Գլխավոր էջ » 2018 » September » 29 » Աստված մի արասցե, որ նախորդ երեք նախագահներից որևէ մեկը կրկին հայտնվի քաղաքական դաշտում. Դեմկուսի նախագահ Operativ.am
12:34 PM
Աստված մի արասցե, որ նախորդ երեք նախագահներից որևէ մեկը կրկին հայտնվի քաղաքական դաշտում. Դեմկուսի նախագահ Operativ.am

Operativ.am-ը գրում է.   

«Փաստ» թերթը գրում է. Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը կարծում է, որ խորհրդարանական ընտրությունները պետք է անցկացվեն օրինական ճանապարհով: Եվ եթե օրենքը թույլ չտա կամ խորհրդարանական ուժերը համաձայնության չգան, ապա պետք չէ առանձնապես շտապել:

«Արտահերթ ընտրություններ անցկացնելու համար կա՛մ պետք է սահմանադրական փոփոխություն իրականացնել, կա՛մ, եթե անհրաժեշտ լինի, անգամ հանրաքվե անցկացնել: Ես կարծում եմ, որ բոլորն են շահագրգռված, որ այդ գործընթացը բնականոն ձևով զարգանա, ուստի կարծում եմ, որ արտահերթ ընտրությունները պետք է ավելի ուշ տեղի ունենան:

Դա քաղաքական ուժերին հնարավորություն կտա ներկա իրավիճակը վերլուծել և պատշաճ պատրաստվել արտահերթ խորհրդարանական ընտրություններին: Հակառակ դեպքում մենք կունենանք մոտավորապես նույն պատկերը, ինչը ունեցանք Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների ժամանակ»,- ասաց Ա. Սարգսյանը: Քաղաքական գործիչն այն համոզման է, որ անցած ընտրությունների ժամանակ մարդիկ ոչ թե ընտրում էին ծրագիրը կամ անհատին, այլ ամեն ինչ արեցին՝ հին ուժից ազատվելու և նոր ուժին հաստատվելու հնարավորություն տալու համար: Դեմկուսի ղեկավարի կարծիքով, եթե խորհրդարանական ընտրությունների ժամանակ էլ կրկին գործի էյֆորիայի գործոնը, ապա այն կվտանգի ընդհանուր քաղաքական համակարգը:

«Եթե ապագա խորհրդարանում չլինի կառուցողական լուրջ ընդդիմություն, ապա մենք կգնանք բոլորովին այլ ճանապարհով: Եվ որքան բարձր գիտակցություն, զսպվածության բարձր մակարդակ ունենա այդ ուժը, որքան էլ մեծ լինի սեփական անձի նկատմամբ ինքնաքննադատական մոտեցումը, միևնույն է, ոչինչ էլ չի ստացվի: Կարևոր է, որ Հայաստանի քայլերը և քաղաքական համակարգը հասկանալի լինեն նաև արտաքին աշխարհի ներկայացուցիչների համար:

Դրանից է կախված, թե որքանով այն կայուն կլինի: Եվ, քանի որ մենք արդեն տեսել ենք, թե քաղաքական մենաշնորհի պարագայում ինչպիսի արդյունք կարող է արձանագրվել, ուստի նույն ճանապարհով գնալը նույնն է, թե նույն փոսի առջև կանգնելը»,- ասաց Ա. Սարգսյանը: Այդ ամենից խուսափելու միակ ճանապարհը կուսակցության առաջնորդը տեսնում է ուժեղ ընդդիմություն ունենալու մեջ, որն ամենից շատ հենց վարչապետ Նիկոլ Փաշինյանին է պետք: Հակառակ դեպքում որքան էլ մեծ լինի ցանկությունը, մեկ է, նա չի կարողանալու պատշաճ վերահսկել իր բոլոր կուսակիցների գործողությունները:

Ա. Սարգսյանը ներքին վտանգներից բացի մատնանշեց նաև արտաքին վտանգները, որոնք արդեն երկար ժամանակ է՝ կախված են ոչ միայն Արցախի, այլև Հայաստանի գլխին: Խոսքն Ադրբեջանի կողմից հնչեցվող սպառնալիքների մասին է, որը, կարծես թե, գնալով մեծանում է: «Ադրբեջանը ատամները սրած սպասում է, որ հարմար պահի հարձակվի ոչ միայն Արցախի, այլև Հայաստանի վրա: Եվ այս պարագայում փորձության մատնել մեր սկզբունքներն ու լուրջ հարաբերությունները մեր դաշնակից երկրի հետ, ես կարծում եմ շատ վտանգավոր է:

Այդ մասին մեզ պետք է հուշի նաև ՌԴ նախագահի այցը Բաքու: Ու եթե պետք է մի կողմից ասենք, որ Ռուսաստանի հետ հիանալի հարաբերություններ են, բայց փաստացի դա այդպես չլինի, ապա դա, իրոք, կարող է մեզ բավականին վտանգավոր իրավիճակի առջև կանգնեցնել»,- ասաց Ա. Սարգսյանը: Ուժեղ ընդդիմություն ունենալու հանգամանքը կարևորելով՝ հետաքրքիր էր, թե կուսակցության առաջնորդն այդ դերում ո՞ւմ է տեսնում:

Արդյո՞ք նկատի ունի, օրինակ, ՀՀ երկրորդ նախագահ Ռ. Քոչարյանին, ով այս օրերին արդեն իսկ հայտարարել է, որ վերադարձել է ակտիվ քաղաքական դաշտ: «Աստված մի արասցե, որ նախորդ երեք նախագահներից որևէ մեկը կրկին հայտնվի քաղաքական դաշտում: Մենք կարծում ենք, որ այդ երեք անձանց դարաշրջանը պետք է ավարտված համարել: Ես հիմա չեմ ուզում նրանց գործունեությանը գնահատական տալ: Դա կանենք, երբ դրա անհրաժեշտությունը լինի:

Երբ ես ասում եմ քաղաքական ուժերի վերադասավորում, ես նկատի չունեմ որևէ նախկին նախագահի վերադարձ: Խոսքը գաղափարական հենքի վրա ձևավորվելիք միավորների մասին է, ինչի փորձը մենք արդեն ունենք: Եվ քանի որ նախորդ ընտրությունների ժամանակ համոզվեցինք, որ, կարծես թե, ազատվել ենք տարաբնույթ ճնշումներից և այն մթնոլորտից, որը թույլ չէր տալիս կուսակցություններին ազատ մրցակցել, ուստի հիմա կարող ենք ավելի արդյունավետ քայլեր իրականացնել»,ասաց Ա. Սարգսյանը:

Դեմկուսի առաջնորդը նշեց, որ այսօր նաև չորրորդ հանրապետություն ձևավորելու խնդիր կա: Եվ իրենք, լինելով սոցիալական արդարություն հաստատելու սկզբունքի կողմնակիցներ, կարծում են, որ հարկավոր է այդ հիմքերն ամուր, գրագետ դնել և կառուցել այն կարևորագույն սկզբունքները, որոնք անհրաժեշտ են նորմալ երկիր կառուցելու համար: Այդ դեպքում մենք կունենանք գաղափարական մրցակցություն, ոչ թե բոլորը նույն բանը կասեն, բայց արդյունքում ոչինչ էլ չեն անի:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Նյութի աղբյուր՝   Operativ.am  

Կատեգորիա: Գլխավոր էջ | Դիտումներ: 297 | Ավելացրեց: arpinews | - Վարկանիշ -: 0.0/0
x
x