Գլխավոր էջ » 2018 » September » 20 » Ադրբեջանական ֆարս. Ո՞վ է Ռամիլ Սաֆարովի քույրը, և ինչ է տեղի ունեցել Կարապետյանի հետ մարտում Blognews.am
2:29 PM
Ադրբեջանական ֆարս. Ո՞վ է Ռամիլ Սաֆարովի քույրը, և ինչ է տեղի ունեցել Կարապետյանի հետ մարտում Blognews.am

Blognews.am-ը գրում է.   

Խառը մենամարտերի Հայաստանի «Արմֆայթինգ» ֆեդերացիայի պրոֆեսիոնալ մարզուհի Կարինե Կարապետյանը Թբիլիսիի միջազգային մրցաշարի շրջանակում հաղթել էր ադրբեջանցի Ռենա Սաֆարովային։ 

Նշվում էր, որ վերջինս 2004 թվականին Բուդապեշտում քնած ժամանակ հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարած Ռամիլ Սաֆարովի քույրն է։ Կարինե Կարապետյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում հաղթական լուսանկարն էր հրապարակել և մակագրել. «Հաղթանակս նվիրում եմ հայ սպա Գուրգեն Արտուշի Մարգարյանի հիշատակին»։

Բնականաբար, Կարապետյանի հաղթանակը մեծ ոգևորություն է առաջացրել հասարակության շրջանում: Ու մինչ մեր երկրում ցնծությամբ խոսվում է Կարապետյան-Սաֆարովա մենամարտի մասին, ադրբեջանական կողմը փորձում է կասկածի տակ դնել Կարապետյանի հաղթանակը: Մասնավորապես, Սաֆարովան աղմկահարույց հարցազրույց է տվել Vzglyad.az կայքին՝ հայտարարելով, որ ինքը Ռամիլ Սաֆարովի քույրը չէ: «Կարապետյանն իր երկրում հայտարարել է, որ հաղթել է Բուդապեշտում Գուրգեն Մարգարյանին սպանած Ռամիլ Սաֆարովի քրոջը: Կարապետյանն այս կերպ ցանկացել է հերոսանալ: Ես և Ռամիլ Սաֆարովը որևէ ազգակցական կապ չունենք: Պարզապես նույն ազգանունն ունենք: Սաֆարովը Ադրբեջանում տարածված ազգանուն է»,-ասել է Ռենա Սաֆարովան:

Վերջինս հայտարարել է նաև, որ մենամարտը ավարտվել է ոչ թե Կարապետյանի, այլ իր հաղթանակով: «Մենամարտի ավարտից հետո մրցավարը բարձրացեց Կարապետյանի ձեռքը: Այնուհետև ես բողոքարկեցի մրցավարների որոշումը: Մարտի տեսագրությունը դիտելուց հետո մրցավարները հաղթանակը շնորհեցին ինձ: Որպես ապացույց ներկայացնում եմ ոսկե մեդալն ու Թբիլիսիի մրցաշարի պաշտոնական պատվոգիրը: Ես չեմ հասկանում՝ ինչու են հայկական ԶԼՄ-ները և Կարապետյանը խեղաթյուրում փաստերը»,- նշել է Սաֆարովան:

Տեղի ունեցածն աբսուրդային և անտրամաբանական կարելի է համարել: Ըստ էության, ադրբեջանական կողմը դիմել է հերթական ստոր քայլին: Ցավալին, սակայն, այն է, որ Ռենա Սաֆարովան կասկածի տակ է դրել Կարապետյանի հաղթանակը: Ստեղծված իրավիճակում, կարծում ենք, մեր մարզուհին պետք է ավելի հանգամանալից ներկայացնի տեղի ունեցածը:

«Մրցակիցս նախորդ օրը կշեռքի ժամանակ ընկճված տեսք ուներ: Իսկ ռինգ մտնելուց նրա հայացքը պետք էր տեսնել՝ ագրեսիա, թշնամանք… Ես ինձ հանգիստ էի պահում: Ինձ համար ռինգում մրցակցիս ազգությունը սովորաբար նշանակություն չունի, առաջնորդվում եմ մի սկզբունքով՝ առջևդ մրցակից է, և դու պետք է անես ամեն բան հաղթելու համար: Բայց այս անգամ զգացումս մի փոքր այլ էր: Ինքս իմ մեջ նրան ասում էի՝ դու գիտե՞ս, որ քեզ հաղթելու եմ: Ուրախ եմ, որ հաղթեցի հենց ստահակ Սաֆարովի քրոջը, և հաղթանակս նվիրում եմ Գուրգեն Մարգարյանի պայծառ հիշատակին: Այս հաղթանակով ես Ադրբեջանին ասացի, որ քնած մարդուն կացնահարելը տմարդություն է, անպարկեշտություն, որ քնած մարդուն կացնահարելը վաղուց մնացել է միջնադարում, և աշխարհի քաղաքակիրթ ոչ մի երկում ստահակին չեն հերոսացնում: Կռի՞վ ունես՝ դուխ ունեցիր, դուրս արի դեմ դիմաց, նայիր աչքերին ու հաղթիր: Ես իմ ոչ մի մենամարտում չեմ պարտվել: Այս անգամ էլ հաղթեցի՝ աչքերի մեջ նայելով ու արդար խաղի կանոններով»,- aravot.am-ին տված հարցազրույցում ասել էր Կարինե Կարապետյանը:

Ինչևէ, տարիներ շարունակ հայ և ադրբեջանցի մարզիկների միջև հանդիպումները վերածվում են սպորտային պատերազմի: Հասարակության որոշ շերտեր ադրբեջանցի մարզիկի նկատմամբ տարած հաղթանակը վերածում են փառահեղ նվաճման, իսկ ադրբեջանցուց կրած պարտության դեպքում նախընտրում են լռել և ներքուստ ողբերգություն են համարում: Նույնը տեղի է ունենում նաև Ադրբեջանում: Ավելին, ադրբեջանական լրատվամիջոցները շատ դեպքերում նույնիսկ չեն հիշատակում ադրբեջանցի մարզիկի՝ Հայաստանի ներկայացուցչից կրած պարտությունը: Հատկապես ադրբեջանցի լրագրողների համար իրենց մարզիկի՝ հայ մրցակցին հաղթելն ավելի մեծ արժեք ունի, ասենք, աշխարհի չեմպիոնի տիտղոսից:

Սա միանգամայն հիվանդագին մոտեցում է, ինչը ծնում է ֆարսի հասնող գործողություններ: Մենամարտի ընթացքում հստակ երևում է, որ Կարապետյանն ուժեղ է Սաֆարովայից և արժանի հաղթանակ է տանում: Մրցավարների կողմից որոշումը փոխելն էլ ոչ միայն զարմանալի, այլև կասկածելի է թվում: Հասկանալի է, որ հայ-ադրբեջանական ցանկացած մարզական դիմակայություն ավելի քան սկզբունքային է: Բայց դա չի նշանակում, որ այդ դիմակայությունները պետք է դիտել քաղաքական՝ պատերազմի դաշտում: Սպորտի ոլորտում հայ-ադրբեջանական պայքարը եղել է և շարունակվելու է: Ժամանակ է հարկավոր՝ ընկալելու համար, որ հայ-ադրբեջանական հանդիպումները միայն ու միայն մարզական պայքար են: Սկզբունքը՝ սկզբունք, բայց դիմակայությունների շուրջ արհեստական ռեզոնանս ստեղծելը, կարծում ենք, ամենևին էլ պատեհ չէ: 

 

Նյութի աղբյուր՝   Blognews.am  

Կատեգորիա: Լուրեր | Դիտումներ: 476 | Ավելացրեց: arpinews | - Վարկանիշ -: 0.0/0
x
x