն առաջարկը, որի մասին օրերս Վլադիմիր Պուտինը խոսել է Վլադիվոստոկում։ Մհեր Գրիգորյանը փոխվարչապետի պաշտոնը զբաղեցնում է ԲՀԿ-ի քվոտայով ու շատ հնարավոր է մի քանի ամսից հեռանա կառավարությունից, մանավանդ որ Նիկոլ Փաշինյանը, ըստ էության, բաց տեքստով ասել է, որ խորհրդարանական արտահերթ ընտրություններից հետո կոալիցիոն այսօրվա ձևաչափը չի պահպանվելու։ Այսինքն՝ ստացվելու է տարօրինակ մի վիճակ, որ պաշտոնյան կարող է հեռանալ, սակայն նրա հայտարարության նստվածքը, քաղաքական հետևանքը մնան, որովհետև ռուսները, որպես կանոն, արագ «որսում» են նման հայտարարությունները։

Սա առաջին դեպքը չէ, որ Հայաստանի նոր կառավարության ներկայացուցիչները հանդես են գալիս նման արտառոց առաջարկություններով ու այդպես էլ անհասկանալի է մնում՝ դա նրանց մասնավոր կարծի՞քն է, թե՞ կառավարության պաշտոնական տեսակետը։ Հայաստանի ԱԳՆ-ն ղեկավարում է պրոֆեսիոնալ որակներով օժտված Զոհրաբ Մնացականյանը, սակայն հեղափոխությունից հետո այս կարևոր գերատեսչության գործունեությունը մի տեսակ անտեսանելի է, ինչը հանգեցրել է նրան, որ արտաքին քաղաքական հարաբերություններում մեր պաշտոնյաները հաճախ հանդես են գալիս իրարամերժ հայտարարություններով, ինչը բնավ էլ դրական միջազգային համատեքստ չի ձևավորում մեր երկրի շուրջ։ Էլ չենք ասում այն մասին, որ մեր երկիրը, ըստ էության, չունի արտաքին քաղաքականության կոնցեպցիա, ինչը շատ հաճախ բերում է քաոտիկ քայլերի՝ արտերկրում կասկածի տակ դնելով Հայաստանի՝ որպես վստահելի գործընկերոջ իմիջը։

Մյուս կողմից՝ հասարակությունն անվերապահ վստահություն ունի Նիկոլ Փաշինյանի ու նրա կառավարության հանդեպ։ Այս հանգամանքը մի կողմից խանգարում է, որպեսզի հասարակական հակազդեցություն առաջանա նման վտանգավոր հայտարարությունների հանդեպ, մյուս կողմից՝ թուլացնում է կառավարության անդամների զգոնությունը։

Հիմա՝ ըստ էության։ Ամբողջ խնդիրն այն է, որ կառավարության անդամները շատ հաճախ մեխանիկական հարթության վրա են ընկալում Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, թե հեղափոխությունը չի փոխել Հայաստանի արտաքին քաղաքականության վեկտորը։ Ըստ ամենայնի՝ կաբինետի անդամներին թվում է, որ հայ-ռուսական հարաբերություններում պահպանվել է վասալության ռեժիմը, ու նրանք շարունակում են անել հայտարարություններ, որոնք սպասարկում են ռուսական օրակարգը, Հայաստանը խցկում են Ռուսաստանի ու Արևմուտքի հակադրության հորձանուտ։

Արևմտյան, հատկապես ամերիկյան պատժամիջոցները ռուսական ռուբլին արժեզրկել են և այդ միտումը շարունակվելու է, մանավանդ որ հենց այսօր Վաշինգտոնում հայտարարել են, որ նոյեմբեր ամսին Ռուսաստանի դեմ կիրառվելու են նոր՝ ավելի խիստ ու թիրախային պատժամիջոցներ։ Այլ խոսքով՝ Մհեր Գրիգորյանի առաջարկությունը հիմնավոր չէ նույնիսկ տնտեսական տեսանկյունից։

Ավելի գլոբալ հարթության վրա խիստ մտահոգիչ է այն հանգամանքը, որ Հայաստանն ավելի հաճախակի է մասնակից դառնում Արևմուտքի դեմ Ռուսաստանի իրականացրած կամպանիաներին։ Մհեր Գրիգորյանի առաջարկությունն այդ շարքից է, նույն տրամաբանությունն ունի նաև Սիրիա Հայաստանի ԶՈւ մասնագետներ ուղարկելու և հայ-ռուսական հումանիտար առաքելություն իրականացնելու նախաձեռնությունը։

Կարծես այս անբարենպաստ համատեքստը շարունակվելու միտում ունի․ Ռուսաստանի ակտիվ ջանքերով Հայաստանում ստեղծվել է երկբևեռ քաղաքական համակարգ, որը, ըստ էության, լիովին վերահսկվում է Մոսկվայի կողմից։

Նյութի աղբյուր՝   1in.am  

Կատեգորիա: Լուրեր | Դիտումներ: 208 | Ավելացրեց: arpinews | - Վարկանիշ -: 0.0/0
x
x