Գլխավոր էջ » 2018 » September » 19 » Էջմիածնում ՔՊ-ն չի սատարում գործող քաղաքապետին, մանվելական փոխքաղաքապետը ևս պայքարի մեջ է. ընտրությունները թեժ են լինելու. 1in.am
11:43 AM
Էջմիածնում ՔՊ-ն չի սատարում գործող քաղաքապետին, մանվելական փոխքաղաքապետը ևս պայքարի մեջ է. ընտրությունները թեժ են լինելու. 1in.am

1in.am-ը գրում է.   

Հոկտեմբերին Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում, բոլոր այն քաղաքներում, որոնք առանց ղեկավար են մնացել, տեղի են ունենալու քաղաքապետի ընտրություններ:

Գեներալ Մանվել Գրիգորյանի կլանից հետո Էջմիածնում սա առաջին ընտրությունն է, և կանխատեսելի է, որ անցնելու է բավական լարված մթնոլորտում: Ինչպես ասում են էջմիածնեցիները, առաջին անգամ առանց վախի կգնան ընտրության: Գեներալի որդու՝ Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանի հրաժարականից հետո քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար էր նշանակվել Դիանա Գասպարյանը:

Քաղաքապետի ընտրւթյուններում Էջմիածինը թեկնածուների պակաս չի ունենալու: Այս պահին քաղաքապետի աթոռի համար պայքարը գնում է 6 հոգու միջև: Ինչպես տեղեկացավ «Առաջին լրատվական»-ը, քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Դիանա Գասպարյանը ևս ցանկություն ունի առաջադրվելու: Ինչպես մասնավոր զրույցներում ասել է Գասպարյանը, իրեն սատարում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, սակայն, մեր տեղեկություններով, ՔՊ-ն դեռ հստակ որոշած թեկնածու չունի, իսկ Գասպարյանին համարում է թույլ թեկնածու: Այլ կերպ ասած՝ ՔՊ-ն Էջմիածնում ուժեղ քաղաքապետի թեկնածուի փնտրտուքների մեջ է:

Հաջորդ թեկնածուն, ով նպատակ ունի դառնալ Էջմիածնի քաղաքապետ, նախկին փոխքաղաքապետ Վազրիկ Գրիգորյանն է, ով համարվում է գեներալ Մանվելի շրջապատից:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը Էջմիածնի քաղաքապետի ընտրություններում սատարում է «Յունիբանկ» ՓԲԸ-ի կառավարիչ Վահե Մովսիսյանին: ԲՀԿ-ն սատարում է վերջինիս պատգամավոր Հրանտ Դավթյանի միջոցով: Թեկնածուի և պատգամավորի միջև ազգակցական որևէ կապ չկա, պարզապես նպատակը յուրային թեկնածու ունենալն է:

Էջմիածնի քաղաքապետի ընտրություններում «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը ևս նախընտրելի թեկնածու ունի: Դեռ հայտնի չէ՝ «Լույս» դաշինքո՞վ, թե՞ միայն «Լուսավոր Հայաստան» կուսակցությամբ կառաջադրվի Սերգեյ Կարապետյանը: Ի դեպ՝ Կարապետյանը Էջմիածնում այնքան էլ ճանաչված չէ: Միայն ասում են՝ խելոք, հանգիստ երիտասարդ է, փորձում է քաղաքականություն մտնել, դրսից է եկել, շատերի հետ կապեր չունի, սկանդալային անցյալ՝ ևս:

Կարեն Գրիգորյանի հրաժարականից շատ չանցած քաղաքապետ դառնալու ցանկություն էր հայտնում Սամվել Մուրադյանը, ով առավել հայտնի է որպես Փոշտի Սամո կամ Թամադա Սամո: Վերջինս համարվում է Հակոբ Հակոբյանի՝ Ճոյտի շրջապատից, նրա միջոցով ավագանու անդամ է եղել:

Քաղաքապետ դառնալու ցանկություն է հայտնել նաև ավագանու անդամ Սուրեն Մուրադյանը, ում այս պահի դրությամբ որևէ քաղաքական ուժ չի սատարում: Ավագանի է եղել, հիմա ցանկություն է հայտնում դառնալ քաղաքապետ: Ի դեպ՝ Արթուր Ասատրյանը՝ Դոն Պիպոն, և իր թիմակիցները քաղաքապետի թեկնածուներից ոչ մեկին չեն սատարում: Մի քանի օր առաջ էլ պաշտոնական հայտարարություն է տարածվել նրա հիմնադրամի անունից, որ իրենք քաղաքականությանը չեն խառնվելու, որևէ մեկին չեն սատարելու ու նախընտրած թեկնածու չունեն: Բայց դե քաղաքականությունը հնարավորինի արվեստ է… Իսկ թե ում կտա իր ձայնն էջմիածնեցին՝ պարզ կլինի միայն ընտրությունից հետո:

Նյութի աղբյուր՝   1in.am  

Կատեգորիա: Լուրեր | Դիտումներ: 153 | Ավելացրեց: arpinews | - Վարկանիշ -: 0.0/0
x
x